«Մենք միայն ուրախ կլինենք, որ ոչ անգրագետ մարդկանցով լի այս նոր կառավարությունը հաջողի». նյարդաբան Սարգիս Աբրահամյանը ընտանիքով տեղափոխվեց Գերմանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին և կոչ արել քաղաքացիներին՝ CV-ներ և մոտիվացիոն նամակներ ուղարկել կառավարություն։

Վարչապետը նշել էր, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով և մոտիվացիոն նամակով իրեն օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց բարձր պրոֆեսիոնալ և մոտիվացված լինելու մեջ:

Մամուլում օրերս հրապարակում եղավ այն մասին, որ 6 հոգանոց «քասթինգի» հանձնաժողովը սկզբում ուսումնասիրում էր դիմումները, CV-ները, ընտրում լավագույններին, ապա հարցազրույց անցկացնում նրանց հետ, բայց դիմորդների 90 տոկոսը, մեղմ ասած, անգրագետ է եղել՝ 4-5 հազար դիմորդից միայն 6-7 հոգի է ընտրվել:

168.am-ի տեղեկություններով կառավարություն CV ուղարկողների և հարցազրույցի հրավիրվողների մեջ է եղել նաև բժիշկ-նյարդաբան Սարգիս Աբրահամյանը:

Հիմա կարճ այն մասին, թե ինչ կրթություն է ստացել Սարգիս Աբրահամյանը: Սարգիսն ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան՝ ստանալով բժշկի որակավորում: Erasmus Mundus ծրագրի շրջանակում երիտասարդ բժիշկն ուսումը շարունակել է աշխարհի լավագույն բժշկական բուհերից մեկում՝ Գերմանիայի Շարիտե համալսարանական կլինիկայի նյարդաբանության բաժանմունքում։ Սարգիսը նաև դարձել է DAAD-ի կրթաթոշակառու՝ մեկ տարի ևս ուսանելով Շարիտեում:

Ավելին, կադրային բանկին դիմել, հարցազրույցի հրավիրվել, իսկ հետո որևէ արձագանք չի ստացել նաև բժշկի կինը՝ էնդոկրինոլոգ Կարինե Մինասյանը. նա ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակալավրիատը և մագիստրատուրան՝ ստանալով բժշկի որակավորում։ Երիտասարդ բժիշկը շարունակում է կրթությունը Մուրացան համալսարանական կլինիկայի էնդոկրինոլոգիական բաժանմունքում՝ որպես կլինիկական օրդինատոր։

Մագիստրատուրայում ուսանելու տարիներին Կարինեն ընդունվում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետ և ավարտում է երկրորդ մասնագիտությունը՝ ստանալով Զավեն Օ. Կոդջայան կրթաթոշակ՝ բարձր առաջադիմության համար։ Այնուհետև ուսումը շարունակում է Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի էնդոկրինոլոգիական բաժանմունքում:

Սարգիսը և Կարինեն այժմ հանդիսանում են Շարիտե համալսարանական կլինիկայի ասպիրանտներ:

168.am-ն այս ամենի հետ կապված զրուցել է բժշկի հետ.

– Սարգիս, կադրային բանկին ձեր CV-ն ուղարկելուց հետո Դուք հրավիրվել էիք հարցազրույցի, կասե՞ք՝ ինչ եղավ այն ժամանակ, և արդյո՞ք ձեր «անգրագիտության» պատճառով չհաղթահարեցիք այդ քասթինգը:

– Այո, իրավացի եք, Հայաստանում առկա փոփոխություններից հետո հանուն հզոր հայրենիքի գաղափարի՝ պատրաստ էինք հրաժարվել արտերկրում ունեցած բավականին խոստումնալից ապագայից, վերադառնալ Հայաստան և մեր գիտելիքներով, արտերկրում ձեռք բերված կապերով նպաստել հզոր պետության կերտմանը։ Այդ իսկ պաճառով, ուղարկել էինք մեր կենսագրականները և հրավիրվել հարցազրույցի։ Հաղթահարելով այդ փուլը ՝ փաստացի ընդգրկվեցինք վարչապետի կողմից ձևավորված կադրային բանկում և մի քանի ամիս անց հրավիրվեցինք Առողջապահության նախարարություն։

Սակայն ստացվեց այնպես, որ մենք չէինք համապատասխանում նոր կառավարության սահմանած բավականին բարձր չափանիշներին և այդ գործընթացը փաստացի նախարարության աշխատակցի կողմից կասեցվեց։

Այդ ամենից հետո մենք էլեկտրոնային նամակով դիմեցինք ՀՀ վարչապետին և իր իսկ կողմից ձևավորված խորհրդատվական խմբի անդամներին՝ դրանով իսկ ցանկանալով տեղյակ պահել, որ դեռևս գործում է նախկին համակարգերի կողմից ձևավորված «թայֆայական» գործելակերպը։ Ի զարմանս մեզ՝ ամիսներ շարունակ չստացանք որևէ հետադարձ պատասխան կառավարությունից, և որոշակի ժամանակ անց մեզ համար պարզ դարձավ, որ կադրային բանկը հերթական գեղեցիկ մտքերից մեկն էր։

Միգուցե մեր կրթական մակարդակը չի համապատասխանում նոր կառավարության սահմանած չափանիշներին, սակայն մենք միայն ուրախ կլինենք, որ ոչ անգրագետ մարդկանցով լի այս նոր կառավարությունը հաջողի։

– Մեր հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ աշխատանքի առաջարկներ ունեք Գերմանիայի առաջատար կլինիկաներից, պատրաստվո՞ւմ եք ընդունել այդ առաջարկները:

– Գերմանական առաջատար կլինիկաներից միշտ ունեցել եմ և ունեմ առաջարկներ։ Իրականում, իմ ցանկությունն ու նպատակը միշտ եղել է ստանալ հնարավորություն և իմ ունեցած մասնագիտական գիտելիքներով, արտերկրում ձեռք բերած կապերով օգտակար լինել մեր հայրենիքին։

Կարծում էի՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները լավագույն պատմական հնարավորություններից էին՝ հայկական ներուժն համախմբելու և օգտագործելու՝ հզոր պետության կերտման նպատակով։ Սակայն, հակառակ դրան տեղի է ունենում հասարակության բաժանում և նախկին համակարգերի «թայֆայական» մոդելի կրկնօրինակում։

Որոշումս արդեն կայացրել եմ, մեկնում եմ Գերմանիա, և կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է գտնվի այնտեղ, որտեղ կա իր ներկայության անհրաժեշտությունը։ Հուսով եմ այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են՝ ըմբռնումով կմոտենան իմ այս որոշմանը։

Ի դեպ, կադրային բանկում ընդգրկվելու նպատակով իրենց կենսագրականները ուղարկած քաղաքացիները, որոնք մեզ հետ տվյալ օրը կառավարությունում էին, իմ կարծիքով՝ բավականին արժանի թեկնածուներ էին և կարող էին նպաստել երկրի զարգացմանը։

Տեսանյութեր

Լրահոս