«Բովանդակությունը բավականին կոշտ էր, հռետորաբանությունը՝ զուսպ». Քաղտեխնոլոգը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին։ Հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է տավուշյան դեպքերին, Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացին, ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, կորոնավիրուսային իրավիճակին, երկրի արտաքին քաղաքականությանը և այլ հարցերի։

Խոսելով իշխանությունների գործելաոճի մասին, Ռ. Քոչարյանը նշել է, թե բոլորը հասկանում են, որ վիճակը գնալով վատանում է, բոլորն ընդունում են, որ իշխանությունը պետք է փոխվի, բոլորը հասկանում են, որ իրենք իրենց ոտքով չեն գնալու, և իշխանությունը փոխելու ճանապարհը հանրային զանգվածային ճնշումները կարող են լինել:

«Օրակարգը ձևավորված է, մնում է լուրջ աշխատանքով կազմակերպել այս գործը։ Եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, լրջագույն պրոբլեմներ է ունենալու։ Երկու տարում ո՞ւր են հասցրել երկիրը, հիմա ևս երեք տարի սպասենք, տեսնենք՝ ընդհանրապես ինչ վիճակում կարող ենք հայտնվե՞լ։ Դա չի նշանակում, որ անպայման լինելու է արտահերթ իշխանափոխություն»,- հայտարարել է Երկրորդ նախագահը։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ երկիրն այսօր ուժեղ ընդդիմության կարիք ունի:

«Իշխող ուժը չի հասկացել, որ շատ ուժեղ և լուրջ ընդդիմության կարիք ունի։ Ինչքան իրենք թուլացնեն այս ընդդիմությունը, այնքան իրենք լինելու են ոչ արդյունավետ։ Երկիրն այսօր ուժեղ ընդդիմության կարիք ունի։ Այս տուգանելու, մարդկանց ահաբեկելու, թեկուզ միայնակ բողոքի ցույց անելու արգելքները գալիս են նրանից, որ իշխանությունը տեսնում է, որ իրավիճակը վատանում է, և փորձում է էն գլխից թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ այս արտակարգ դրությունն ինչի՞ համար է։ Այդ քաղաքական հնարավոր գործընթացը կանխելո՞ւ, թե՞ համաճարակի դեմ պայքարի համար է։ Քանի որ իրենք սկսել են 10-11 հոգով քայլելուց, իրենք մտածում են, որ, եթե մեկ մարդ պաստառով, քաղաքական պահանջով դուրս գա, կարող է վաղը դառնան 10, մյուս օրը՝ 100, 1000։ Ես կարծում եմ՝ ներքին մոտիվացիան հենց սա է՝ թույլ չտալ որևէ քաղաքական զարգացում, որը կարող է լայնածավալ մասշտաբներ ունենալ»,- ասել է նա։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում իրավիճակի վերլուծություն էր անում և դիտարկում հնարավոր սցենարները, հետևաբար՝ արտահերթ իշխանափոխության վերաբերյալ նրա հայտարարության հիմնական գաղափարն այն էր, որ, եթե ժողովուրդը լուրջ հուսախաբություն ունենա և իրավիճակն ավելի վատանա (քանի որ կառավարման մակարդակը բավականին ցածր է), ապա արտահերթ իշխանափոխությունն անխուսափելի կլինի։

«Ըստ էության Ռոբերտ Քոչարյանը երկու պայման էր ասում, նախ՝ եթե կառավարումն այս մակարդակի վրա մնա, այսինքն՝ լինի ոչ արդյունավետ, և ընդդիմությունը հաջողի՝ կազմավորվի, միավորվի, ապա չի բացառվում, որ այդ պարագայում նույն մեթոդներով, որով ներկայիս իշխանությունները եկել են իշխանության՝ հեռացվեն։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է այն նախապայմանները, որոնց պարագայում տրամաբանական կլինի, որ ժողովուրդը փողոց փակելով փորձի հեռացնել նաև ներկայիս իշխանությանը»,- 168.amի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության մասին Ռոբերտ Քոչարյանի հայտնած մտքին և հարցին, թե այդ հայտարարությունն արդյո՞ք ակնարկ էր, որ հենց ինքը կարող է լինել ներկայիս իշխանություններին ուժեղ ընդդիմադիրը, Վիգեն Հակոբյանը պատասխանեց, որ դա ինչ-որ տեղ մեսիջ էր հասարակությանը, որ ինքը պատրաստ է դերակատարում ունենալ քաղաքական դաշտում՝ բնականաբար, ընդդիմադիր դաշտում։ Նաև դրանով ակնարկեց, որ ամեն դեպքում կարող է լինել ուժեղ ընդդիմություն։

«Այլ հարց է, թե որքանով է ցանկացած իշխանության ձեռնտու ունենալ ուժեղ ընդդիմություն, սա քաղաքական աքսիոմ է։ Ինքս դեռևս աշխարհում չեմ տեսել որևէ իշխանություն, որը երազում է, որ իր ընդդիմությունն ուժեղ լինի։ Ցանկացած դեպքում օրվա իշխանությունը միշտ փորձում է թուլացնել օրվա ընդդիմությանը։

Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության ժամանակ ամեն ինչ անում էր, որպեսզի ընդդիմությունն ուժեղ լիներ։ Ամփոփելով ասեմ՝ առաջին մասով Ռոբերտ Քոչարյանն արեց այդ ակնարկը, որ կարող է լինել ուժեղ ընդդիմություն, թեպետ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա մտել է քաղաքական դաշտ և ուզում է լինել այդ ընդդիմությունը, սակայն վստահ չեմ, որ անձամբ է ուզում գալ իշխանության։

Քաղաքական ուժը, որը նա կարող է ղեկավարել, հնարավոր է այստեղ մեծ դերակատարում ունենալ»,- հավելեց Վիգեն Հակոբյանը։

Անդրադառնալով հարցազրույցի ընդհանուր շեշտադրումներին՝ Վիգեն Հակոբյանը նկատեց. «Կարծում եմ՝ հարցազրույցի բովանդակությունը բավականին կոշտ էր, հռետորաբանությունը՝ զուսպ»։

Տեսանյութեր

Լրահոս