«Եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, լրջագույն պրոբլեմներ է ունենալու»․ Ռոբերտ Քոչարյան
«Նախագահական ժամկետի ավարտից հետո ես որոշել եմ, որ գնում եմ։ Իհարկե, չէի սպասում նման կարգի զարգացումների։ Իմ պարտքն էի համարում արձագանքել այն հարցերին, որոնց հետ համաձայն չէի և որոնք ունեին լայն հանրային հնչեղոություն։ Այդ հարցերի վերաբերյալ պարբերաբար հարցազրույցներ էի տալիս, մնացածն ինձ չէր հետաքրքրում։ Ես համարել եմ, որ իմ առաքելությունը կատարել եմ։ Փորձել ենք իմ գրասենյակի միջոցով հերքել զրպարտություն պարունակող տեղեկատվություն, բայց հետո հասկացանք, որ ինտերնետի դարում դրանով պետք է զբաղվել ամեն օր կամ ընդհանրապես չզբաղվել։ Ես շատ ավելի հետաքրքիր կյանք վարելու ցանկություն ունեի, քան արդարանալու»,-երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Հայաստանում վարվող քաղաքականության պայմաններում եթե չլիներ էլ իր նկատմամաբ քրեական գործը, ինքը վերադառնալու էր․ «Հարցը քրեական գործը չէ, հարցը այն վարվող քաղաքականությունն է, որը վտանգում է երկրի գոյությունն ընդհանրապես, և Արցախի գոյությունը։ Այս քաղաքականության պարագայում չլիներ իմ նկատմամբ քրեական հետապնդումը, մեկ է, ես պետք է վերադառնայի քաղաքականություն։ Եթե այդ վտանգները չլինեին, եթե քաղաքականությունն այսպիսի տատանումներ չունենար, միգուցե, այո։ Բայց ես չեմ համարում, որ նախկին նախագահը, տեսնելով իրական վտանգները երկրի համար, հատկապես՝ իմ կենսագրությունն ունեցող նախագահը, կարող է անտարբեր մնալ, որևէ կերպ չարձագանքել կամ չփորձել ինչ-որ բան փոխել»։
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերի հայտարարությունները նմանատիպ են․ «Բոլորը հասկանում են, որ վիճակը գնալով վատանում է, բոլորն ընդունում են, որ իշխանությունը պետք է փոխվի, բոլորը հասկանում են, որ իրենք իրենց ոտքով չեն գնալու և իշխանությունը փոխելու ճանապարհը հանրային զանգվածային ճնշումները կարող են լինել։ Օրակարգը ձևավորված է, մնում է լուրջ աշխատանքով կազմակերպել այս գործը։ Եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, լրջագույն պրոբլեմներ է ունենալու։ Երկու տարում ո՞ւր են հասցրել երկիրը, հիմա ևս երեք տարի սպասենք, տեսնենք՝ ընդհանրապես ինչ վիճակում կարող ենք հայտնվե՞լ։ Դա չի նշանակում, որ անպայման լինելու է արտահերթ իշխանափոխություն»։
Երկրորդ նախագահի տպավորությամբ՝ այսօր հնարավոր բոլոր սցենարները սեղանի վրա են․ «Մեր ժողովուրդը սովորել է, որ կարող է նաև փողոց փակելով իշխանություն փոխել։ Իսկ ինչո՞ւ եք մտածում, թե այդ նույն ժողովուրդն այս տուգանքներից, համավարակից, տնտեսական պրոբլեմներից չի կարող ևս որոշել, որ նույն ճանապարհով կարող է ևս մեկ անգամ իշխանություն փոխել, ինչո՞ւ եք բացառում այդ տարբերակը։ Ես կարծում եմ՝ այս հնարավորությունն ավելի մեծ է»։