«Իշխանությունը տեսնում է, որ իրավիճակը վատանում է, և փորձում է էն գլխից թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն»․ Ռոբերտ Քոչարյան
«Այսպիսի ինտենսիվությամբ ընդերքը Հայաստանում երբեք չի շահագործվել։ Մեզ խոստացել են ճիշտ հակառակը, որ ավելի գիտատար, ավելի բարձր ավելացված արժեքներ ստեղծող ոլորտներ պետք է զարգանան։ Ի՞նչ ունենք․ ունենք անխնա ընդերքի շահագործում»,-երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ այսօր մենաշնորհները Հայաստանում միայն ավելացել են․ «Փոքր ու միջին բիզնեսն այսօր ուղղակի ազատ անկման մեջ է՝ համատարած փակվում են։ Համաճարակի հետ կապված պայքարն ուղղակի ձախողվել է։ Հիմա, ո՞ր խոստումն են կատարել։ Կառուպցիայի դեմ պայքարի մասին խոսեցինք, որ ուղղակի կոռուպցիայի ձևն է փոխվել՝ պետք չէ բյուջեից գումարներ գողանալու համար ինչ-որ բարդ սխեմաներ մտածել, կարելի է ուղղակի պարգևավճարների ձևով բյուջեն մսխել»։
Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ պետական ծառայության համակարգն ուղղակի զրոյացել է․ «Երբ որևէ էական փոփոխություն չկա երկրում, երբ խոստումները չեն կատարվում, սա ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ՝ տվյալ քաղաքական ուժի համար։ Ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել, ուղղակի խնդիրն այն է, թե ընդդիմությունը կկարողանա՞ համոզել հասարակությանը, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել»։
Ըստ նրա՝ իշխող ուժը չի հասկացել, որ շատ ուժեղ և լուրջ ընդդիմության կարիք ունի․ «Ինչքան իրենք թուլացնեն այս ընդդիմությունը, այնքան իրենք լինելու են ոչ արդյունավետ։ Երկիրն այսօր ուժեղ ընդդիմության կարիք ունի։ Այս տուգանելու, մարդկանց ահաբեկելու, թեկուզ միայնակ բողոքի ցույց անելու արգելքները գալիս են նրանից, որ իշխանությունը տեսնում է, որ իրավիճակը վատանում է և փորձում է էն գլխից թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ այս արտակարգ դրությունն ինչի՞ համար է։ Այդ քաղաքական հնարավոր գործընթացը կանխելո՞ւ, թե համաճարակի դեմ պայքարի համար է։ Քանի որ իրենք սկսել ենք 10-11 հոգով քայլելուց, իրենք մտածում են, որ եթե մեկ մարդ պաստառով, քաղաքական պահանջով դուրս գա, կարող է վաղը դառնան 10, մյուս օրը՝ 100, 1000։ Ես կարծում եմ՝ ներքին մոտիվացիան հենց սա է՝ թույլ չտալ որևէ քաղաքական զարգացում, որը կարող է լայնածավալ մասշտաբներ ունենալ»։