«Սա է Արցախի հարցի լուծման բանաձևը»․ Ռոբերտ Քոչարյան
«88 թվից ի վեր մենք Արցախի հարցի կարգավորումը դիտում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա։ Սա է Արցախի հարցի լուծման բանաձևը»,- երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով՝ այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է այս հարցը բերել պետությունների տարածքային ամբողջականության դաշտ, որն, ըստ նրա՝ մեզ համար անբարենպաստ դաշտ է։
«Այս դաշտում, այս սկզբունքի շրջանակներում հարցը ուղղակի մեզ համար բարենպաստ լուծում չունի։ Եվ իմ մտահոգությունը և այդ թելը կտրելը կապված է նրա հետ, որ տպավորությունս այնպիսինն է, որ հիմա ոնց որ հասկանալի չէ, թե հարցի կարգավորումը Հայաստանի այսօրվա իշխանությունը ինչ սկզբունքների վրա է տեսնում։ Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», որովհետև փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում։ Եվ երբ սրա հետ զուգահեռ ասվում է, որ պետք է լուծում, որը կբավարարի կոնֆլիտի բոլոր կողմերին, ես փորձում եմ հասկանալ, թե ինչպե՞ս ենք մենք համատեղում «Արցախը Հայաստան է, և վերջ» բանաձևը այն լուծման տարբերակի հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին։ Եվ խնդիրը սրա մեջ է»։
Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ այդ առաջ քաշված բանաձևերով կամ պետք է Արցախը հրաժարվի անկախության գաղափարից, կամ Ադրբեջանը պետք է համաձայնվի Արցախի անկախության հետ․ «Ես ոչ Ադրբեջանում եմ տեսնում այդպիսի մտադրություն, ոչ՝ Արցախում։ Մենք հնարավորություն ենք տալիս համանախագահներին իմպրովիզացիայի լայն միջանցք ունենալ՝ այս հարցի կարգավորման վերաբերյալ։ Ի դեպ, պատահական չէ, որ վերակենդանացվեց ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հանգամանքը այսօր, և պատահական չէ, որ Հայաստանի նոր անվտանգության ռազմավարության մեջ չկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդ բառերը, այլ կա ազգաբնակչություն։ Սա բավական հետաքրքիր ձևով կապվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի վերակենդանանալու հանգամանքին։ Սա պատահականությո՞ւն է, թե՞ ոչ։ Միգուցե, պատահականություն է, բայց շատ մտահոգիչ է»։
Անդրադառնալով բանակցային գործընթացին, նա ասաց, որ այս ընթացքում ունեցել ենք ժամերով տևող բանակցություններ, որոնք, հետո պարզվել է, որ բանակցություններ չեն․«Վտանգավոր է, երբ մարդիկ չեն հասկանում հարցի կարգավորման էությունը, բայց զբաղվում են այդ հարցով»։
Նա ընդգծեց՝ պետք է կարդալ ԼՂՀ անկախության հռչակագիրը, և ըստ նրա բոլոր քայլերը բանակցային գործընթացում պետք է բխեն այդ հռչակագրից․ «Ղարաբաղի Հանրապետության ձևվորման իրավական հիմքերն անխոցելի են։ Ամեն ինչի համար հիմք է պետք, եթե դրանք չկան, կամ եթե օրական նոր հիմք ես գտնում, մտավարժանքների արդյունքում փորձում ես օրիգինալ բաներ ասել, որոնք հարցի լուծման հետ աղերսներ չունեն, դրա հետևանքները լավ չեն լինում»։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ բանակցային գործընթացը դեռ կարելի է հետ բերել․ «Չեմ կարծում, որ հնարավոր է հետ բերել՝ առանց կորուստների, բայց հնարավոր է։ Ամենից վտանգավորն այս պահին՝ ասել, որ այլևս հնարավոր չէ հետդարձը և ստիպված պետք է շարունակել այն ճանապարհով, որով այսօր գնում ենք։ Իմ տպավորությամբ՝ իշխանություններն սկսել են հասկանալ ինչ-որ բաներ, Տավուշի դեպքերից հետո վերջին արձագանքները ցույց են տալիս, որ սկսել են ինչ-որ բան հասկանալ, հասկանալ, որ ինչ-որ բան այն չեն անում»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բանակցությունները դադարեցնելու մտադրության վերաբերյալ հայտարարությանը, ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ դա չպետք է ողերգություն համարել․«Իհարկե, բանակցություններն ավելի լավ են, քան ցանկացած պատերազմ, բայց շանտաժի ենթարկվել չի կարելի: Սա այն դեպքն է, որ Պետք է սկզբունքայնություն դրսևորի՝ նույնիսկ ռիսկեր ունենալու պարագայում։ Այո, ռիսկեր կան, բայց մենք 88 թվից միշտ գնացել ենք ռիսկի և հաջողել ենք: Չեն ուզում բանակցել, ուրեմն՝ չեն բանակցում: Երբ իրենք հասկանան, որ բանակցություններին այլընտրանք չկա, դրանք բնականոն ձևով կվերականգնվեն»: