«Գործազուրկների թիվը, իմ հաշվարկով` առնվազն 80.000–ով կավելանա․ երբ ճանապարհները բացեն՝ արտագաղթը կուժեղանա». Գագիկ Մակարյան
Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ համավարակի պայմաններում Կառավարությունը պետք է իրականացնի մի շարք քայլեր, որպեսզի կարողանա կայուն պահել տնտեսությունը կամ արդեն վնասներ կրած տնտեսությունը կարողանա վերականգնել։
Ըստ տնտեսագետի, նախ՝ պետք է ուսումնասիրել ու հասկանալ, թե կորոնավիրուսի պայմաններում տնտեսության ո՛ր ճյուղերն են ամուր կանգնած, և այդ ճյուղերը որքանո՛վ են կարողանալու համախառն ներքին արդյունքի և ընդհանուր առևտրաշրջանառության մեջ լոկոմոտիվի դերը պահել, այնուհետև տեսնել, թե տնտեսության ո՛ր ճյուղերն են վնասվել, որո՛նք են առավել կարևոր, ունեն մուլտիպլիկատիվ նշանակություն։ Հաջորդիվ, ըստ նրա՝ պետք է հաշվարկել ու հասկանալ, թե Հայաստանում այսօր միջին աշխատավարձը որքան է կազմում, քանի որ ժողովրդի գնողականությունը պետք է գնահատել, հասկանալ աղքատության ցուցանիշները, նաև, թե տնտեսության մեջ որքան փող է ծախսվում։
«Եթե իմ նշած քայլերը չիրականացվեն, և գործատուներին այս պայմաններում թողնեն խնդիրների հետ միայնակ, ապա կլինի գործազրկության մեծ ավելացում։ Եթե մենք 2018 թվականի պաշտոնական թվերով ունենք 245.000 գործազուրկ, իմ հաշվարկով՝ առնվազն 80.000 կավելանա, բավականին կավելանա և կխորանա աղքատությունը։ Նաև, երբ ճանապարհները բացեն՝ կուժեղանա արտագաղթը։ Տնտեսության ճյուղերի մի մասը տապալվել է, այդ քայլեր չձեռնարկելու դեպքում այդ գործընթացն ավելի կխորանա և դրա վերականգնելը կբարդանա։ Մարզերում կավելանա դժգոհությունը։ Երբ ստեղծվում է այսպիսի կիսաքաոսային վիճակ, և որևէ մեկը չի տեսնում, որ կա կառավարում, ամեն մեկն անում է այն՝ ինչ պատկերացնում է, ինչն էլ բերում է քաոսի խորացման, և որը բավականին վնաս կտա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը։
Նա վստահ է, որ աշխարհում տնտեսությունների վերադասավորումների պատճառով բավականին կփոխվեն երկրների միջև տնտեսական հարաբերությունները։
Պատճառն այն է, որ երկրներն իրենց տնտեսական հարաբերությունները պետք է վերանայեն, շատ երկրներ, որոնք Հայաստանի հետ չէին աշխատում՝ հնարավոր է՝ սկսեն աշխատել՝ կախված այն բանից, թե նրանք ինչի կարիք ունեն։ Կարող է լինել նաև հակառակը, ուստի, տնտեսագետի կարծիքով՝ այստեղ պետք է աշխատի Հայաստանի դիվանագիտությունը, որպեսզի երկիրը կարողանա ապահովել իր դիվերսիֆիկացիան։
«Օրինակ՝ մենք Ռուսաստանի հետ շատ ենք փոխկապակցված նրանով, որ արտաքին առևտուրը գրեթե առաջին տեղով բաժին է ընկնում Ռուսաստանին։ Սրանից զատ, Ռուսաստանն ունի նաև երկրորդ կարևոր դերակատարությունը՝ տրանսֆերտների 54 տոկոսը Հայաստան է գալիս այդ երկրից։ Հիմա, եթե տրանսֆերտները Ռուսաստանից պակասեն, քանի որ հայերը չեն գնացել աշխատելու, սա բերելու է նրան, որ այդ երկիրը երկակի ձևով կարող է մեզ հարվածել։ Այսինքն՝ ոչ թե դիտավորյալ, այլ ուղղակի հարվածը կունենա երկու ուղղություն՝ տրանսֆերտները, որը գնողականության անկման մուլտիպլիկատիվ էֆեկտ է, մյուսը՝ արտաքին առևտրի նվազում։ Հիմա, երբ որոշ մարդիկ ուրախանում են, թե Ռուսաստանը թող թուլանա, խորտակվի՝ հաշվի չեն առնում, որ այստեղ խնդիրը կամ շահը միայն քաղաքական չէ։
Քաղաքական հարցերում հնարավոր է՝ մարդիկ ինչ-որ դժգոհություններ ունենան, բայց տնտեսական առումով Ռուսաստանի տապալումը Հայաստանին ձեռնտու չէ, որովհետև մենք չունենք այլընտրանք։ Այ, եթե վաղը մենք մի երկիր կավելացնենք ու Ռուսաստանի հետ առևտրի տեսանկյունից կկարողանանք արտաքին առևտուրը կազմակերպել, այդ ժամանակ կարող են երկար լեզվով խոսել։ Բայց քանի դեռ նման բան չկա, պետք է աչալուրջ լինել և հետևել Ռուսաստանի տնտեսության վիճակին։ Որքան Ռուսաստանում տնտեսության վիճակը լավանա, մենք այնքան պետք է ուրախ լինենք, որովհետև մեր ապրանքն ավելի շատ կառնի, արտահանումն ու ներմուծումն ավելի կայուն կլինի։ Ես տեսնում, որ այս գնահատականները պատկան մարմինների կողմից չեն կատարվել»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։