Բաժիններ՝

««Իրազեկ քաղաքացիների միավորումը» պայքարելու է Արցախում հեռահաղորդակցության թափանցիկության համար». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Իրազեկ քաղաքացիների միավորումը» պայքարելու է Արցախում հեռահաղորդակցության թափանցիկության համար

Արցախում հեռախոսի և, առավելևս, ինտերնետի գները շատ թանկ են, իսկ որակը՝ սարսափելի: Երբ փորձում ենք հասկանալ, թե ինչու է այդպես, պարզվում է, որ ամենը «գաղտնի» է: Քանի դեռ Հայաստանում հանրային ծառայությունների բոլոր գների հիմքում ընկած ծախսերը հրապարակային են, Արցախում դրանք գաղտնի են ու շատ «անհասկանալի» (սարսափելի թանկ):

Երբ փորձում ենք հասկանալ, թե ինչու է գաղտնի՝ պարզվում է, որ դրա տակ էլ գաղտնի իրավակարգավորումներ են:

Ոլորտը կարգավորող «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ԱՀ օրենքը սահմանում է, որ եթե լիցենզիայի և օրենքի միջև հակասություն կա, ապա գործում են լիցենզիայի նորմերը: Բայց «Ղ-Տելեկոմ»-ին տրված լիցենզիան, իր հերթին, ևս գաղտնի է:

Այսինքն, ըստ էության, Արցախում կա օրենքից բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ (այո, դա հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածին), որը գաղտնի է:

Ավելին, գաղտնի է նաև Արցախի Կառավարության և «Ղ-Տելեկոմի» միջև 2001 թվականին կնքված պայմանագիրը, որով այդ կազմակերպությանը 30 տարվա մենաշնորհ է տրվել (դա էլ, իր հերթին, հակասում է սահմանադրության 11-րդ հոդվածին):

Մի խոսքով, մենք այս ամենի դեմ պայքարելու ենք: Վստահ եմ, որ հենց գաղտնիությունը վերանա՝ բոլորս կտեսնենք, որ սակագները կարգին ուռճացված էին և կհասնենք դրանց նվազեցմանը:

Առաջին հերթին մենք դատական կարգով բողոքարկելու ենք այս գաղտնիությունը և շուտով արդեն հայցադիմումներ կներկայացնենք Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող և տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դեմ, ինչպես նաև Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարության դեմ:

Քանի որ այս գաղտնիությունները հակասում են ժողովրդավարական սկզբունքներին և Արցախի Հանրապետության՝ միակողմանի վավերացրած կոնվենցիաներին, մենք նաև հարցը բարձրացնելու ենք միջազգային ատյաններում… Այո, Արցախը պետություն է և միջազգային մարմիններում պետք է խոսել Արցախի թե առավելությունների և, թե թերությունների մասին (թող ընտելանան, որ Ղարաբաղը ոչ թե հակամարտություն է, այլ պետություն):

Հաջորդ որոշ քայլերը չգրեմ՝ թող անակնկալ լինեն Արցախի իշխանությունների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս