Երբ Արարատի մարզպետի կամքը գերակա է. Նորամարգի դպրոցի տապալված ընտրության առեղծվածը
Արարատի մարզի Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Միջնակարգ դպրոցում հուլիսի 17-ին նշանակված էր տնօրենի թափուր տեղի մրցույթ, որին մասնակցում էր 3 թեկնածու՝ նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը, Գևորգ Մինասյանը՝ Մասիս քաղաքից, և Գոհար Սահակյանը՝ Այնթապից: Սակայն մրցույթը, ինչպես նորամարգցիներն են ասում, տապալվել է՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի թեթև ձեռքով:
«Մրցույթից առաջ լուրեր էին պտտվում, որ մարզպետը փորձում է մրցույթը տապալի, քանի որ տնօրենի նշանակման կարգի մեջ կա կետ, որ, եթե խորհուրդը, որը բաղկացած է 8 հոգուց և իրավազոր է ընտրելու տնօրեն, մրցույթի օրը իրավազոր չի լինում, այսինքն՝ 3 բացակա է ունենում, կամ նախարարության ներկայացուցիչը չի ներկայանում, մրցույթը չի կայանում, և 2 անգամ չկայանալուց հետո հավակնորդների անձնական գործերն ուղարկվում են փոխվարչապետին, և փոխվարչապետն ինքն է նշանակում դպրոցի տնօրեն՝ մարզպետի հետ համաձայնությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի արդեն նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը:
Առաջին մրցույթը տապալվել էր, քանի որ նախարարության ներկայացուցիչը չէր ներկայացել:
«Քանի որ մենք մտավախություն ունեինք, անընդհատ զանգում էինք նախարարություն, համապատասխան գրություն էինք ուղարկել, այսինքն՝ ինչ որ հասնում է դպրոցին և խորհրդի նախագահին՝ օրենքի բոլոր կետերով կատարվել է: Բազմիցս զանգել ենք նախարարություն, որպեսզի իմանանք՝ ով է ներկայացուցիչը, որովհետև գիտեինք, որ ներկայացուցիչն անպայման պետք է դիտորդի կարգավիճակով ներկա լինի, որ մրցույթը կայանա: Ներկայացուցիչը չեկավ մրցույթին, մրցույթը 3 բացակա ունեցավ: Խորհրդի կազմում մարզպետարանի 2 ներկայացուցիչները և համայնքապետարանի ներկայացուցիչը, որը նորից մարզպետի ենթակայության տակ է, չեկան: Բացի այդ, խորհրդի մյուս անդամին, որը ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն է խորհրդի կազմում, իրեն մարզպետը առաջին մրցույթի ժամանակ՝ մրցույթի ժամին՝ 12:30-ին (13:00-ին սկսվում էր մրցույթը) կանչում է իր մոտ: Այսինքն՝ միտումնավոր փորձում են տապալել, որ մրցույթը չկայանա»,- հավելեց Ծովինար Գալստյանը:
Ծովինար Գալստյանին, որը 16 տարի աշխատում է Նորամարգի դպրոցում, սատարում է համայնքը, կոլեկտիվը, աշակերտներն ու նրանց ծնողները: Նրանք անգամ նախորդ օրերին բողոքի ակցիաներ են իրականացրել, սակայն՝ ապարդյուն: Մարզպետարանում ակցիայի մասնակիցներին հավաստիացրել են, որ խորհրդի անդամները ֆիզիկական անձինք են, գուցե ինչ-որ բան չի ստացվել, չեն եկել, ու, որ որևէ միտում չկա:
5 աշխատանքային օր հետո՝ հուլիսի 23-ին, ժամը 12-ին 2-րդ մրցույթի օրն է նշանակվում, որը նորից տապալվում է:
«Այս անգամ նախարարության դիտորդը եկավ, խորհրդի կազմի 5 անդամը եկան, նորից մարզպետարանի ներկայացուցիչները և համայնքապետարանի ներկայացուցիչը չեկավ, քվորում չապահովեցինք, ու տապալեցին մրցույթը, որպեսզի գնա նշանակման: Նորից բարձրացավ բողոքի ակցիա, ծնողներն ու մանկավարժները գնացին կառավարության շենք, ամեն կերպ փորձում էինք հասցնեինք պատկան մարմիններին այն փաստը, որ մրցույթը միտումնավոր, անարդարացիորեն տապալվել է, որովհետև մարզպետն իր թեկնածուն ունի և փորձում է իր թեկնածուին 2-3 ձայնով բերի, մտցնի դպրոց, գյուղ, որոնք ընդհանրապես կապ չունեն գյուղի հետ, ապրում են այլ համայնքներում»,- 168.am-ին ասաց Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը:
Ծովինար Գալստյանի խոսքով՝ սկզբում լուրեր էին շրջանառվում, թե մարզպետի սրտի թեկնածուն Գևորգ Մինասյանն է: Սակայն մրցույթին մասնակցելու վերջնաժամկետից 15 րոպե առաջ հայտնվել է տնօրենի թափուր հաստիքի համար առաջադրված մյուս թեկնածուն՝ Գոհար Սահակյանը, որի՝ մրցույթին մասնակցելու ու հայտագրվելու համար Արարատի մարզպետարանը ոչինչ չի խնայել:
«Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝ Լիլիթ Միրզախանյանը, որը նաև հանդիսանում է խորհրդի անդամ՝ մարզպետի կողմից նշանակված, լիազորված անձ, ինքը շատ շահագրգռված անընդհատ զանգում է ու խորհրդի քարտուղարուհուն սաստում է՝ «անպայման հասցրեք, վերցրեք էդ կնոջ գործերը, որպեսզի ինքը մասնակցի, որ հանկարծ եթե չհասցնեք, կբողոքենք, և այլն»»,- մեզ փոխանցեց Ծովինար Գալստյանը՝ հավելելով, թե այս ամենից հետո կոնկրետ չի կարող ասել, թե ով է մարզպետարանի ու մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուն:
Սակայն դպրոցի շուրջ ընթացող գործընթացների «մարազմն» այսքանով չի ավարտվել: Դպրոցի տնօրենի թափուր հաստիքի մրցույթի երկու փուլերի տապալումից հետո Արարատի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում տարածում է պարզաբանում՝ Նորամարգ համայնքի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի մրցույթի շուրջ առաջացած լարվածության վերաբերյալ, թե «դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված 23.07.2020թ. մրցույթին մեր կողմից նշանակված դպրոցի խորհրդի անդամների չներկայանալով՝ արտահայտում ենք մեր դիրքորոշումը»:
Պարզաբանման մեջ նշված է, թե իրենց դիտարկմամբ՝ դպրոցի խորհրդի կազմում ընդգրկված ծնողական ու ուսուցչական խորհուրդների անդամներն անկախ չեն, ուստի մրցույթը չի կարող օբյեկտիվ ու անաչառ լինել: Մարզպետարանի պարզաբանմանը զուգահեռ՝ կցված են նաև դպրոցի ուսուցիչներից ու ծնողներից մի քանիսի հեռախոսային խոսակցությունները՝ առանց վերջինների համաձայնության:
«Մարդիկ որ նայում են այդ տեքստը, մտածում են՝ «ո՞նց կարա այդ մարմինը այդպիսի հայտարարություն անի, այն մարմինը, որը պետք է պահպանի օրենքը, պիտի թույլ չտա, որ խախտումներ լինեն: Դեռ ավելին, գաղտազերծում են ծնողների, ուսուցիչների խոսակցություններ, ձայնագրություններ, ու առանց հարցնելու, մարդկանց իրավունքը ոտնահարելով, հրապարակում են կայքում»,- պատմում էր Ծովինար Գալստյանը:
Նրա խոսքով՝ իր, համայնքի, ծնողների, կոլեկտիվի միակ պահանջն այն էր, որ թողնեն, որպեսզի մրցույթը կայանա օրենքի սահմաններում, որովհետև մրցույթի ժամանակ հավակնորդները պետք է ներկայացնեն իրենց զարգացման ծրագրերը, խորհուրդը պետք է լսի դա, հարցեր տա՝ հասկանալու համար, թե հետագա 5 տարվա ընթացքում ինչ տեսլականով են ցանկանում գործել թեկնածուները:
«Փաստորեն, իրենց չէր հետաքրքրում այդպիսի բաները, որովհետև իրանք հստակ գիտեին, տեսել էին իմ նախորդ 5 տարիների աշխատանքը, թե դպրոցը ինչից ինչի ա վերածվել, ինչ հաջողություններ ունենք՝ թե՛ շենքային պայմանների առումով, թե՛ուսումնադաստիարակչական, թե՛ կադրային: Մարդիկ մտածում են, որ կարող են կամայականություններ անել, իրենց թեկնածուին օրենքից դուրս նշանակել, ու հայտարարում են, որ այս ենք, եկել, տապալել ենք, դիտմամբ չենք եկել, որովհետև մտածում էինք, որ խորհրդի մեծ մասն աջակցում է, սատարում է ինձ: Բայց իրենք որտեղի՞ց գիտեն, որ ինձ են աջակցում, որովհետև այդ միամսյա ժամկետում մոտեցել են խորհրդի անդամներին, տարբեր առաջարկություններով են հանդես եկել, որ կարողանան ազդել խորհրդի անդամների վրա, որ ինձ դեմ քվեարկեն, քվեարկեն իրենց թեկնածուների օգտին: Բայց տեսել են՝ չի ստացվում, որոշել են չգալ, որպեսզի նշանակվի իրենց թեկնածուն»,- ասաց Ծովինար Գալստյանը:
Դպրոցի նախկին տնօրենի խոսքով՝ չէր կարող զուգադիպություն լինել մարզպետարանի ու համայնքապետարանի ներկայացուցիչների բացակայությունը, որովհետև մինչ այդ էլ հայտնի էր, որ «մարզպետի կամքն է այդպես, ու ամեն ինչ անելու է, որպեսզի ես չլինեմ տնօրեն: Իսկ ինչո՞ւ՝ դա ես չեմ կարողանա ասել»:
Ծ. Գալստյանը վստահեցնում է, որ բացարձակ կոնֆլիկտ չի եղել իր ու Արարատի մարզպետի կամ մարզպետարանի միջև: Ավելին, Ծովինար Գալստյանի խոսքով՝ խորհրդում առկա մարզպետարանի ներկայացուցիչները՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանը և մյուս ներկայացուցիչ Հայկազ Տերտերյանը, 2 տարի շարունակ մասնակցել են խորհրդի նիստերին, և մշտապես հավանության են արժանացրել վերջինի ծրագրերը:
Հարցի վերաբերյալ 168.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Արարատի մարզպետարանից: Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Թադևոսյանն ասաց.
«Նորամարգի դպրոցի մասով մենք մեկնաբանություն չենք անում, որովհետև մեր ֆեյսբուքյան էջում հայտարարությունները տարածվել են, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»:
Մեր դիտարկմանը, թե հարցեր կան նաև այդ հայտարարությունների վերաբերյալ, Լիլիթ Թադևոսյանն արձագանքեց. «Այս պահին չեմ մեկնաբանելու, ինչ որ կա, դա է:
Այսօր հավանաբար թեկնածուների անձնական տվյալները կուղարկվեն փոխվարչապետին, որ 5-օրյա ժամկետում որոշի, թե ում է նշանակելու դպրոցի տնօրեն: