«Այն, ինչ մենք ամրագրել ենք սահմանին, դա պետք է կարողանանք պատշաճ ձևով ամրագրել նաև դիվանագիտական դաշտում». Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների հնարավոր վերսկսմանը, մասնավորապես գրել էր․
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ից տարբեր հայտարարություններ հնչեցին, որով փորձ է արվում Ադրբեջանին վերադարձնելու բանակցությունների հարթություն: Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ օրակարգի շուրջ է տեղի ունենալու այդ վերադարձը, որովհետև Տավուշում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումն ու դրա, այսպես կոչված, կապիտալիզացիան»։
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջին հերթին պետք է հասկանալ` ինչ օրակարգի շուրջ են միջնորդներն առաջարկում բանակցային սեղանի վերադարձը, իսկ թե ինչ օրակարգային հարցեր պետք է ներառվեն, մանրամասնեց. «Օրակարգային հարցերը պետք է վերաբերեն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությանը, որը ենթադրում էր առաջնագծում հետաքննությունների մեխանիզմի ներդրման գաղափարը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահողի գրասենյակի ընդլայնում, ինչը հնարավորություն էր տալու տեղում՝ սահմանին, մոնիտորինգի առավել հաճախակի անցկացում, ինչպես նաև՝ որոշակի դեպքերում նաև քննարկման մեջ էր նրան շատ ավելի մեծ իրավասությունների տրամադրումը»:
Փորձագետը հավելեց, որ առաջնագծում հետաքննությունների մեխանիզմի ներդրումը հնարավորություն կտա որոշակիորեն նվազեցնելու ռիսկերն առաջնագծում.
«Սա, բնականաբար, ամբողջությամբ չի կանխում հակառակորդի գործողությունները, բայց ռիսկերի առումով՝ էական նվազեցում է ենթադրում»:
Խոսելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից «բանակցային գործընթացն առարկայական դարձնելու» կրկին ակտիվացած թեզի մասին, Տ. Աբրահամյանը նկատեց.
«Ադրբեջանը դրա տակ փորձում է «բրթել» փուլային տարբերակի գաղափարը, և առարկայականի տակ հասկանալ փուլային, այսինքն՝ կետ առ կետ հարցերի կարգավորումը: Բնական է, որ Ադրբեջանը հասկանում է՝ ինչ-որ պահից նրան վերադարձնելու են բանակցությունների սեղան, և փորձում է իր օրակարգն առաջ քաշել:
Այս իրավիճակում մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ մենք ամրագրել ենք սահմանին, դա պետք է կարողանանք պատշաճ ձևով ամրագրել նաև դիվանագիտական դաշտում, որպեսզի կարողանանք մեր ունեցած այս հաղթաթղթերն ամբողջությամբ կապիտալիզացնել: Դա է պատճառը, որ ես համարում եմ, որ այստեղ առաջնային հարցը ոչ միայն այն է, որ խնդիր կա՝ Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղան, այլ շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ օրակարգի շուրջ է տեղի ունենալու բանակցությունների վերսկսումը»:
Հարցին՝ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի տարածած վերջին հայտարարությունը թույլ տալի՞ս է ենթադրել, որ այն օրակարգային առաջնահերթությունները, որոնց անդրադարձաք, տեղ կգտնեն բանակցությունների օրակարգում, և արդյո՞ք բավականաչափ հասցեական էին այդ հայտարարությունները, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Անկեղծ ասած, գոնե այս փուլում, երբ ամբողջությամբ հանգուցալուծված չեն տավուշյան վերջին զարգացումները, նրանց մոտեցումները, որոնք արտահայտվում են այդ հայտարարությունում, պետք է լինեին շատ ավելի հստակ և շատ դեպքերում էլ՝ հասցեական:
Այս պահին չեմ կարող ասել, թե այն, ինչ ասում եմ, դա տեսնում եմ համանախագահների վարքագծում, միգուցե նրանք կողմերի հետ ուղիղ, շատ ավելի հստակ են աշխատում, բայց, համենայն դեպս, հրապարակային հայտարարություններում այդ մոտեցումը ես դեռևս չեմ նկատում»:
Վերադառնալով Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններին և պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն պնդումները, որ նոր կառավարությունը վերադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված պայմանավորվածություններին, փորձագետը պատասխանեց.
«Մինչև գնահատական կհնչեցնեմ՝ արդյո՞ք դրանք նույն մոտեցումներն են, որոնք արտահայտվել են նախորդ իշխանությունների ժամանակ, պետք է նշեմ, որ գոնե ինձ համար, որպես փորձագետի, անկախ նրանից, թե ով է դա նախորդի կամ ներկաների քայլ համարում, ես դա համարում եմ կարևոր, և այս իշխանությունը դա պետք է անպայման վերադարձներ օրակարգ:
Դա արտահայտվեց ոչ միայն Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում, այլև արտգործնախարարն այս տարվա սկզբին մի քանի հայտարարություններ արեց, որտեղ տարբեր ձևակերպումներով, ըստ էության, արտահայտված էր Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները բանակցային օրակարգ վերադարձնելու հարցը: Կարծում եմ՝ այս փուլում նաև տրամաբանական է, որ այդ հարցը պետք է վերադառնա, որովհետև առանց անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու՝ այս իրավիճակում բանակցային գործընթացը կայուն հիմքերի վրա դնելը բավականին ռիսկային է»:
Հիշեցնենք՝ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մինչև կորոնավիրուսը գոյություն ունեցող հրադադարի պահպանման մոնիտորինգին, նշել էր, որ այն փաստացի խիստ սահմանափակ է, և անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը կլինի մշտական և կունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը:
«Նմանօրինակ մոնիտորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին, և թե՛ շփման գծում»,- ասել էր վարչապետը:
Հիշեցնենք նաև՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք էին բերվել հրադադարի ռեժիմն ամրապնդելուն ուղղված մի շարք միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածություններ, մասնավորապես՝ մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ։