
Չորրորդ թարգմանիչը՝ Յուրի Խաչատուրովին

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստի մեկնարկին դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննության դրեց գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի թարգմանչի փոփոխության հարցը: Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել դատական գործընթացներում թարգմանիչների ներգրավման կարգում և այսուհետ դատական գործընթացներում թարգմանություններ կարողանալու են իրականացնել դատական դեպարտամենտի հետ պայմանագիր ունեցող կազմակերպության ներկայացուցիչները, իսկ թարգմանիչների վարձատրությունն իրականացնելու է դատական դեպարտամենտը:
Դատարան ներկայացավ թարգմանիչ Վարդուհի Շահինյանը, որն այս գործի նախաքննության փուլում իրականացրել է թարգմանություններ:
Յուրի Խաչատուրովը դատարանում հայտնեց, որ իր դիտարկմամբ թարգմանիչ Վարդուհի Շահինյանը սերտ հարաբերություններ ունի ՀՔԾ քննիչների հետ՝ նշելով, թե չի վստահում այդ թարգմանչին: Խաչատուրովն ասաց, թե ցանկանում է՝ գործում լինի այնպիսի թարգմանիչ, որին ինքը կվստահի:
Դատարանը նաև անդրադարձավ գործով թարգմանիչ Ժաննա Բաղրամյանի հետագա մասնակցությանը՝ նշելով, որ կառավարության որոշումից հետո դատարանը չի կարողանա վճարել նրան մատուցած ծառայությունների դիմաց:
Բաղրամյանն էլ իր հերթին՝ նշեց, թե գործում ներգրավվելու օրից՝ մարտի 3-ից սկսած, ինքը դատարանից որևէ վարձատրություն չի ստացել և չի էլ դիմել ո՛չ դատարանին, ո՛չ Արդարադատության նախարարությանը, ո՛չ դատական դեպարտամենտին՝ աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու համար, և հետագայում ևս նման ակնկալիքներ չի ունենա:
Ամբաստանյալ Յուրի Խաչատուրովն էլ դատարանին խնդրեց գործից չհեռացնել թարգմանիչ Ժաննա Բաղդասարյանին՝ նշելով, որ, եթե դատարանը չվճարի նրան, ինքն է պատրաստ վճարել Բաղրամյանին՝ մատուցած ծառայությունների դիմաց:
Դատարանը որոշեց Ժաննա Բաղրամյանին չհեռացնել գործից, միևնույն ժամանակ հայտնեց, որ Վարդուհի Շահինյանը ևս կներգրավվի գործում, որպեսզի անհրաժեշտության դեպքում երկու թարգմանիչն էլ կարողանան իրականացնել թարգմանություն և թարգմանչի բացակայության խնդրով դատական նիստ չհետաձգվի: