«Պատրաստ ենք՝ Իջևան-Ղազախով, նաև՝ Կոռնիձոր-Երասխով ապահովել Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի նախագահի հետ չեն խոսել հարաբերական կայունության մասին, դրա մասին չի խոսել նաև Ադրբեջանի նախագահը։
«Ես խոսել եմ խաղաղության մասին, ինչքանով տեղյակ եմ, Ադրբեջանի նախագահն էլ է խոսել խաղաղության մասին։ Հարաբերական կայունությունն ուրիշ բան է, խաղաղությունն՝ ուրիշ։
Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այդ ուղղությամբ լուռ, հանգիստ, հանդարտ դիվանագիտական աշխատանք արվում է։ Բայց ես կասկած չունեմ, որ այս համաձայնագիրը կստորագրվի, հիմա՞ կստորագրվի, ապրիլի՞ն, մայիսի՞ն, թե՞ սեպտեմբերին, երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։
Հիմա շատ հստակ է Ադրբեջանի ու Հայաստանի դիրքորոշումների համընկնումը, որ նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չլինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, այս պահին խոսում են խաղաղությունը հետ շրջելու անհնարինության մասին, այս առումով է, որ կարևոր են ներքաղաքական պրոցեսները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։
«Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ՝ Ադրբեջանում էլ կան, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղությունից և պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը և այն դարձնենք անշրջելի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխատում են՝ ակտիվ առաջ են գնում, շեշտելով, թե հասկանում է, որ Թուրքիայում էլ, Ադրբեջանում էլ ընկալում կա, թե կարո՞ղ է Հայաստանը փորձի գործընթացը ձգձգել։
«Ինչո՞ւ պետք է փորձենք ձգձգել, հակառակը՝ մենք ուզում ենք, որ այդ խնդիրը րոպե առաջ լուծվի, որովհետև դա ֆունդամենտալ կարևոր հարց է մեր այսօրվա և ապագայի պատկերացրած ճարտարապետությունն իրականացնելու տեսանկյունից։
Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության կապը։ Ինչո՞ւ ենք մենք այս առաջարկն անում, որովհետև հիմա մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք, չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի։ Ուզում ենք, որ մենք էլ համապատասխանաբար քայլ քայլի դիմաց մեր քայլն անենք։
Մի անգամ առաջարկել էինք Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, հիմա առաջարկում ենք Կոռնիձորից Երասխոսվ կապը, հատկապես, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում հարավով այդ կապի հետ կապված խնդիրներ կան։ Երասխի հատվածում մի փոքր վերանորոգման անհրաժեշտություն կա, բայց նույնիսկ առանց վերանորոգման մեքենան այսօր էլ կարող է գալ ու անցնել։ Ընդ որում, եթե հարմար դիտվի, նաև Իջևան-Ղազախ հատվածով էլ կարող ենք ապահովել կապը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



