Հայաստանում վարկային պարտավորությունների աճը հակադարձ համեմատական է բնակչության բարեկեցության մակարդակին

Մասնագետները վստահեցնում են, որ տնտեսական աճի նախապայմաններից մեկը երկրի ֆինանսական կայունությունն է, ինչն էլ իր հերթին կախված է նրանից, թե ինչպես են ֆինանսական ինստիտուտները կառավարում չվճարումների ռիսկերը, իսկ, ամենակարևորը, վարկային ռիսկերը։

Պարզվում է, որ Հայաստանում 2018-2019թթ. ընթացքում եկամուտների և վարկային պարտավորությունների միջև անհավասարակշռություն է առաջացել՝ վարկերի պաշարի աճը Հայաստանում դարձել է հակադարձ համեմատական բնակչության բարեկեցությանը, ինչի արդյունքում վարկեր-եկամուտներ ճեղքվածքը խորացել է։

Առավել ակնառու պատկերացնելու համար՝ սպառողական վարկերը 2018թ․ նախորդ տարվա համեմատ աճել են 37.88%-ով, այն դեպքում, երբ տնային տնտեսությունների սեկտորի աշխատավարձի տարեկան ֆոնդն ավելացել է ընդամենը 2.25%-ով, մասնավոր տրանսֆերտները կրճատվել են 3.40%-ով, իսկ 2019թ․ ապառողական վարկերի 30.47% աճը զուգորդվել է աշխատավարձի տարեկան ֆոնդի 10.84% աճով և մասնավոր տրանսֆերտների անփոփոխ մակարդակով, ինչի արդյունքում էլ առաջացել է վարկեր-եկամուտներ դիսբալանսը։

Պետք է արձանագրել, որ առաջացած անհամաչափ պարտքային բեռը ռիսկային է ինչպես բնակչության սոցիալական պայմանների, այնպես էլ ֆինանսական համակարգի կայունության տեսանկյունից: Եվ դժվար չէ պատկերացնել, թե ռիսկային ինչ գոտում կհայտնվի Հայաստանի ֆինանսական համակարգը, եթե անհամաչափ պարտքային բեռի պատճառով տնային տնտեսությունները պարզապես անվճարունակ դառնան։

Ի դեպ, սա այդքան էլ անիրատեսական սցենար չէ, հատկապես, որ տարածաշրջանի երկրների հետ համեմատականներ անցկացնելով՝ 2019-ի դրությամբ Հայաստանի տնային տնտեսությունների պարտքային բեռն ամենածանրն է ԵԱՏՄ տիրույթում, որին, պատկերացրեք, հաջորդում է Ռուսաստանը՝ 17.47% ցուցանիշով:

Ի՞նչ է ստացվում․ Հայաստանում տրամադրված սպառողական վարկերի ծավալն ու բնակչության փաստացի եկամուտներն իրար հետ անհամաչափ են, մյուս կողմից՝ նկատվել է հիպոթեքային վարկերի քանակի աճ, ինչին հիմնականում նպաստել է եկամտահարկի միջոցով վարկային պարտավորություների մարման համակարգի առկայությունը, սակայն բիզնես ոլորտում պատկերը մի փոքր այլ է։

2018 թվականից ի վեր Հայաստանում բիզնես վարկերի գծով առկա է հարաբերական կրճատում։ Այն շարունակվել է նաև 2019-ին՝ վարկային պորտֆելում կազմելով 64.92%՝ նախորդ տարվա 68.00%-ի դիմաց: Փորձագետների կարծիքով, այս միտումը չափազանց մտահոգիչ է, քանի որ զարգացած կապիտալի շուկայի բացակայության պայմաններում ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման հիմնական ուղղությունը հենց վարկերն են, իսկ մասնավոր պարտքի բարձր ցուցանիշը հանգեցնում է բիզնեսների վարկունակության նվազման, ինչի արդյունքում կրճատվում է նրանց տնտեսական գործունեությունը, հետևաբար նաև պետության տնտեսական ակտիվությունը։

Ենթադրաբար այս իրավիճակը կայունացնելու համար Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է առանձնակի ուշադրության կենտրոնում պահեն մասնավոր հատվածը՝ աջակցելու վերջիններիս ֆինանսական առողջացմանը և նպաստելու տնտեսական գործընթացների աշխուժացմանը։ Օրինակ, ՀՀ կենտրոնական բանկը կարող է ձևավորել վերաֆինանսավորման առանձին մեխանիզմ՝ բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրելով արտոնյալ վարկային ռեսուրսներ, ընդ որում՝ այդ ռեսուրսները կարող են տրվել հստակ պայմանով՝ օգտագործելու փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման և բիզնես վարկերի պայմանների մեղմացման նպատակով:

Ֆինանսական առողջացմանն ուղղված համալիր միջոցառումների մշակումը պահանջում են հրատապ առաջնահերթություն և մանրակրկիտ մոտեցում, քանի որ այս տարի, երբ 2020թ․ ապրիլ ամսին համավարակով պայմանավորված արձանագրվեց անկում ոչ միայն բիզնես, այլ նաև սպառողական ու հիպոթեքային վարկերի գծով, արդեն մեկ անգամ կիրառվեցին անարդյունավետ մեխանիզմներ, ինչի արդյունքում նվազման միտումը չհակակշռվեց նույնիսկ ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում, մինչդեռ այդ միջոցառումները, ենթադրաբար, պետք է աշխուժացնեին վարկավորումը, հատկապես՝ բիզնես ուղղություններով։

Զարգացած կապիտալի շուկայի բացակայության պայմաններում ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման հիմնական ուղղությունը շարունակում են մնալ վարկերը, հետևաբար՝ որքան արագ քայլեր ձեռնարկվեն, այդքան արագ հնարավոր կլինի կարգավորել առաջացած դիսբալանսը, նվազեցնել պարտքային բեռն ու խուսափել ֆինանսական կայունության վրա ազդող ռիսկային այնպիսի գործոններից, ինչպիսիք են հնարավոր շղթայական դեֆոլտները և տնտեսության կարողությունների վատնումը, ինչը պահպանվող տնտեսական այս ճգնաժամի և հետագա հնարավոր զարգացումների անորոշության պայմաններում ուղղակի անթույլատրելի է։

Տեսանյութեր

Լրահոս