Աջափնյակի ՔՊ-ական նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի դեմ քրեական գործ է հարուցվել

2020 թվականի փետրվարին մամուլում հրապարակում եղավ, ըստ որի՝ Աջափնյակ վարչական շրջանի այդ ժամանակվա ղեկավար Գևորգ Բաբայանն Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկի՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում 3 առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության: Դրանից հետո ոստիկանությունը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նշենք նաև, որ այդ հրապարակումներից հետո Գևորգ Բաբայանը փետրվարի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց:

168.am-ն այսօր կապ հաստատեց Գևորգ Բաբայանի հետ և խնդրեց մանրամասներ ներկայացնել.

«Քրեական գործ է հարուցվել, բայց մինչ օրս ոչ մի նորություն չունեմ այդ գործի հետ կապված: Մաշտոցի հատուկ քննչական բաժանմունքում եմ հարցաքննվել, եթե չեմ սխալվում՝ մարտ-ապրիլ ամսին, բայց ընթացքի մասին տեղեկություններ չունեմ: Մամուլում մի փոքր այլ ձև էր մեկնաբանվել, շինթույլտվության համար դիմել էին, տվել ենք շինթույլտվություն, որը չի քննարկվում ընդհանրապես քրեական գործի շրջանակներում, քննարկվում է, որ տեսուչներից մեկը կազմել է արձանագրություն, և այդ արձանագրությունը չի հասել քաղաքապետարան»:

Հարցին՝ դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ձեր պաշտոնաթողությունը  որևէ կապ չունի ոստիկանությունում նախապատրաստվող նյութերի հետ, և, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ շարունակելու եք պահպանել ջերմ հարաբերություններ, և որպես քաղաքացի ու ընտրող՝ աջակցելու եք նրան հետագայում ևս, արդյոք այս ընթացքում հանդիպե՞լ եք Հայկ Մարությանի հետ, որևէ քննարկում ունեցե՞լ եք, Բաբայանը պատասխանեց.

«Քաղաքապետի հետ հանդիպում չեմ ունեցել, բայց վարչական շրջանի ղեկավարի հետ շատ հանդիպումներ ենք ունեցել, շատ հարցեր ենք քննարկել՝ ընդհանուր վարչական շրջանի առօյայի հետ կապված՝ ընկերական մթնոլորտում: Մենք մոտ 1 տարի իրար հետ աշխատել ենք՝ ինքը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը, ես ՝ Աջափնյակ, մտերմիկ հարաբերություններ են ձևավորվել»:

Հարցին, թե հանդիպումները որտե՞ղ են եղել՝ համայնքապետարանո՞ւմ, թե՞ «դրսում», Բաբայանը պատասխանեց. «Թաղապետարանի ներսում էլ է եղել, թաղապետարանից դուրս էլ է եղել»:

Տեսանյութեր

Լրահոս