Բաժիններ՝

2020-ին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին ավելի շատ գումար է տրամադրվել, բայց մայրաքաղաքում թափառող շների հարձակումները շարունակվում են

Վերջին շրջանում հաճախ է խոսվում Երևանում թափառող շների հարձակումների մասին: Նախորդ շաբաթ էլ նման մի դեպք  էր գրանցվել մայրաքաղաքի շենքերից մեկի բակում՝  մի քանի շուն վնասել էր կայանած ավտոմեքենան:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտ ամսից Երևանի քաղաքապետարանում գործում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը, որը կոչված է զբաղվելու թափառող  կենդանիների հարցերով:

168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն և խնդրել պատասխանել,  թե որքա՞ն գումար է տրամադրվել «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ին 2020 թվականին, և որքան գումար՝  նախորդ տարի։

«2020 թ. ընթացքում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին տրամադրվել է 234 միլիոն 500 հազար ՀՀ դրամ: 2019 թվականի համար այդ թիվը կազմել է 149 միլիոն 500 հազար ՀՀ դրամ: 2019 թվականին Կենտրոնը գործել է մարտի կեսից»,- նշված է քաղաքապետարանի տրամադրած գրավոր պատասխանում։

Քաղաքապետարանին հարց էինք ուղղել նաև, թե որքան գումար է ծախսվել այս տարի հուլիսի 1-ի դրությամբ, որքա՞ն գումար է նախորդ տարվա ընթացքում:

«2020 թվականի հունվար ամսից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ծախսվել է 67 միլիոն 114 հազար 938 ՀՀ դրամ: 2019 թվականի մարտ ամսից նույն տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ծախսվել է 37 միլիոն 114 հազար 938 ՀՀ դրամ»,- նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում:

Հարցրել էինք նաև, թե քանի՞ շուն է ստերջացվել այս տարի, հաշվարկներ կա՞ն, թե քանիսը դեռ պետք է ստերջացվի, ինչպես նաև նախորդ տարի քանի՞ շուն է ստերջացվել և քանի՞սն էր մնացել, որ պետք է ստերջացվեր, արդյոք չի՞ ավելացել դրանց թիվը, ինչին քաղաքապետարանից պատասխանել են. ««Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ստեղծման օրվանից մինչ օրս ստերջացվել է 3402 շուն: 2019 թվականի ընթացքում ստերջացվել է 2335 շուն: Ստերջացման ենթակա շների թիվը կարող է ավելանալ նաև տներում ապրող և քաղաքացիների կողմից բազմացվող շների սերունդների հաշվին»:

Հարցին, թե 2020 թվականին հուլիսի 1-ի դրությամբ, ինչպես նաև   2019 թվականին քանի՞ ահազանգ է ստացվել թափառող կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակվելու դեպքերի վերաբերյալ, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են. «2020 թվականի ընթացքում (հուլիսի 1-ի դրությամբ) կենտրոնը ստացել է տարբեր բնույթի ընդհանուր առմամբ 3129 ահազանգ, 2019-ի համար այս տվյալներն առկա չեն»:

Վերջին հարցին, թե 1 կենդանու համար ՀՈԱԿ-ը որքա՞ն գումար է հատկացրել, պատասխանել են. «Մեկ շան համար ծախսվող գումարը հաշվարկելիս հստակ թիվ նշել հնարավոր չէ, քանի որ այդ թիվը պետք է իր մեջ ներառի ո՛չ միայն բժշկական միջամտությունների, այլև շան տեղափոխման, կլինիկայում պահման, այդ ընթացքում կերակրման և բազմաթիվ այլ ծախսեր»:

Ստացվում է, եթե 2020 թվականի հուլիսի 1-ը ներառյալ ՀՈԱԿ-ը ծախսել է 67 միլիոն 114 հազար 938 ՀՀ դրամ, և այս տարի ստերջացվել է 1067 շուն, 1 կենդանու համար հատկացվող գումարը կազմում է միջինը 62.900 դրամ:

Հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ է ՀՈԱԿ-ին հատկացվող գումարը կրկնապատկվել, եթե 2019 թվականի մարտ ամսից մինչև տարեվերջ հատկացվել է 149 միլիոն 500 հազար ՀՀ դրամ, և 10 ամսում ստերջացվել է 2335 շուն, ապա 2020-ին հատկացվել է 85 միլիոն դրամով ավելի, և 6 ամսում ստերջացվել է 1067 կենդանի:

Ի դեպ,  Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը սույն թվականի ապրիլի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով ՀՈԱԿ-ում թույլ տրված ապօրինությունների մասին. մասնավորապես՝  «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն: Արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ:

– Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով,
– խախտվել են հոգեմետ նյութերի դուրսգրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները,
– առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում,
– խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը, և այլն:

Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Արդյունքում ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում…) հարուցվել է քրեական գործ»:

Հիշեցնենք, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, որն այդ պաշտոնից տեղափոխվեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն, այնուհետև ազատվեց, նշում էր, որ քաղաքապետարանի ՀՈԱԿ-ների կառավարման գործընթացում իր անմիջական տեղն ունի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը: Նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անգամ նշել էր, որ քաղաքապետի կինն անձամբ է իրեն ասել, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում գրի:

Բեգոյանը նաև նշել էր, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում խնդիրներ են առաջացել, քանի որ նոր նշանակումներ են արել, և նրանք չեն կարողանում ճիշտ ղեկավարել կառույցը. «2019 թվականին մեծ ձեռքբերումներ ունեինք, 3000 շուն էր ստերջացվել, և մեր հաշվարկներով՝ մնացել էր մոտ 1500 շուն ստերջացնել: Այս տարի ֆոնդը 2.5 անգամ մեծացրել են, պետք է ակնկալել, որ այս տարի առնվազն 8000 շուն պետք է ստերջացնել, սպասենք, տեսնենք՝ կանի՞, թե՞ չի անի, եթե չանի, ես ինքս որոշ մարդկանց դատի կտամ համայնքային միջոցներն ուղղակի այս ձևով ցաքուցրիվ անելու և 2019 թվականի ձեռքբերումները ջուրը գցելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս