Բաժիններ՝

«Ինչո՞ւ պետք է քաղաքապետարանը դա փոխհատուցի». Հակոբ Կարապետյանը՝ մեքենայի վրա հարձակված շների միջադեպի մասին

Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների կողմից հասցված վնասի հետ կապված փոխհատուցման ինստիտուտ չունի: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Երևանի բակերից մեկում շները վնասում կայանած ավտոմեքենան:

Դիտարկմանը, թե «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ը հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշված է, որ  տնօրինությունը և մեքենայի սեփականատերը՝ պահպանելով համագործակցային մթնոլորտը, կփորձեն ՀՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համատեղ լուծում գտնել ստեղծված իրավիճակում, Կարապետյանը պարզաբանեց.

«Քաղաքապետարանի կողմից փոխհատուցման հարցը պետք է քննարկվի, եթե թափառող կենդանիների կողմից կամ այլ միջամտության հետևանքով մեքենան վնասվում է, դրա պատասխանատվության հարցը, կարծում եմ, իրավական տիրույթում պետք է քննարկվի, համենայնդեպս, մենք այդպիսի նախադեպեր չունենք: Կարծում եմ, որ ՀՈԱԿ-ի հայտարարությունն իր մեջ ամփոփում է այն իմաստը, որ այդ հարցը պետք է քննարկվի սեփականատիրոջ հետ, և արդեն սեփականատերը նաև մեքենայի իր վնասի փոխհատուցման ուղիներ կփնտրի»:

Հարցին, թե նման դեպքերում, երբ մեքենան վնասվում է, հարցը քաղաքապետարանի՞, թե՞ ապահովագրական գործակալությունների տիրույթում է, Կարապետյանը պատասխանեց.

«Եթե մեքենան «Կասկո» համակարգով ապահովագրված է, ինչքան գիտեմ, նման դեպքերում նույնպես փոխհատուցում ստանում է, իսկ եթե ոչ, անկեղծ ասած` չեմ կարող ասել»:

Կարապետյանի խոսքով՝ այստեղ պատասխանատվության ոլորտն անորոշ է. «Ցանկացած երրորդ կողմի գույքին պատճառած վնասի պատասխանատվության հարցը շատ անորոշ է, և չգիտեմ՝ ինչո՞ւ պետք է քաղաքապետարանը դա փոխհատուցի, դա սեփականատիրոջ գործողությունների դաշտում է»:

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գոհար Աղաջանյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մի քանի շներ հարձակվել կայանած մեքենայի վրա: Օգտատերը դիմելով Երևանի քաղաքապետարան՝ հարցրել էր, թե ո՞վ է այս ամենի համար պատասխանատվություն կրում:

էսօր առավոտվա ժամը 6-ի կողմերը գազազած շների ոհմակը հարձակվել ա մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, ուղիղ իմաստով կերել…

Gepostet von Ḡohar AghajanyĀn am Mittwoch, 22. Juli 2020

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս