Բաժիններ՝

«Հայաստանում միջին աշխատավարձը մինչև հիմա եղել է 400 դոլար, բայց այժմ որքա՞ն է կազմում, Սոցապ նախարարությունը որևէ ձայն չի հանում». Գագիկ Մակարյան

Հուլիսի 22-ին ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը նշել է, որ նպատակն է՝ քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը։

Նա մասնավորապես ընդգծել է. «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից: Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերից, ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ մեզ համար ամենօրյա շատ դժվար ընտրություն է եղել: Կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը: Այն փաստը, որ ապրիլին շուրջ 70.000 կրճատված աշխատատեղ ունեցանք, մեզ համար ազդակ էր, որ պետք է ավելի հավասարակշռված լինի մեր քաղաքականությունն առողջապահական և տնտեսական նժարների միջև: Եվ ըստ էության, մենք որոշում կայացրեցինք առաջնորդվել համաճարակային իրավիճակի հետ համեմատ, գուցե ոչ լիարժեք տրամաբանությամբ, և սկսեցինք որոշակի տնտեսական գործունեության հնարավորություններ ընդլայնել»։

168.am-ի հետ զրույցում  Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ  Գագիկ Մակարյանն ասաց, որ չի մասնակցել այդ հանդիպմանը, քանի որ այն կազմակերպել էր Գործատուների միությունը և իր անդամներով էլ գնացել էր, վարչապետի աշխատակազմից էլ իրեն հրավեր չի եղել։ Սակայն հանդիպման հետ կապված՝ նա ունի իր դիտարկումները։

Ըստ Գագիկ Մակարյանի, ցանկալի կլիներ, որ հանդիպմանը ներկա լինեին տարբեր կազմակերպությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչը, ցավոք, չի եղել։

«Հանդիպումների խնդիրն այսպես է, երբ որ կազմակերպություն կամ, ասենք, գործարար խավը հանդիպում է Կառավարության ներկայացուցչի հետ, տարբեր մարդիկ տարբեր ակնկալիքներ ունեն։ Մի մասին բավարարում է այն, որ ցույց տա, թե ներկա է եղել, այսինքն՝ միայն թեկուզ իմանան, որ ինքն այդ հանդիպմանը ներկա էր՝ դրանով ընդգծելով, որ ինքը կարևոր է։ Մի մասն էլ հանդիպում է, որ ինչ-որ ինտելեկտուալ բաներ լսի կամ իր փառասիրությունը բավարարի, և դրանով հանդիպումն ավարտվում է։ Այդ պատճառով հանդիպումները պետք է լինեն շատ ավելի փոքրաթիվ և նախապատրաստված։ Հանդիպումների համար կարևորն այն է, թե որ կողմն ինչ է ուզում փոխանցել մյուս կողմին, այսինքն՝ ինչ էր ուզում փոխանցել վարչապետը և ինչ նպատակ էր դրել հանդիպման հիմքում։ Գործարարներն էլ, հավանաբար, գնացել էին ինչ-որ հարցեր տալու կամ խնդիրներ բարձրաձայնելու համար։ Վստահ եմ, որ մի մասը, որոնք ավելի պրոֆեսիոնալ են, ակնկալում էին ստանալ որևէ աջակցություն տնտեսության  որոշ ճյուղերի մասով»,- նշեց Գագիկ Մակարյանը։

Ըստ նրա, նման հանդիպումներում կարևոր է երկխոսությունը, քանի որ, որքան շատ լինի երկխոսությունը, այնքան խնդիրներն իրար հեշտ կփոխանցեն։ Ընդ որում, երկխոսությունը պետք է լինի պարբերաբար, եթե, օրինակ, Կառավարության ղեկավարը կամ անդամները տարին երկու անգամ են հանդիպում գործարարների հետ, ապա այդ հատվածում, հնարավոր է՝ շատ բաներ փոխվի, իսկ եթե հանդիպումները տեղի ունենան եռամսյակը մեկ, ապա կկարողանան ձեռքը զարկերակին պահել։

«Վերջերս ուսումնասիրեցի և վերլուծեցի, թե տնտեսության որ ճյուղերում քանի մարդ է աշխատում, և այդ տնտեսական ճյուղերի վիճակն ինչպիսին է, որն էլ արդեն ցույց է տալիս գործազրկության կանխատեսումները։ Տեսեք, արդյունաբերության ոլորտում աշխատում է մոտավորապես 1009 մարդ։ Արդյունաբերության տարբեր ճյուղեր այսօր գտնվում են վերուվարների մեջ, օրինակ, լավ վիճակում են գտնվում հրուշակեղեն արտադրող ձեռնարկությունները։ Կան խոշոր և միջին ընկերություններ, խոշորները մոտ 10-ն են, որտեղ աշխատում են 5-6 հազար մարդ, այս խոշոր ընկերությունները մի քանի հարյուր փոքր ու միջին ձեռնարկատիրություն են պահում՝ նրանց ծառայություններից օգտվելով։

Այսինքն, եթե դրանք խորտակվում են, ապա այդ հարյուրավոր ՓՄՁ-ները հայտնվում են վատ վիճակի մեջ։ Ընդ որում, գործազրկությունը միայն այդ ճյուղում կարելի է գնահատել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ շինարարության ոլորտում 20 տոկոս անկում կա։ Առևտրի ոլորտում, օրինակ  աշխատում է 130 հազար մարդ, բայց 49 տոկոսն է մնացել, 51 տոկոսով այդ ոլորտի տնտեսական ակտիվությունը նվազել է, սա նշանակում է, որ շատ առևտրականներ փակվում են կամ սնանկանում։ Այսինքն՝ նույնիսկ այս պրիմիտիվ հաշվարկներում կարելի է հասկանալ քայլերի հերթականությունը»,- հավելեց նա։

Թվարկելով քայլերի հաջորդականությունը՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ նախ և առաջ պետք է ուսումնասիրել ու հասկանալ, թե կորոնավիրուսի պայմաններում տնտեսության որ ճյուղերն են ամուր կանգնած, և այդ ճյուղերը որքանով են կարողանալու համախառն ներքին արդյունքի և ընդհանուր առևտրաշրջանառության մեջ լոկոմոտիվի դերը պահել։

Այնուհետև պետք է նայել, թե տնտեսության որ ճյուղերն են վնասվել, որոնք են առավել կարևոր, ունեն մուլտիպլիկատիվ նշանակություն, և որոնց վերականգնումը շատ կարևոր է։ Օրինակ՝ շինարարությունը, քանի որ, եթե այդ ոլորտն ուշադրութան կենտրոնում է, ապա այն գեներացնում է շինարարական հարյուրավոր նյութերի արտադրությունը՝ ներկեր, ավազ, ցեմենտ և այլն։

«Հայաստանում միջին աշխատավարձը մինչև հիմա եղել է 400 դոլար, բայց այժմ որքա՞ն է կազմում, Սոցապ նախարարությունը որևէ ձայն չի հանում, հաշվարկ չկա, բայց սա կարևոր ցուցանիշ է։ Շատերի աշխատաժամանակը կրճատվել է, շատերը գնացել են հարկադիր պարապուրդի և, բնականաբար, շատերի միջին աշխատավարձը 400 դոլար չի կազմում։ Սա շատ կարևոր է, որովհետև ժողովրդի գնողականությունը պետք է գնահատել, որ տեսնեն աղքատության ցուցանիշները, նաև հասկանալու համար, թե տնտեսության մեջ որքան փող է ծախսվում, և այդքան փողը բավարա՞ր է, որպեսզի ձեռնարկատիրությունը մնա իր մակարդակի վրա։

Եթե մարդիկ գնողունակ չեղան, է՜հ, որքան ուզում է՝ թող ընկերությունն ապրանք արտադրի, ստացվելու է, որ այդպես մի օր դադարելու է գործել։ Եթե այս ամենն արվեր, ապա մեր առաջիկա քայլերը պարզ կլինեն, սակայն մինչև այժմ այդ քայլերը չենք տեսնում ո՛չ Էկոնոմիկայի, ո՛չ էլ Սոցապ նախարարության կողմից»,- շեշտեց տնտեսագետը։

Նա նաև նշեց, որ մարզերում ձեռնարկություններն ունեն ճակատագրական նշանակություն, մասնավորապես՝ մեծ ձեռնարկությունները, որոնք որոշում են տվյալ մարզի ճակատագիրը։ Հետևաբար՝ այստեղ պետք է գործի նաև Տարածքային կառավարման նախարարությունը, և Էկոնոմիկայի ու Սոցապ նախարարությունների հետ միասին համագործակցեն, գոնե պլանավորեն կորոնավիրուսի ազդեցությունները մեղմացնելու և հետկորոնավիրուսային հատվածում իրականացվելիք քայլերը։

«Կարծում եմ՝ իրար պետք է օգնեն, որպեսզի կորոնավիրուսի հետ զուգահեռ՝ առաջ գնան։ Հնարավոր է՝ կորոնավիրուսը մինչև տարվա վերջ շարունակվի, այսինքն՝ մենք չենք կարող մեր ճակատագիրն անընդհատ կապենք դրա հետ։ Մենք չունենք հստակ կանխատեսում, թե երբ այս ամենը կավարտվի։ Այդ պատճառով էլ այսօր իմ նշած քայլերը պետք է իրականացվի, ընդունեն տնտեսության զարգացման համար կարևոր ռազմավարություն՝ հաշվի առնելով կորոնավիրուսի ազդեցությունը և դրա հետևանքները։ Այն մի քանի ռազմավարությունները, որոնք կան, այդ թվում՝ նաև շինարարության ոլորտում, մինչև այժմ չեն հաստատվել, հարկավոր է դրանք վերանայել»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս