Ստեփանակերտի թատրոնը նոր բեմադրություններ է իրականացնում հատուկ առցանց հարթակի համար
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները համավարակի տարածման պատճառով ավելի քան չորս ամիս բեմ չեն բարձրացել, չեն հաղորդակցվել թատերասերների հետ, բայցև պարապուրդի չեն մատնվել:
Հանդիսատեսի հետ կապը պահպանելու, չլճանալու նպատակով թատրոնում փոքր խմբերով ներկայացումներ են բեմադրվում, որոնք նկարահանվում են և ցուցադրվում վիրտուալ տիրույթում: Թատերարվեստի երկրպագուները պարբերաբար հնարավորություն են ունենում վայելելու սիրելի արտիստների խաղը՝ թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հրապարակված ներկայացումները դիտելով:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանն ասաց, որ մի քանի ամիս անգամ փորձեր չէին կարողանում կազմակերպել, քանի որ ռիսկի դիմելը ճիշտ չէր լինի:
Մտածելով, որ ստեղծված իրավիճակը կարող է երկարատև լինել, իսկ անգործության մատնվելը թե՛ դերասանի, թե՛ հանդիսատեսի համար վատ է, որոշվել է նոր ներկայացումներ բեմադրել, նկարահանել դրանք ու հրապարակել առցանց հարթակում, ինչն, ըստ Խաչատրյանի, այնքան էլ չի փոխանցում թատրոնի էությունը, քանի որ թատրոնը կենդանի շփում է սիրում:
«Աշխատանքի ընթացքում են նոր մտահղացուներ ծնվում. բեմադրեցինք Դանիիլ Խարմսի ստեղծագործության հիման վրա «Նամակը» մոնոներկայացումը: Այժմ աշխատում ենք Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» ստեղծագործության բեմականացման վրա: Չենք հարմարվում այս իրավիճակին, բայց փորձում ենք այլ տեսանկյունից նայել խնդրին, քանի որ ստեղծագործող մարդը կարիք ունի անընդհատ պրպտելու, նոր գաղափարներ ծնելու, և ես փորձում եմ հարցին դրական կողմից նայել»,- նշեց գեղարվեստական ղեկավարը:
Ինչ վերաբերում է թատրոնի դերասանական կազմին, ապա թատերախմբում մեծամասամբ երիտասարդներ են: Ավագ դերասաններից շատերը զիջումների են գնացել՝ երիտասարդներին դրսևորվելու հնարավորություն տալով: «Երբ ստանձնեցի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, թատրոնում մի քանի երիտասարդ դերասան կար, մեծ մասն ավագ սերնդի ներկայացուցիչներ էին, իսկ միջին սերնդի դերասաններ չկային: Մտածեցի, որ գուցե կոշտ լինեն այն քայլերը, որոնց դիմում եմ, բայց դա է թատրոնը փրկելու միջոցը. խնդրեցի մեր ավագ դերասաններին զիջումներ անել, թողնել հաստիքների կեսը և այլն: Ինձ համար հեշտ չէր, դժվար էր, և ես նրանց խոստացել եմ, որ ժամանակի ընթացքում վերականգնելու եմ հաստիքները: Թատրոնը մշտապես նոր դերասանների, նոր շնչի կարիք ունի, և քննարկումներ են իրականացվում թատերական ստուդիայի վերաբացման նպատակով»,- ասաց Ռուզան Խաչատրյանն ու ընդգծեց, որ ձգտում են հետաքրքիր ներկայացումներ բեմադրել, որոնց շնորհիվ առանց որևէ մտավախության կարող են մասնակցել փառատոնների թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
Անդրադառնալով թատրոնի հանդեպ հասարակության սիրուն, բազմաժանր ներկայացումների պահանջված լինելուն՝ Ռուզան Խաչատրյանը շեշտեց, որ Արցախը միշտ հայտնի է եղել իր չափազանց թատերասեր հանդիսատեսով, ինչի մասին են վկայում նաև Հայաստանի թատերական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ: «Եթե ցանկանում էին իմանալ, թե ներկայացումը որքանով է հաջողված, այն ցուցադրում էին Արցախում: Այդպես էր ասում նաև իմ վարպետը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Ղարաբաղն իրականում շատ մշակութասեր հասարակություն ունի, պարզապես պատերազմը ազդեց բոլոր ոլորտների վրա: Մարդկանց հոգսերը շատացան, բայց պետք է փաստեմ, որ գոնե այս վերջին տարիներին մենք մեծ ջանք ենք գործադրել հանդիսատեսին թատրոն բերելու համար, բայց դա արել ենք ոչ այն պատճառով, որ մարդիկ չէին ցանկանում թատրոն գալ, պարզապես նրանք չէին պատկերացնում, որ կարելի է ներկայացում դիտել ոչ թե թատրոնի, այլ ուրիշ շենքում: Հետաքրքիր ներկայացումների շնորհիվ կարողացանք գրավել հանդիսատեսին: Դեկտեմբերից դահլիճն 90 տոկոսով լեցուն էր»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ընդգծեց, որ այդ գործում ներդրում ունեցան Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը, Արցախի հանրային հեռուստատեսությունը, որոնք անդադար անդրադառնում էին թատրոնին:
Ռուզան Խաչատրյանը չմոռացավ խոսել նաև թատրոնի շենքի վերականգնման մասին և հիշեցրեց, որ ութ տարի աշխատում են թատրոնի շենքից դուրս, քանի որ այն վթարային է: Դուրս են եկել թատրոնի շենքից, որովհետև այնտեղ պետք է վերականգնման աշխատանքներ իրականացվեին, սակայն ութ տարի է դեռ ձեռնարկումներ չեն եղել, բայց թատրոնի շենքի հարցը մշտապես պատկան մարմինների ուշադրության կենտրոնում է: Թատերախումբն աշխատում է Մշակույթի և երիտասարդության պալատում, իսկ հարազատ թատրոնի շենքի վերականգնումը նրանց ամենամեծ երազանքն է: