«Խաղաղության կուսակցությունը երկրորդ անգամ պարտություն կրեց». Արթուր Ղազինյան

Ինձ համար անհասկանալի է, թե վարչապետ Փաշինյանն այդ ինչպե՞ս  է ենթադրել, որ կորոնավիրուսի վարակի տարածման հարցում մենք գնում ենք դեպի կայունացման. եթե վարչապետի համար իրականացված 2000 թեստից 451 վարակի հաստատումը համարվում է կայունացում, ապա ես ցավում եմ և համաձայն չեմ, որ վարակի տարածման առումով մենք ունենք կայունացում, ավելին՝ ունենք խայտառակ իրավիճակ, որի պատասխանատուն Փաշինյանն է և Առողջապահության նախարարը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղոդաշարի եթերում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Ինչ վերաբերում է դիմակներ չկրելուն, ապա ես արդեն ասել եմ, որ հրաժարվում եմ բաց տարածքում դիմակ կրել, իսկ պարետն էլ նման որոշում կայացնելու սահմանադրական լիազորություն չունի, հետևաբար՝ այս բոլոր ակտերը վիճարկվելու են և համարվելու են անվավեր»,- ասաց Ղազինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուս վարակի առումով ունենք վերահսկողությունից դուրս գտնվող իրավիճակ, իսկ ինչ վերաբերում է վարչապետի՝ այսօր մատնանշած երկրորդ ալիքին, ապա, ըստ Ղազինյանի, երկրորդ ալիքի մասին վարչապետն ասել էր շատ ավելի վաղ, հետևաբար՝ անհասկանալի է, թե  աշնանը երկրո՞րդ, թե՞ երրորդ ալիքն է սպասվում։

«Ընդ որում՝ հայտարարված երկրորդ ալիքը համընկավ դիմակահանդեսի հետ։ Հայաստանում սկսվեց դիմակի վաճառքի զանգվածային ակցիա, և եթե իրենք շահ չունենային, դա չէին անի»,- ասաց Արթուր Ղազինյանը՝ շեշտելով, որ վարչապետ Փաշինյանը հասկացել է, որ արտակարգ դրության ռեժիմը հավերժ երկարաձգել չի կարող, ուստի ցանկանում է գտնել լուծումներ, որ մի կողմից՝ վերացնեն արտակարգ դրության իրավական ռեժիմը, մյուս կողմից՝ պահպանեն այն սահմանափակումները, որոնք կվտանգեն իրենց իշխանությունը։

«Եթե նրանք գնան այնպիսի պրոցեսի, որը կսահմանափակի հավաքների ազատությունը, ապա այստեղ պարզ է դառնում, որ Փաշինյանը սարսափած է և ունի լեգիտիմության լուրջ կորուստ։ Փաշինյանը հոգեբանորեն վախենում է ժողովրդի՝ իր դեմ դուրս գալուց, կլինի զանգվածային դժգոհություն,  դա անխուսափելի է, քանի որ սոցիալական վիճակն օր օրի վատանում է և շտկվելու որևէ հեռանկար չունի»,- ասաց Ղազինյանը։

Անդրադառնալով տավուշյան դեպքերի վերաբերյալ  կառավարության երեկվա նիստում վարչապետի  այն դիտարկմանը, որ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ հասարակությունը միակամ է իր լեգիտիմ կառավարության հետ, Արթուր Ղազինյանն ասաց.

«Փաշինյանի կառավարությունը որևէ առնչություն չունի բանակի հաջողությունների հետ. այսինքն՝ կառավարությանը՝ Նիկոլ Փաշինյանին, որևէ մեկը աջակցություն չի հայտնել. օրինակ՝ մենք մեր աջակցությունը հայտնել ենք բանակին, ինքն ինչ ցանկանա՝ կասի, կարծում եմ՝ այդպես ասելով՝ փորձ արեց բանակի հաջողությունները քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել իր իշխանության համար, մինչդեռ մի բան ակնհայտ է՝ այսօրվա իշխանությունը խաղաղության կուսակցություն է, իրենք խաղաղության գաղափարների կրողներ էին, երբ 2018 թվականին եկան իշխանության, խաղաղություն էին քարոզում, դեմ էին պատերազմին, իսկ իշխանության հիմքը հանդիսացող այդ հատվածը, որը մշտապես պայքարել է ազգ-բանակի դեմ, ասել է, որ ադրբեջանցիները վատ մարդիկ չեն, և եկել են՝ որպես խաղաղության քարոզիչներ, իսկ  հիմա ստիպված են ռազմատենչ հռետորաբանություն ընդունել, հետևաբար՝ Փաշինյանի խաղաղության կուսակցությունը Հայաստանում պարտություն կրեց։ Այն օրակարգը, որը դրվել էր նրանց վրա, ձախողվեց, իսկ խաղաղության կուսակցության պարտության իրավական ձևակերպումն առաջիկայում կտեսնենք»,- ասաց Ղազինյանը՝ շեշտելով, որ վարչապետը երեկ կառավարության նիստի ժամանակ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ իր արձանագրումներով վերահաստատեց, որ իր ասած զրոյական կետը դա վերադարձն է մինչև իր իշխանությունը եղած իրավիճակին։

«Մնում  է Փաշինյանը հայտարարի, որ վերադառնում ենք ազգ-բանակ կոնցեպտին, և ամեն ինչ կընկնի իր տեղը»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախի հարցում ունենք իրար հակադիր լոզունգներ, ինչպիսին են, օրինակ՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին ասվածն ու «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպումը։

«Մինսկի խմբի համանախագահներն ասում են՝ մենք չենք հասկանում՝ հիմա Փաշինյանը ուզո՞ւմ է իրականում, որ Արցախը բանակցային սեղան վերադառնա, ինչը նշանակում է, որ առավելագույնս պետք է բարձրացվի Արցախի սուբեկտայնությունը, իսկ այդ դեպքում իմաստազուրկ է դառնում «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպումը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ, երբ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, ապա պետք է պատրաստ լինի, որ Ադրբեջանն էլ կներկայացնի ադրբեջանական համայնքին վերադարձնելու հարցը, և այս առումով Փաշինյանի պահանջը վտանգավոր է։

«Կամ Փաշինյանը մինչև վերջ չի հասկացել և խորհրդակցություն չի արել համանախագահների հետ, որ հասկանա՝ արդյո՞ք այն իրավիճակում ենք, որ Ադրբեջանին վերջնագիր ներկայացնենք, և արդյո՞ք Հայաստանը պատրաստ է այդ վերջնագրի արդյունքում ստեղծվող իրավիճակի համար պատասխանատվություն կրել։ Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունը պետք է լինի կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի կանոններով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի  վերանայմանը, որի մասին խոսեց Կառավարության ղեկավարը, Արթուր Ղազինյանը նշեց.

«2018 թվականի իրադարձություններից հետո Թուրքիայի դեմ որևէ բան չի արվել. 2018 թվականից հետո Հայաստանում եղել է թրքասիրական քաղաքականություն, օրինակ,  երբ Սորոսը հայտարարեց, որ Թուրքիային պետք է աջակցել Ռուսաստանի դեմ պայքարում, ոչինչ չարվեց դրա դեմ, և չէին էլ կարող նրա հիմնադրամից ֆինանսավորվող լրատվամիջոցները և այլ կառույցները որևէ այլ բան անել և այդ կոչին հակառակ գործել.  դա հնարավոր չէր, որովհետև հիմնական դոնորն ասել է՝ ինչ պետք է անել»: Ղազինյանը շեշտեց, որ Փաշինյանի կառավարության երեկվա ելույթը տրամագծորեն հակադրվում է երկու տարի վարած քաղաքականությանը, հետևաբար՝ ևս մեկ անգամ կրկնեց՝ խաղաղության կուսակցությունը պարտվել է։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս