«Այդ դափնիներն առավելապես հայ համայնքինն են․ հենց համայնքի ակտիվ աշխատանքի արդյունքում ենք հասել այս փոքրիկ հաղթանակին». Սուրեն Սարգսյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունների նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, ծրագիրը նախատեսում 1.4 մլն դոլարի աջակցություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի՝ կյանքեր փրկող ականազերծման աշխատանքները:

HALO Trust-ը Արցախում հումանիտար ականազերծմամբ է զբաղվում 2001 թվականից: Արցախին օգնության տրամադրման հարցը երկար ժամանակ հարձակման էր ենթարկվում Ալիևի ռեժիմի կողմից: Սակայն ANCA-ի առցանց պորտալների միջոցով տասը հազար փաստաբաններ են կապ հաստատել Կոնգրեսի հետ՝ Արցախում ականազերծման համար ԱՄՆ օգնության շարունակականությունն ապահովելու կոչով:

«Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում». Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց»,- անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից այս ծրագրի ընդունմանը՝ ֆեյսբուքյան էջում գրել էր միջազգայանագետ Սուրեն Սարգսյանը:

Միջազգայնագետը տեղեկացրել է նաև, որ Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը. «Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են: Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ Անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար: Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը, վստահ եմ, հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»:

168.am-ը Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս հաղթանակը նաև հայաստանյան իշխանությունների դիվանագիտական հաղթանակն է: Նա պատասխանեց. «Սա «կռիվ» է եղել բացառապես մեր համայնքի և Ադրբեջանի կողմից վարձված լոբբիստների միջև, և այստեղ այդ դափնիները, կարծում եմ, առավելապես պետք չէ տալ ուրիշներին, այլ հենց մեր համայնքին, որովհետև հենց համայնքի ակտիվ աշխատանքի արդյունքում ենք մենք հասել այս փոքրիկ հաղթանակին»:

Ըստ նրա՝ բանաձևի նաև Սենատի կողմից հաստատվելու հավանականությունը մեծ է. «Շանսերը բարձր եմ գնահատում, որ բանաձևը կհաստատվի նաև Սենատում, բայց ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել. Սպասենք-տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն»:

Տեսանյութեր

Լրահոս