Չորաթան. խաղողի այգիների սահմանապահ գյուղը

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղը 30 տարվա հայ-ադրբեջանական սահմանային քրոնիկոնում գրեթե չի հիշատակվել: Հայ-ադրբեջանական սահմանից 6կմ հեռավորության վրա՝ Թովուզի Աղդամ գյուղի դիմաց գտնվող Չորաթանում էլ մարդիկ կրակի տակ են խաղող մշակում, արտ հնձում: Չորաթանցիների խաղողի այգիների մեծ մասը գտնվում է Ղարադաշ սարի ստորոտում՝ հայ-ադրբեջանական սահմանի վրա:

«Մեր այգիները սահմանի վրա ա, ամենաառաջինը իմ այգին ա, մեզնից հետո արդեն սալդատն ա: Նոր չեմ քինացել, թույլ էլ չեն տալիս, որ իջնենք: Դե, ասում են, որ այգին էլ ա հրետակոծվել: Դե, չգիտենք՝ ոնց կըլի, ինչ կըլի: Մեր էս տարվա աշխատանքը ոնց որ կորչում ա: Մեր եկամուտի աղբյուրը գյուղում էդ ա: Ասենք՝ մի 9 տոննա խաղող էի սպասում: Անցյալ տարի 7 տոննա է տվել, էս տարի շատ ա մի քիչ: Էդ ա, էն էլ արդեն կփչանա, ֆսյո…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Չորաթանի բնակիչ Հովսեփ Քալանթարյանը:

Գյուղի բնակիչները պատմում էին, որ  վերջին տարիներին այգում աշխատելիս կրակոցներ չեն եղել: Բայց դե, չորաթանցիներն անգամ կրակոցների տակ աշխատելու փորձ ունեն:

«90-ական թվականների կռիվներին այգում քանի անգամ ա եղել, մոտս խփել ա, փախել եմ, թողել ենք, այգուց դուս ենք եկել, թաքնվել ենք: Մեր այգին էնպիսի տեղ ա, որ մենք փոսի մեջ ենք, ինքը՝ բարձունքում նստած:  Չես էլ կարում ըտեղից դուս գաս, մի հարմար տեղ մտնես, նոր գիշերը դուս ես գալիս ընդեղից: Էդ էլ ա եղել: Բայց դե, հիմա էլ արխային մեքենայով քինում, այգումս կանգնում, աշխատանքս անում, պրծնում գալիս էի: Դե, հիմա էլ չես կարա քինաս»,- ասաց Հովսեփ Քալանթարյանը:

Հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական հրետակոծություններից վնասներ են կրել նաև այս գյուղի բնակիչները: Վնասվել են գյուղացիների այգիներն ու գյուղի ջրագիծը: Չորաթանցիները կատակով ասում են, թե թշնամին վախենում է իրենցից, հենց դրա համար էլ ուղիղ գյուղին չեն հարվածում:

«Ջրի խողովակը տանկի սնարյադից սաղ պայթեցրել էր, մի 12 տեղ՝ 10սմ, 20 սմ ասկոլկեն տվել, ծակել էր: Ինչ դժվարությամբ, ինչ ձևով, արահետով տարել ենք, սվարկա արել, որ էդ հողի վրա աշխատենք»,- ասաց բնիկ չորաթանցի, 74-ամյա Բաբկեն Օհանյանը:

Ու չնայած ջրի խողովակն արդեն քիչ թե շատ վերանորոգված է, այգիներում բնակիչները առաջիկայում դժվար կարողանան աշխատել: Ապրուստի միջոցն աչքների առաջ փչանում է, բայց անգամ այդ պայմաններում չորաթանցիները սահմանապահ գյուղից հեռանալու ու այլ տեղ կյանք կառուցելու մասին անգամ չեն էլ մտածում:

«Ծնվել եմ էս հողի վրա, մեծացել՝ էս հողում: Իմ պապի պապը ծնվել ա էստեղ, մեծացել՝ էս հողի վրա: Հիմի աշխատում ենք, գյուղի կյանքով աշխատում ենք, հող ենք մշակում: Շատ դժվար ա, շատ, բայց այնուամենայնիվ մեր հողն ա, մենք ոչ մի տեղ չենք գնալու, սա մեր հողն ա, մեր ծննդավայրն ա, մեր հայրենիքն ա, մեր հողն ա: Ստեղից մենք ոչ մի տեղ չենք գնա:

Էդ ձևի տրաքոցներով գյուղացիք էս ճանապարհով գնում-գալիս են. ոնց որ արդեն սովորական ա դառել մեզ համար»,- ասաց 74-ամյա Բաբկեն Օհանյանը:

Ողջ կյանքում Չորաթանում ապրածները գիտեն՝ հենց հրետակոծության առաջին արկի ձայնը գալիս է, հավաքվում են ապաստարանում, որ պետք եղած դեպքում էլ, ինչպես իրենք են ասում, «քինան սահման, կանգնեն սալդատի մոտ»:

«Հենց առաջին հրետակոծման արկը գալիս  ա արդեն գյուղի վրա, երեխաներին, գյուղի մեծերին, կանանց բերում ենք այստեղ, բայց մենք՝ տղամարդիկ, իհարկե, պատրաստ ենք՝ պետք լինելու դեպքում մենք ներքև իջնենք, մեր զինվորի թիկունքում կանգնենք… Ստեղ արդեն ամեն ինչ սարքած ա, հարմար տեղ ա»,- ասաց չորաթանցի Հովսեփ Քալանթարյանը:

«Վախենալու բան  չունեցող» մարդիկ հենց սահմանին՝ բնությամբ ու մարդկանցով հարուստ իրենց գյուղում, ապաստարանի, մանկապարտեզի ու դպրոցի կողքին նաև  հարսանյաց սրահ են կառուցել, որ ցույց տան՝ զարգացնելու ու շենացնելու են Չորաթանը, որ կռիվ չտեսնեն:

Տեսանյութեր

Լրահոս