«Ադրբեջանը 5 միլիոն դոլար է ծախսել, որ հակառուսական բանաձևով հայերին խփի. սա խեղդել է պետք». Սուրեն Սարգսյան
ԱՄՆ-ում այս օրերին տեղի են ունենում բյուջետային քննարկումներ, հատկացումներ են արվում տարբեր ուղղություններով, իսկ ռազմական բյուջեի մասին օրենքում տարբեր կոնգրեսականներ առաջարկներ են ներկայացրել տարբեր ուղղություններով կատարվելիք հատկացումների մասին։ Բերվել են մի քանի բանաձևեր՝ պրոհայկական և հակահայկական, որոնք դեռ պետք է ընդունվեն Սենատում։ Այսօր 168.am-ի եթերում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում ընդունված մի շարք բանաձևերին։
«Պրոհայկական բանաձևերից կառանձնացնեմ Ֆ. Փալլոնի բանաձևը, որը վերաբերում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հրապարակայնությանը։ Մենք հնարավորություն կունենանք իմանալ, թե ի՞նչ օգնություն է ստանում Ադրբեջանն ԱՄՆ-ից՝ օրինակ, վերջին տարիներին 100 մլն դոլարի օգնություն է ստացել, բայց հստակ չգիտենք՝ ինչի՞ համար են ծախսվել այդ միջոցները, ուստի այս թափանցիկությամբ դա կիմանանք։ Մյուս կարևոր նախաձեռնությունը վերաբերում է Արցախի ականազերծման ծրագրին՝ 1.5 միլիոն դոլարի չափով, իհա՛րկե, փոքր ֆինանսական օգնություն է, բայց սրա քաղաքական նշանակությունը շատ մեծ է։ Հակահայկական բանաձևերի հետ կապված՝ կառանձնացնեմ ադրբեջանցիների՝ իրենց լոբբիստների միջոցով շրջանառության մեջ դրված մեկը, որը վերաբերում է Արցախին ընդհանրապես օգնություն չտամադրելուն, մյուսը՝ չճանաչված պետություններին օգնություն չտրամադրելուն, իսկ 3-րդը վերաբերում է Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի օկուպացված տարածքներում մարդու իրավունքներին՝ մասնավորապես, փախստականների իրավունքներին, և կոչ է արվում պետքարտուղարին և պաշտպանության քարտուղարին պարբերաբար զեկուցել՝ 1991 թվականից մինչ օրս քանի մարդ է սպանվել այդ տարածքներում. սա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը վաղը դիմի պրովոկացիայի, և մարդիկ սպանվեն, դա ներկայացվելու է սպանություն և այդ մասին տեղեկություն տրամադրվի պետքարտուղարին։ Այս զեկույցը հակահայկական է այնքանով, որ չի պահանջում տեղեկություն հրապարակել Ադրբեջանում սպանված հայերի մասին»,- ասաց Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ և՛ Արտգործնախարարությունը, և՛ խորհրդարանական դիվանագիտությունը, և՛ մեր լոբբիստները պետք է բոլոր միջոցներով կանխեն այս բանաձևի ընդունումը Սենատում, որովհետև եթե այն ընդունվեց, կդառնա նախադեպային և իրավական հիմք կստեղծի, որ հետայսու այլ իրավական ակտեր ու բանաձևեր ընդունելիս՝ ընդհուպ ՄԱԿ-ում, ընդունվելիք բանաձևերի ժամանակ հղում է արվելու այս բանաձին։
Ըստ Սարգսյանի՝ այս բանաձևը գրվել է Ադրբեջանում և շրջանառության մեջ է դրվել դեսպանատան միջոցով, որով Ադրբեջանը լուծում է աշխարհաքաղաքական հարց։
«Սա կապ ունի բացառապես ռուսների հետ, պարզապես ադրբեջանցիների խորամանկությունը կայանում է նրանում, որ հիմա հաշվի առնելով ԱՄՆ-ում հակառուսական տրամադրությունը, այս բանաձևն ավելի մեծ շանս կունենա անցնելու։
«Ադրբեջանն օգտագործում է հակառուսականությունը և խփում է հայերին, և կարծում եմ, որ մենք հենց այս հանգամանքը պետք է օգտագործենք, թեև տեսնում է, որ չենք օգտագործում։ Ի դեպ, կան պայմանագրեր, որ Ադրբեջանի դեսպանությունը լոբբիստական կազմակեպություններից մեկին փոխանցել է 5 միլիոն դոլար նմանատիպ բանաձևերը Կոնգրեսին հասցնելու համար։ Նման բանաձևերը պետք է խեղդել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ նախնական հաշվարկներով՝ տարեկան Ադրբեջանն այս նպատակի համար հատկացնում է 15 միլիոն դոլար։
Սուրեն Սարգսյանն անդրադարձավ նաև հուլիսի 10-ին ընդունված անվտանգության ռազմավարության հայ-ամերիկյան հարաբերությունների մասին մատնանշած քայլերին։
«Մեկ-երկու անդրադարձ է կատարված՝ ոչ սկզբունքային, ոչ կարևոր, ոչ շոշափելի, մոտավորապես այնպես, ինչպես ՔՊ-ի ծրագրում էր։ Կարծում եմ՝ գուցե Անվտանգության խորհրդի քարտուղարին պետք է հարցնել՝ գոնե հասկանո՞ւմ ես՝ ի՞նչ ես գրել, պրակտիկորեն գրվածն ինչպե՞ս է կիրառվելու, եթե ինչ-որ բան ես գրում, պետք է նախ հասկանալ՝ դրա տակն ինչ ունենք»,- ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, մասնավորապես, Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու առումով Հայաստանի քաղաքականության վերանայման անհրաժեշտությանը, Սուրեն Սարգսյանը նկատեց.
«Էդ ի՞նչ մեխանիզմով ենք զսպելու Թուրքիային, չէ՞ որ, եթե ուզում ես Թուրքիային զսպել, պետք է զսպես քո երկրում հակառուսական տրամադրությունները, որովհետև քո և Թուրքիայի սահմանը ռուսական ուժերն են պահում, հիմա, եթե ռուսական ուժերը հանում ես, ինչ է՝ Արցախի՞ց ես զորք բերում, որ այդ սահմանը պահես։ Եվ ընդհանրապես՝ աշխարհում ոչ ոք չի կարողանում Թուրքիայի վրա ազդեցություն ունենալ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում