ՊՆ-ի համար ավիատոմսերի ձեռքբերումը՝ գներն ու ավիաուղղությունները, այսուհետ կլինեն գաղտնի. չեն հրապարակվի
2016 թվականին ընդունված Կառավարության որոշումներից մեկով մինչև հիմա գաղտնի են համարվել ՀՀ նախագահի, Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց, Ազգային անվտանգության ծառայության կողմից ավիատոմսերի գնումները։
Բացի այս գերատեսչությունների պաշտոնյաների համար գնված ավիատոմսերի մասին տեղեկատվության հրապարակումից, մնացած բոլոր գերատեսչությունների դեպքում հրապարակվել են ձեռք բերված ավիատոմսերի գները, ձեռքբերման ամսաթվերը, ուղղությունները, ինչպես նաև այն, թե քանի հոգու համար է ավիատոմս գնվել։
Սակայն գործադիրը փոփոխություն է կատարել 2016 թվականին ընդունված որոշման մեջ, և այսուհետ գաղտնի կհամարվեն նաև Պաշտպանության նախարարության համար ավիատոմսերի գնումները։
Հասարակությունն այլևս չի կարող իմանալ, թե ինչ գնի ավիատոմս է գնվել նախարարության այս կամ այն պաշտոնյայի գործուղման համար, նրանք որ երկիր են մեկնել և քանի հոգով: Անհայտ կլինի նաև, թե տարեկան կտրվածքով Պաշտպանության նախարարությունը գործուղումների՝ միայն ավիատոմսերի համար պետական բյուջեից որքան գումար է ծախսում։
Կառավարության ընդունած որոշման հիմնավորման համաձայն՝ այս փոփոխությունը պայմանավորված է Պաշտպանության նախարարության համակարգի պաշտոնատար անձանց գործուղումների մասին տվյալները չհրապարակելու արդյունքում ՀՀ զինված ուժերին ուղղված հնարավոր սպառնալիքների կանխմամբ:
Հաշվի առնելով, որ Պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների՝ գործուղումների մեկնելու նպատակով գնված ավիատոմսերի մասին հրապարակված տեղեկատվության միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե որ երկրների հետ է Պաշտպանության նախարարությունը հատկապես համագործակցում, ինչ հաճախականությամբ ու ծավալներով, ինչպես նաև այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների անվտանգությամբ պայմանավորված է զինված ուժերի և, այդպիսով, պետության անվտանգությունը, կարելի է եզրակացնել, որ ՊՆ-ի կողմից ձեռք բերված ավիատոմսերի մասին հրապարակումները կարող են բացահայտել հետաքրքրություն ներկայացնող տվյալներ, հատկապես այն դեպքերում, երբ գործուղման փաստն ինքնին կրում է գաղտնի բնույթ: