«Մենք դատի ենք տալու ԿԳՄՍ նախարարին». չընդունված դիմորդի ծնող

«Մեզ պատասխանեցին, որ մեզ այստեղ չեն ընդունում». այսօր համալսարան չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի առջև, նրանք խնդրել էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց աշխատակազմից փոխանցել են, որ հարցը ԿԳՄՍՆ տիրույթում է, և վարչապետը չի ընդունի նրանց:

«Մենք անցնելու ենք այլ պայքարի, քանի որ մենք ճիշտ ենք, սահմանադրորեն խախտվել է մեր երեխաների իրավունքը: Մեզ աջակցում են մի շարք ՀԿ-ներ, որոնք համագործակցում են իրավաբանական ընկերությունների հետ, այդ ընկերություններն իրենց աջակցությունն են ցուցաբերելու մեզ, որ այս հարցը իրավական հարթություն բարձրացնենք: Մենք դատի ենք տալու ԿԳՄՍ նախարարին, կոնկրետ իրեն, դրանից հետո՝ նաև ԳԹԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց, որոնք պատշաճ ձևով չեն ներկայացրել ընդունման կարգը»,- ասաց Բաբալյանը:

Չընդունված դիմորդները սկսեցին վանկարկել՝ «Ա-մոթ»: Նրանցից մեկը բարձրախոսով ցանկանում էր հայտարարություն անել, այդ ժամանակ նրանց մոտեցան ոստիկանները և հորդորեցին ակցիա չիրականացնել:

Հավաքի մասնակիցները երթով շարժվեցին ԿԳՄՍ նախարարություն՝ դիմում հանձնելու:

«Նամակի ձևով մեր պահանջը կներկայացնենք և կտանք վերջնաժամկետ, եթե այդ ժամկետում մեր խնդիրներին լուծում չտան, դատի ենք տալու: Նման նախարար մենք չենք ուզում, Արայիկ Հարությունյանն իրավունք չունի ԿԳՄՍ նախարար լինելու, ամոթ իրեն»,- ասաց Մասիս Բաբալյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս