«Մենք նախարար չունենք, ունենք մարդ, որը չի տիրապետում իր ոլորտին». ՀՅԴ երիտթևի անդամը՝ ԿԳՄՍ նախարարի մասին
Այսօր համալսարան չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի առջև: Նպատակն էր՝ գործադիրի նիստից հետո հանդիպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանց աջակցելու էին եկել ՀՅԴ երիտթևի անդամները, որոնք դեռ անցած տարվանից պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիայի պատճառը ԿԳՄՍՆ-ի որդեգրած նոր քաղաքականությունն է, որի արդյունքում բարձր միավորներ ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Պաշտոնական տվյալներով՝ 739 դիմորդ հավաքել է բավարար գնահատական, սակայն ոչ մի տեղ չի ընդունվել: Դիմորդն իր հայտում նշած մյուս բաժիններն ընդունվելու հնարավորություն ստացել է միայն այն դեպքում, երբ տվյալ բաժնում թափուր տեղեր են մնացել:
«Մեր համար անակնկալ չեն այսպիսի խնդիրներն այս ոլորտում, մենք դեռ ամիսներ առաջ էինք բարձրաձայնում, որ այս նախարարը չի տիրապետում իր պաշտոնին և պետք է օր առաջ հեռանա, և այսօրվա այս իրադարձությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք նախարար չունենք, ունենք մարդ, որը չի տիրապետում իր ոլորտին»,- ասաց ՀՅԴ երիտթևի անդամ Գոռ Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ ԿԳՄՍՆ-ն պարտավոր էր պատշաճ տեղեկացնել դիմորդներին, և դիմորդները մեղավոր չեն, որ չեն ծանոթացել կարգին:
«Մենք բոլորս էլ դիմորդ եղել ենք: Այդ օրերին դիմորդների ամբողջ ուշքն ու միտքն իրենց պարապմունքների և ընդունվելու մասին է եղել: Այն, որ այդ օրենքի մասին տեղյակ չեն եղել, կարող է նորմալ լինել: Նախարարությունը պարտավոր էր բոլոր միջոցները ձեռնարկել շահառուին տեղյակ պահելու համար»,- ասաց Գոռ Սարգսյանը:
Մինչդեռ, ըստ Գոռ Սարգսյանի, այժմ շահառուներին իրենց վերաբերող որոշումների մասին տեղեկացնելու միջոց են կիրառվում ֆեյսբուքյան լայվերն ու ստատուսները, որը, ինչպես փորձն է վկայում, ոչ բոլորն են դիտում և կարդում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում