«Մեր պաշտոնյաները գնում, գյուղերում քարշ էին գալիս ու ոչինչ չէին անում․ ձրիակերի նման ոչինչ չեն անում, հետո էլ ասում են, թե գյուղացիներն են մեղավոր». Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հիշեցնում է՝ դեռևս նախորդ տարվա վերջին ասել է, որ Հայաստանում սպասվում է գյուղմթերքի թանկացում։ Ասում է՝ այդ հայտարարությունն արել էր, որպեսզի պատկան մարմինները քայլեր ձեռնարկեին և կանգնեին գյուղացու կողքին, բայց որևէ մեկն ականջալուր չեղավ, և դրա հետևանքով ստեղծվել է այն իրավիճակը, որը կա։
«Այսօր գյուղացիական տնտեսությունները կանգնել են խնդրի առջև, որովհետև ընդհանուր գյուղատնտեսության վիճակը շատ ծանր է։ Հատկապես բանկերի հետ կապված վարկային պատմությունների մասով․ մարդկանց մի մասը վարկ ստացավ, բայց հիմնական մասն այդպես էլ չկարողացավ ստանալ, քանի որ քաոսային վիճակ էր, հերթեր էին։ Այսինքն՝ եղած ռեսուրսը շատ քիչ հատկացվեց մարդկանց։ Այն թվերը, որ մեր Կառավարությունը միշտ ասում է, պետք է բոլոր ֆերմերներն էլ հավասարապաես ստանային, բայց այդպես չեղավ, քանի որ Կառավարությունը հերթական անգամ գնաց սխալ քայլի։ Ասել եմ ու այժմ էլ կրկնում եմ՝ բանկերն այսօր հիմնական մեղավորներն են, որ գյուղացիները գտնվում են այսքան վատ վիճակում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։
Ըստ նրա՝ Կառավարությունը բանկերի հետ գործարքի մեջ է մտնում, որ իբրև թե օգնեն գյուղացիներին, բայց տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Նա պնդում է՝ գյուղացու անունով դուրս գրված գումարները պետք է տան գյուղացուն, ոչ թե այն կազմակերպություններին, որոնք գյուղացու անվան տակ հարստանում են։
«Կարծում եմ՝ այս հարցով պետք է սկսի զբաղվել ԱԱԾ-ն, պետք է պարզի, թե այդ գումարներն ինչու տեղ չեն հասնում։ Փաստորեն Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորելու փոխարեն՝ սուբսիդավորում է բանկերին՝ գյուղացու անվան տակ։ Կառավարության անդամը, որն այս խնդիրը լուծում է՝ աշխատում է հօգուտ բանկերի, երևի բանկերի հետ ավելի հեշտ է աշխատել, քան հարյուրավոր ֆերմերների։ Գյուղացին վատ վիճակում է, հերթով թողնում-գնում են»,- շեշտեց Հ. Բերբերյանը։
Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ Կառավարությունը հայտարարում է, թե լուծելու է հակակարկտային կայանների հարցը, բայց մինչև օրս հարցը չի լուծվել, ինչն էլ խնդիրներ է առաջացնում գյուղացիական տնտեսությունների համար։
«Պարոն Նիկոլ Փաշինյանը խոստացավ, բայց այդպես էլ չբարեփոխեց ոռոգման համակարգը։ Միայն 3-4 ամիսը մեկ Ջրային կոմիտեի նախագահ են փոխում, գիտելիքների առումով՝ մեկը մեկից անորակ, նրանք մասնագետ չեն։ Մի կողմից՝ ոռոգման համակարգն այս վիճակում է, մյուս կողմից՝ մորմազգի ցեցի հարցը, որը Կառավարությունն այդպես էլ չլուծեց, երրորդ կողմից էլ՝ գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորելու մասով չլուծված խնդիրները հանգեցրել են այս վիճակին։ Մորմազգու ցեցն ուղիղ «խփեց» բանջարեղենի արտադրությանը»,- ասաց նա։
Նրա դիտարկմամբ՝ կոպիտ հաշվարկներով, օրինակ, նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ծիրանի բերքը մոտավորապես 40 տոկոսով նվազել է։ Բացի բերքի պակաս լինելուց, ծիրանի որակն ու արտաքին տեսքն էր շատ վատը։ Այս ամենն էլ հանգեցրել է նրան, որ ծիրանի գինը շուկայում 600 դրամից չի նվազել։
«Անձրևների հետևանքով գլուխ բարձրացրեցին սնկային հիվանդությունները, մարդիկ զանգահարում էին մեզ ու հետաքրքրվում, թե ինչ սրսկեն, իսկ մեր պաշտոնյաները գնում, գյուղերում քարշ էին գալիս ու ոչինչ չէին անում։ Նրանք ձրիակերի նման ոչինչ չեն անում, հետո էլ ասում են, թե գյուղացիներն են մեղավոր, որ չգիտեն ինչ սրսկեն։ Այս հիվանդության դեմը չառան, որի արդյունքում էլ ունեցանք ծիրանի քիչ բերք։ Նույն հիվանդությունն այսօր էլ կա, նկատել ենք խնձորի, կեռասենու վրա, խաղողի բերքը լինի՝ հաստատ այնտեղ էլ կլինի»,- շեշտեց նա։
Հրաչ Բերբերյանը նաև հավելեց, որ, եթե մենեջմենթը չփոխեն, ապա ջերմոցային տնտեսությունները կարող են տուժել, և հույսը միայն դնել վարունգի ու լոլիկի վրա՝ այդքան էլ տեղին չէ։
«Ջերմոցային տնտեսություններն այսօր մեզ պետք են, օրինակ, մենք այս տարի ջերմոցի սմբուկ ունեինք, որը մրցունակ էր տարբեր երկրների սմբուկի հետ։ Գուցե պետք է նաև ուղղությունները փոխել, այսինքն՝ ծաղկի ատադրություն սկսել, ինչպես Նիդեռլանդներում է, այսօր ամբողջ աշխարհն այդ երկրից է ծաղիկներ առնում։ Օրինակ, ես շատ լուծումների տարբերակներ ունեմ, բայց հիմա դրա մասին չեմ խոսի, որովհետև շատերը կսկսեն քննադատել, որովհետև մեզ մոտ մեկը մի խելոք բան է ասում, տասը ֆեյք հարձակվում են վրան։ Այսօր հիմարները փորձում են խելոք մարդկանց գլուխն ուտել։ Պատահական մարդիկ հայտնվել են Կառավարությունում ու փորձում են ցեխոտել գիտակներին»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։