![](/banners/BeFunky-design.jpg)
«Դատախազները չեն կարող մասնակցել գործի վարույթին». տուժողի ներկայացուցիչը դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց
![](https://168.am/wp-content/uploads/2020/06/Gevorg-Baxdasaryan.jpg)
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստում դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննեց քրեական գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:
Էդուարդ Ասլանյանի խոսքով՝ «դատախազները չեն կարող մասնակցել գործի վարույթին» և պետք է հեռացվեն վարույթից:
«Դատարանում քնննվող սույն գործի նյութերում բացակայում են և ներառված չեն 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով որպես տուժող և վկա Սերգեյ Եղիազարյանի հարցաքննությունների, նրա ցուցմունքների արձանագրությունները, տուժող ճանաչելու մասին որոշումը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և հարուցված վարույթի շրջանակներում կազմված նյութերով կատարված հնարավոր այլ դատական գործողությունների մասին ապացույցներ:
Միաժամանակ, սույն գործի վարույթի ընթացքում որպես տուժող կողմ՝ Սերգեյ Եղիազարյանը զրկված է 2008 թվականին կազմված գործի նյութերին, այդ թվում՝ վերը նշված փաստաթղթերին ծանոթանալու հնարավորությունից՝ դրանք չտրամադրելու պատճառով»,- միջնորդությունը ներկայացնելով՝ ասաց Էդուարդ Ասլանյանը:
Փաստաբանի խոսքով՝ դատախազների գործունեության հետևանքով իր պաշտպանյալը զրկվել է 2008 թվականի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ որպես տուժած անձ աջակցություն ստանալու հնարավորությունից:
Ըստ Ասլանյանի՝ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի իրավունքների խախտումների մասին իմացել է դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն տուժողի իրավունքների խախտումներն արձանագրելու, դրանք վերացնելու և տուժողի իրավունքները վերականգնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել:
Էդուարդ Ասլանյանը նաև անդրադարձավ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ դատախազների ներկայացրած միջնորդությանը, որով մեղադրողները դատարանից խնդրում էին սահմանափակել պաշտպանական կողմի տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը:
«Պնդում ենք, որ սույն քրեական գործով ամբաստանյալներին մեղսագրվող արարքները որևէ ընդհանուր առնչություն չունեն Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Սերգեյ Եղիազարյանին ֆիզիկական և նյութական վնաս պատճառելու հանգամանքի հետ, և, մասնավորապես, երբ մինչև օրս բացահայտված չեն իրական մեղավորները: Այսպիսով, մեղադրանքի կողմ է հանդիսանում տուժողը, մեղադրանքի կողմը ներկայացնում է մեղադրողը: Ըստ էության մեղադրողը պետք է ստանձնի և իրականացնի տուժողի իրավունքների պաշտպանությունը՝ որպես հանրային իշխանությունների ներկայացուցիչ, որպիսին գործող դատախազները չեն կատարում, այլ հակված են սույն գործով ամբաստանյալների նկատմամբ շինծու մեղադրանքները կանխակալ կերպով և կողմնակալությամբ կապելուն»,- ասաց Էդուարդ Ասլանյանը:
Տուժողի ներկայացուցչի խոսքով՝ դատախազների կանխակալ վերաբերմունքը սույն քրեական գործին բացասական ազդեցություն է ունեցել տուժող Սերգեյ Եղիազարյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության առումով:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն անդրադառնալով բացարկի միջնորդությանը՝ ասաց, թե դատախազներին բացարկ ներկայացնելու հիմնավորում միջնորդության մեջ չկար, և այն ենթակա է մերժման:
Գործով ամբաստանյալների պաշտպանները միացան տուժողի ներկայացուցչի՝ դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությանը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության վերաբերյալ ներկայացրեց իր առարկությունները՝ նշելով, որ տուժողը դիմել է գործի նյութերին ծանոթանալու թույլտվություն ստանալու համար միայն այն ժամանակ, երբ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկված էր դատարան:
«Տուժողը և նրա ներկայացուցիչը, եթե գտնում են, որ իրենք այս քրեական գործով անելիք չունեն, պաշտպանության կողմում հանդես գալու փոխարեն՝ ուղղակի կարող են դատարանին միջնորդել, որպեսզի իրենց դատավարական լիազորություններն այս քրեական գործով դադարեցվեն»,- ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, թե ներկայացված միջնորդության փաստարկների մասին ոչինչ չունի ասելու, քանի որ ներկայացված միջնորդությունն ընդամենը կասկածի տակ է դրել ու վերահաստատել է մեղադրող կողմի պատկերացումը, թե տուժողն ու իր ներկայացուցիչն իրականում ինչ դատավարական շահ են հետապնդում:
Դատախազի խոսքով՝ այս միջնորդությունն ընդամենը հայտարարություններ անելու առիթ էր, իրականության հետ կապ չունի, «մեղմ ասած, հիմնավոր չէ»:
Դատախազների գործողությունները վրդովվեցրին Էդուարդ Ասլանյանին: Միջնորդության հեղինակը հորդորեց դատավարության կողմին իր գիտելիքները չդնել խոշորացույցի տակ՝ նշելով, թե դատախազներն ակնհայտ իրենց քայլերով սրում են իր ու իր վստահորդի հարաբերությունները:
Տուժողի ներկայացուցչի միջնոդությունը քննության առնելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր՝ 17:50-ին: