Սևանա լիճը կրկին ծաղկում է. «Այն մասերում, որտեղ բուռն ծաղկում է տեղի ունենում, կենդանական և բուսական աշխարհը մահանում է». Բարդուխ Գաբրիելյան
Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանն ահազանգում է՝ Սևանա լիճը կրկին սկսել է կանաչել։
«Պետք է ոչ բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի լիճը չծաղկի, և պայքարի որոշ միջոցներ ձեռնարկել։ Հիմա մենք կոնկրետ նպատակային նախագիծ ենք անում, որով հատուկ նյութ ենք ստեղծում, որը կլանում է, և կարելի է առավել ծաղկած տեղերից ինչ-որ մաս հանել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բարդուխ Գաբրիելյանը։
Ըստ Բարդուխ Գաբրիելյանի, նպատակային ծրագիրը, որն իրականացնում են Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ պահանջվել է14 մլն դրամ, սակայն ընդհանուր նախագիծը նախատեսում է մոտ 60 մլն դրամից ավելի գումար երեք տարվա համար։
Նրա խոսքով՝ լճի համատարած ծաղկումն առաջին հերթին կապված է ջերմաստիճանի բարձրացման հետ, երկրորդ պատճառը կենսածին տարրերի մեծ քանակության առկայությունն է։
«Կլիմայի փոփոխության պայմաններում դժվար է կասեցնել լճի կանաչումը, միակ ելքը մնում է լճի մակարդակի ուղղակի բարձրացումը, որը կնվազեցնի լճի միջին ջերմաստիճանը։ Նաև կենսածին տարրերի հետ կապված՝ գետերի վրա պետք է կառուցել մաքրման կայաններ և հնարավորինս քչացնել դրանց մուտքը դեպի լիճ։ Անհրաժեշտ է նաև, որպեսզի ունենանք բավարար քանակի ձկնային պաշար, որոնք օրգանական նյութը՝ սնվելով քչացնեն, իսկ օրգանական նյութերն այն պայմանն է, որը առաջացնում է ծաղկումը։ Եթե այս երեք պայմանները մենք ապահովենք՝ կունենանք կանաչման որոշակի նվազեցում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց, որ իրականացվելիք միջոցառումներից մեկն էլ պետք է լինի լիճը տարբեր նյութերով հնարավորինս շուտ մաքրելը։
«Այդ կանաչումը վնասում է լճի կենսաբազմազանությանը, վնասում է այնքանով, որ այդ կապտականաչ ջրիմուռները տոքսիկ են՝ թույն են արտադրում։ Այն մասերում, որտեղ բուռն ծաղկում է տեղի ունենում, և՛ կենդանական, և՛ բուսական աշխարհը մահանում է։ Բարեբախտաբար, ձուկը շարժվում է, և այն կարողանում է թողնել լճի այդ հատվածները և գնալ ավելի ապահով տեղեր և դրանով փրկվում է։ Սակայն հատակային կենդանիները, բույսերը, որոնք շարժունակ չեն, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք այդ ծաղկումից հետո գրեթե ոչնչացնում են։ Էկոլոգիական առումով ծաղկումը շատ վատ ազդեցություն է ունենում։ Դա նաև հանդիսանում է ինդիկատոր այն բանի, որ լճի էկոլոգիական վիճակն այժմ լավ չէ, ինչն էլ արտացոլվում է այդ ծաղկման մեջ»,- եզրափակեց Բարդուխ Գաբրիելյանը։