Բաժիններ՝

Լոռու մարզի Արջուտ համայնքում գտնվող աղբավայրում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 87-ամյա կնոջ դիակի մասերը՝ կիսայրված վիճակում

2020թ. հուլիսի 19-ին՝ ժամը 21:05-ին, Լոռու մարզի բնակչուհուց ահազանգ է ստացվել է այն մասին, որ չի կարողանում կապ հաստատել Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասում բնակվող մոր հետ:

Ահազանգին անմիջապես արձագանքել են օպերատիվ խումբը և ԱԻՆ աշխատակիցները, որոնք մուտք են գործել բնակարան, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 58-ամյա բնակչին, իսկ բնակարանի տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր:

Նախնական տվյալներով՝ 2020 թ.հուլիսի 17-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 58-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը գտնվող կենցաղային գործիքներով, հարվածներ է հասցրել 87-ամյա մոր մարմնի տարբեր հատվածներին` սպանելով նրան, ապա մասնատել և պոլիէթիլենային փաթեթներով մարմնի մասերը տեղափոխել է նույն թաղամասում գտնվող աղբարկղ և փորձել այրել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է քննչական խումբը:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Առերևույթ հանցագործություն կատարած անձի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առերևույթ հանցագործության գործիքներ հանդիսացած կացին, սղոց, մուրճ, նավթամթերքներ և գորգ՝ արնանման հետքերով:

Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում՝ մնացորդային շիզոֆրենիա ախտորոշմամբ։

2020 թ. հուլիսի 20-ին վերջինս ձերբակալվել է՝ մորն սպանելու կասկածանքով:

2020 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 09:30-ին, Լոռու մարզի Արջուտ համայնքում գտնվող աղբավայրում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 87-ամյա կնոջ դիակի մասերը՝ կիսայրված վիճակում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս