Հարկերի հավաքման վիճակն ավելի վատ է, քան կառավարությունը կարծում էր 2 ամիս առաջ

Երբ տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ ապրիլի վերջին կառավարությունը խորհրդարանին ներկայացնում էր 2020թ. պետական բյուջեի փոփոխությունները, կանխատեսում էր, որ տնտեսական անկման հետևանքով բյուջեի հարկային եկամուտները կթերակատարվեն 169,1 մլրդ դրամով։ Այդ փոփոխությունից ընդամենը 2 ամիս հետո գրանցված արդյունքները հիմք են տալիս ասելու, որ կառավարության կանխատեսումները հեռու են իրականանալուց։ Առաջին կիսամյակի կատարողականը ցույց է տալիս, որ բյուջեի ներքին եկամուտների թերակատարումը շատ ավելի մեծ կլինի, քան ի սկզբանե ենթադրվում էր։

Հարկային եկամուտների հավաքագրումն ընթանում է չափազանց հոռետեսական սցենարով։ Այս տեմպով գնալու դեպքում շուտով կարող ենք բախվել ծախսերի ժամանակին կատարման դժվարությունների հետ։ Եթե, իհարկե, կառավարությունը չորոշի ներգրավել նոր պարտքեր կամ կրճատել ծախսերը։

Առաջին կիսամյակում հաջողվել է հավաքել ընդամենը 680 մլրդ դրամ հարկային եկամուտ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեի հարկային մուտքերը կազմել էին փաստացի 713 մլրդ դրամ։ Տարբերությունը հասնում է 33 միլիարդի։  Առաջին կիսամյակում 4,6 տոկոսով պակաս եկամուտ է հավաքվել, քան 2019թ.։

Մուտքերի նվազման հետևանքով՝ բյուջեի կատարողականը լուրջ վտանգի տակ է։ Խնդիրը միայն այն չէ, որ մուտքերը նախորդ տարվանից պակաս են։ Թերակատարումը շատ ավելի մեծ է՝ պլանավորվածի համեմատ։

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով պլանավորվել էր ստանալ ավելի քան 770 մլրդ դրամ. փաստացի ստացվել է միայն 680 միլիարդը։ Այլ կերպ ասած՝ առաջին կիսամյակի արդյունքներով ունենք պլանավորված ցուցանիշից 90 մլրդ դրամի շեղում։ Թերակատարումը կազմում 11,6 տոկոս։

Չնայած նույնիսկ դա ամբողջությամբ չի արտահայտում այն տխուր պատկերը, որն ունենք բյուջեի հարկային եկամուտների կատարողականի հետ կապված։

Հայտնի է, որ մուտքերի նվազում սկսեց նկատվել հատկապես երկրորդ եռամսյակում։ Ապրիլին նախորդ տարվանից պակաս հավաքվեց 15 միլիարդ, մայիսին՝ 21 մլրդ դրամ։ Արդեն հունիսին մուտքերը նախորդ տարվանից պակաս են 45 մլրդ դրամով։ Անցած տարվա հունիսին հավաքվել էր 142 մլրդ դրամի հարկ ու տուրք։ Այս տարվա հունիսին դրանք կազմել են ընդամենը 97 միլիարդ։ Մուտքերը այդ ամիս նվազել են գրեթե 31,7 տոկոսով։

Սա ռեկորդային անկում է։ Դժվար է անգամ հիշել, թե վերջին անգամ երբ ենք ունեցել այսպիսի իրավիճակ։

Բյուջեի հարկային եկամուտների երկրորդ եռամսյակի պլանը չի կատարվել շուրջ 99 մլրդ դրամով։ Նախատեսված էր հավաքել 430 մլրդ դրամ, հավաքվել է 331 միլիարդ։ Թերակատարումը հասնում է 23 տոկոսի։

Դեռ լավ է, որ առաջին եռամսյակում, հատկապես հունվարի բարձր կատարողականի արդյունքում, մուտքերի որոշակի գերակատարում ունեինք։ Բյուջեի եռամսյակային համամասնություններով նախատեսված 340 միլիարդի փոխարեն՝ հաջողվել էր հավաքել շուրջ 349 մլրդ դրամ։ Թերևս, դա էլ թույլ տվեց որոշ չափով մեղմել առաջին կիսամյակի թերակատարումը։

Բայց դրանով խնդիրը չի լուծվում։ Ակնհայտ է, որ գործ ունենք շատ ավելի ծանր իրավիճակի հետ, քան կառավարությունը կանխատեսում էր ընդամենը 2 ամիս առաջ։

Այն ժամանակ ակնկալվում էր, որ տարվա կտրվածքով բյուջեի հարկային եկամուտների թերակատարումը կկազմի 169,1 մլրդ դրամ։ Այնինչ՝ առաջին կեսի արդյունքներն այլ բանի մասին են խոսում. ունենք 90 միլիարդի հասնող ճեղքվածք։

Կանխատեսվող 169,1 միլիարդից 90 մլրդ դրամը տարվա առաջին կեսին արդեն իսկ չի ստացվել։ Այն պարագայում, երբ առաջին երեք ամիսներին արձանագրվել էր մուտքերի գերակատարում։ Մի բան, ինչը ժամանակին առիթ տվեց վարչապետին հերթական անգամ «պատմական» էքսկուրս անել հարկերի հավաքման հետհեղափոխական ձեռքբերումների վերաբերյալ։

-Բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով, և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով: Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ իրենց հերթին՝ հարկային հավաքագրումների 2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով:

Այսպիսով, կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին, փաստորեն, բավական լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018 թվականի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով,- անդրադառանալով հարկային եկամուտների հավաքման միտումներին՝ կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիմա վարչապետը հասկանալի պատճառներով այլևս խուսափում է խոսել բյուջեի եկամուտների կատարման մասին։ Այնինչ՝ իրավիճակն իսկապես անհանգստացնող է։ Եթե առաջին կեսին նման պատկեր ունենք, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է լինելու երկրորդ կիսամյակում։ Տարեվերջին բախվելու ենք շատ ավելի մեծ թերակատարման հետ, քան կարելի էր սպասել։

Տնտեսական իրավիճակն առայժմ լավատեսության ոչ մի հիմք չի տալիս։ Բոլոր կանխատեսումները սպասվող անկման խորացման օգտին են։ Թեև այս պահին էլ անկումը փոքր չէ. 5 ամսվա տվյալներով՝ ունենք 4 տոկոսին հասնող նվազում, որն արտահայտվում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ Առայժմ ընդերքի շահագործման ծավալների մեծացման հաշվին հաջողվում է մի փոքր աճ ապահովել արդյունաբերության մեջ։ Բայց ենթադրվում է, որ դա էլ երկար չի տևելու։

Կանխատեսումները տնտեսության բոլոր ոլորտներում նվազման ուղղությամբ են։ Դա բերելու է նաև պետական բյուջեի ճեղքվածքի խորացման։

Կառավարության հաշվարկները, որոնք հիմնված էին 2 տոկոս տնտեսական անկման վրա, կարելի է ասել, այլևս հնացած են։ Ունենալու ենք շատ ավելի մեծ եկամտային բաց, ինչը ստիպելու է ձգել գոտիները։ Այն դեպքում, երբ ճգնաժամի պայմաններում ծախսերի ավելացումը կարևոր նախապայման է տնտեսական գործընթացներին աշխուժություն հաղորդելու և ճգնաժամի հետևանքները հնարավորինս մեղմելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս