«Ժողովուրդը տուգանվելու համար է». վարորդները՝ Երևանում 60 կմժ արագությամբ երթևեկելու մասին

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմժ-ից ավելի էր սահմանված, այսօրվանից կատարվել է փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել է 60 կմժ:

Այդ ճանապարհահատվածներն են՝

  1. Իսակովի պողոտա
    2. Թբիլիսյան խճուղի
    3. Մոնթե Մելքոնյան փողոց
    4. Աճառյան փողոց
    5. Դավիթ-Բեկի փողոց
    6. Մյասնիկյան պողոտա
    7. Սարալանջի պողոտա
    8. Աշտարակի խճուղի:

168.am-ը եղավ Երևանի մի քանի ճանապարհահատվածներում, որտեղ երթևեկության նման փոփոխություններ են կազմակերպվել, զրուցեցինք վարորդների հետ և լսեցինք նրանց կարծիքը:

«Եթե բոլորը պահպանեն կանոնները, ոչինչ, բայց ինչի՞ համար են արել, որ վթարներ չլինե՞ն, անողն անելու է, միևնույն  է, ճիշտ չէ 60-ը, որովհետև մարդ կա՝ շտապում է, հետո խցանումներ կլինեն, եթե որոշել են այդպես, թող իրենց որոշումով լինի: Առաջինը պետք է վարորդի համար ստեղծեն բարենպաստ պայմաններ, գեղեցիկ, հավեսով, համով-հոտով պայմաններ, նոր հասկանան, որ այս վարորդին, եթե այս խախտումն անի՝ պիտի տուգանեմ, ու ճիշտ էլ կանի, բայց ինձ չի տվել այն երթևեկությունը, որ ես երթևեկեմ առանց խախտումի: Ոնց որ ժողովուրդն ավելի չարանա, ինչի՞ համար ես 60 տվել, բա ինչո՞ւ ես 240 արագություն գնացող մեքենաներ բերել-լցրել այս երկրում: Մարդ կա՝ մեքենան հինգնոց մատոռ ունի, տարեկան վճար ա մուծում, չէ՞, մեծ մատոռի համար, գումար է, չէ՞, մուծում, որ պետք է մուծի ու 60 քշի, թող այդ հարկերն իջեցնեն: Ոնց ծափ տան՝ պարելու ենք, բայց լավ կլինի՝ ճիշտ ծափ տան, սթից մուզիկա չանեն, էլի, զուլալ ջրի մեջ քարեր չգցվի, էլի»,- ասաց տաքսու վարորդը:

Տաքսու վարորդներից մեկն էլ ճիշտ համարեց նոր փոփոխությունը. «Ինձ համար մեկ է, 60-ն ինձ թվում է՝ լավ է նրանով, որ վթարների ընթացքում կարող ես ինչ–որ մի տեղ արգելակել, իսկ որ արագ գնաս, արդեն վթար է»:

Վարորդներից ևս մեկը կողմ արտահայտվեց նոր փոփոխությանը. «60 կմժ-ն նորմալ արագություն է, մարդիկ կան՝ 60 է տրված, 160 են քշում: Եթե տեսնենք՝ խցանումները շատանում են, այն ժամանակ կփոխենք»:

Վարորդներից մեկի խոսքով, Իսակովի պողոտայում հաճախ են խցանումներ լինում, իսկ այսպես դա ավելի է մեծացնում խցանման ռիսկը.

«Պարա՞պ են, ի՞նչ են մտածում՝ չգիտեմ, դա շատ պարապ մնալուց է երևի, անպայման պետք է մի վատ բան անեն վարորդների համար»:

Վարորդներից մեկի խոսքով էլ, գուցե հիմա խցանումներ շատ չլինեն, բայց արտակարգ դրության ավարտից հետո, երբ մեքենաների շարժն ավելի մեծանա, խցանումներից խուսափելն անհնար կլինի.

«Ոչ մի երկրում նման բան չկա, որ երթևեկելի մասում մեքենա կայանեն, վրան գրեն՝ վաճառվում է, իրենք դրանք պետք է վերացնեն: Արտակարգ դրությունը, որ ավարտվեց Երևանում քշել չի լինելու, Ավանից Բանգլադեշ գնալու համար 3 ժամ է պետք: Եվ մի բան էլ, ոչ մի տեղ չկա, որ այսօրվանից արագությունը պետք է լինի 60 կմժ: Մտածում են, քանի մարդիկ կարողանում են լավ ապրել, ժողովուրդը մեղավոր են, էլի, պետք է տուգանեն, որ ապրեն, էլի, ժողովուրդը տուգանվելու համար է, լավ ապրելու համար չի: 70-ը շատ լավ էր, 60-ը լավ չի, կարելի է ասել՝ չենք շարժվելու: Վարչապետը նշեց, որ արագաչափերը հանվելու են, չնայած ես դեմ էի, նշեց, բայց չարեց, ավելի վատացավ երթևեկությունը»:

Վարորդներից մի քանիսն էլ անհասկանալի համարեցին, որ փոփոխություն է կատարվել, բայց ոչ մի ճանապարհային նշաններ չեն տեղադրվել:

168.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական ծառայություն՝ ճշտելու, թե արդյոք ճանապարհային նշաններ տեղադրվել են, որպեսզի վարորոդները տեսնեն այդ հատվածում սահմանված արագությունը.

«Արդեն իսկ հայտարարությունը տարածվել է, որ այսօրվանից գործելու է այդ կարգը: Այն հատվածներում, որտեղ գետնին նշումներ են եղել, փոխված են 60, որ վարորդներին հիշեցնեն»:

Ի դեպ, ոստիկանությունն իր հայտարարություններից մեկում նշել էր, որ 60 կմժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե ժամանակի ընթացքում սպասված արդյունքը չտա:

Տեսանյութեր

Լրահոս