«Ստեղան ես չեմ քինա… Մենք էլ ենք պոստ պահողներ, էլի». Այգեպարի բնակիչ
Սուսաննա Գրիգորյանը ծնվել և ապրում է Այգեպարում։ Այստեղ է մեծացրել իր 3 երեխաներին՝ երկու որդիներին ու աղջկան: Նա պատմում է, որ երբ 1993թ.-ին իրենց տան վրա արկ էր ընկել, բարեբախտաբար չէր պայթել։ 1993-ին ինքն էլ էր վիրավորվել: Կրակոցներն էլ թեկուզև սովորական են դարձել, բայց անհանգստացնող են:
«Գիշերվա ժամը 04:30 կրակեցին, հարևաններին կանչեցինք, իջանք պադվալ: Ամեն կրակոցին անհանգստանում ենք, վախենում ենք, որ հանկարծ վիրավոր չունենանք, զոհ չունենանք: Մի ժամ, երկու ժամ խաղաղություն է լինում, բարձրանում ենք տուն, տան գործ, հաց, ջուր, հետո էլի խփում են, իջնում ենք պադվալ, որովհետև չգիտենք՝ երկրորդ արկը որտե՞ղ կընկնի»,- ասաց Սուսաննա Գրիգորյանը:
Լրագրողների հարցին, թե չի պատրաստվո՞ւմ գնալ Այգեպարից, տիկին Սուսաննան պատասխանեց, թե չնայած առաջարկողներն ու հորդորողները շատ են, բայց չի գնալու:
«Ինչի՞ քինամ, իմ երեխան ստեղ ա, ուրբաթ օրը պետք ա բարձրանա պոստ, փախչեմ քինա՞մ, վայեննի ա տղաս, իմ երեխան պոստումը, ես քինամ Բերդում կամ Երևան մնամ, որ ի՞նչ: Շատերն են ասում, բայց չեմ քինա: Մեր սահմանի տղերքը ուժեղ են, մենք նրանցով ենք ապրում: Ստեղան ես չեմ քինա, ձգող բան չունեմ, որ գնամ, ստեղ էլ կմահանամ, կգնամ իմ հայրենի հողը: Մի ջահել տղա ունեի, մահացել ա, ես նրան չեմ թողնի, գերեզմանն էլ չեմ թողնի: Կրակն էլ գլխովս վեր ածեն, չեմ քինա, ես իմ երեխու մոտ կմնամ: Մենք էլ ենք պոստ պահողներ, էլի»,- ասաց տիկին Սուսաննան: