«Իրանում ստեղծվել է հակաադրբեջանական և հակաթուրքական տրամադրությունների ֆոն՝ ի նպաստ Հայաստանի». Իրանագետ

Հուլիսի 12-ին՝ հայ-ադրբեջանական սահմանում, Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական գործողություններից երկու օր անց, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ    նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։

Զոհրաբ Մնացականյանն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

168.amի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտութան ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ իրանական տեսակետին՝ նշեց, որ կան բավականին հետաքրքիր զարգացումներ։

«Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո իրանական վերլուծական և լրատվական տիրույթում ակնհայտորեն շատացել են հակաադրբեջանական բնույթի նյութերը, ինչը պայմանավորված է մեկ կարևոր հանգամանքով՝ Թուրքիայի ակտիվությամբ։ Ըստ էության, թուրքական կողմը, էրդողանական վարչակարգն իր գերակտիվությամբ հանգեցրեց նրան, որպեսզի Իրանում լրջագույն անհանգստություններ առաջանան։ Բացի այդ, Բաքվում կազմակերպված ցույցերի ընթացքում նաև հակաիրանական կոչերի հնչեցումն էր, որն արձանագրվել է իրանական լրատվամիջոցներում։ Այս ամենի հետևանքով Իրանում ստեղծվել է հակաադրբեջանական և հակաթուրքական տրամադրությունների ֆոն։ Այս ամենն ի նպաստ Հայաստանի է»,- նշեց իրանագետը։

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ այս ամենից զատ, երեկ Իրանի ներսում նախատեսվում էր նաև պանթուրքիստական ազգային խմբակների կողմից բողոքների գործողությունների անցկացում, որոնք կրելու էին հակահայկական բնույթ, միևնույն ժամանակ՝ նաև հակաիրանական էին։ Սակայն իրանցի բարեկամները մեծ հաջողությամբ կարողացել են կառավարել գործընթացը, և ըստ էության այդ բոլոր ցույցերը տապալվել են։

«Դատելով նաև պանթուրքական խմբակների տրամադրություններն արտահայտող տելեգրամյան ալիքներից՝ տեղի են ունեցել ձերբակալություններ։ Թավրիզում իրանական ոստիկանական ուժերի հակախռովարարական միավորների կողմից շրջափակվել էր Ադրբեջան հորջորջվող  արհեստածին կազմավորման հյուպատոսարանը։ Այսինքն՝ իրականության մեջ այս պահի դրությամբ կարելի է շեշտել, որ իրանական կողմը դրական տրամադրվածություն ունի Հայաստանի հանդեպ»,- հավելեց իրանագետը։

Ինչ վերաբերում է Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ակտիվությանը, Վարդան Ոսկանյանը նկատեց, որ իրանցիները նախիջևանյան հատվածի նկատմամբ չափազանց զգայուն են, և ըստ էության այնտեղ թուրքական յուրաքանչյուր ակտիվացում դիտարկում են՝ որպես Իրանի շահերի հանդեպ խոշորածավալ վտանգի դրսևորում։

«Ըստ իս, հիմա ստեղծվել է պատեհ առիթ իրանցիների հետ համագործակցությունը խորացնելու տեսանկյունից, բնականաբար, այն հակաադրբեջանական և հակաթուրքական տրամադրությունների հիմքի վրա, որն այժմ առկա է Իրանում հասարական շրջանակներում։ Նաև քաղաքական որոշումներ կայացնողների շրջանակների անհանգստությունների հիման վրա, որոնք կապված են թուրքական գերակտիվության, Բաքվում հակաիրանական կոչերի հետ։

Միանշանակ պետք է նշել, որ Իրանի պետական անվտանգային շահերից չի բխում Նախիջևանում թուրքական դիրքերի ամրացումը, նաև ներկայիս արցախաիրանական սահմանի որևէ կերպ կրճատումը հօգուտ ադրբեջանական հանրապետություն հորջորջվող կազմավորմանը։ Իրանի շահերից չի բխում նաև Կովկասում թուրքական ազդեցության մեծացումը։ Այս համատեքստում, կարծում եմ՝ յուրատեսակ և պատեհ առիթ է ստեղծվել ձևավորելու հակաթուրքական և հակադրբեջանական դաշինք՝ ի դեմք Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի։ Մերձավորարևելյան տարածաշրջանում, նաև Սիրիայում  ռուս-թուրքական շահերն էլ են բախվել, և Կովկասում թուրքական ակտիվությունը՝ կապված հենց նույն Տավուշի սադրանքի հետ, նաև ռուսական կողմի մոտ է անհանգստություն առաջացրել։ Հետևաբար՝ Հայաստանն իր դիվանագիտական և քաղաքական ակտիվությամբ պետք է արժանի լինի մեր բանակի փայլուն գործողություններին»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Տեսանյութեր

Լրահոս