Չինաստանում մեկնարկային հարթակ են հասցրել հրթիռ՝ Մարսի վրա առաքելության համար
«Չանչժեն-5» («Մեծ արշավ-5») կրող հրթիռը, որը պետք է ուղղակիորեն Երկրի եւ Մարսի անցումնային ուղեծիր դուրս բերի առաջին չինական զոնդը, բերել են Հայնան կղզում գտնվող Վենչան տիեզերակայանի մեկնարկային հարթակ: Այդ մասին հայտնել է Չինաստանի օդատիեզերական գիտության ու տեխնիկայի կորպորացիան (CASC):
«Պլանավորվում է, որ հուլիսի երկրորդ կեսից մինչեւ օգոստոսի առաջին կեսն ընկած ժամանակաշրջանում կիրականացվի «Մարսի հետազոտության ուղղությամբ «Տյանվեն-1» առաջին չինական առաքելության գործարկումը»,-ասվում է մամուլի տեղեկագրում: Ավելի վաղ տիեզերակայան էին բերել «Տյանվեն-1» Մարսի հետազոտության համար զոնդը:
Չինական ԶԼՄ-ների տվյալներով, արձակումը կարող է տեղի ունենալ արդեն հուլիսի 23-ին: Ըստ նախնական հաշվարկների, յոթ ամիս կպահանջվի, որպեսզի զոնդը հասնի մոլորակի մակերեւույթին:
Հաջողության դեպքում այն ստացված տվյալները Երկիր կուղարկի 2021 թվականին: Ապրիլին Չինաստանը հայտնել էր, որ Մարսի հետազոտության իր առաջին առաքելությունը կոչվելու է «Տյանվեն-1» («Հարցեր երկնքին»):
Այն ներառում է ելք եւ պտույտ Մարսի ուղեծրում, վայրէջք եւ տեղաշարժ Կարմիր մոլորակի մակերեւույթով: Հաջողությանն դեպքում գիտնականները կկարողանան ուսումնասիրել մթնոլորտը, ռելիեֆը, երկրաբանական բնութագրերը, մագնիսական դաշտի առանձնահատկությունները, ինչը կօգնի ստանալ Մարսի եւ ողջ Արեգակնային համակարգի ծագման եւ էվոլյուցիայի բացահայտման բանալին: Առաքելության գլխավոր նպատակն է՝ գտնել Մարսի վրա կյանքի հնարավոր նշանները, ինչպես նաեւ գիտնականներին օգնել հասկանալու, թե կարող են արդյոք այդ մոլորակի վրա ապագայում պայմաններն այնպես փոխվել, որ այն պիտանի լինի մարդկանց կյանքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: