Կրկին փակուղի
Շինարարության ոլորտը, որտեղ կառավարությունը 1 տարի առաջ բում էր խոստանում, կրկին փակուղու առաջ է։ Տարեսկզբի 5 ամիսներին գրեթե 24 տոկոսով պակաս շինարարություն է իրականացվել, քան անցած տարի։
Ճնշումը բոլոր կողմերից մեծացել է։ Տնտեսական ճգնաժամը և հասարակության վճարունակության անկումը քիչ էր, մյուս կողմից էլ՝ կառավարությունն է խնդիրներ ստեղծում ոլորտի զարգացումների համար։
Ճգնաժամի պայմաններում, փոխարենը մտածելու խթաններ ստեղծելու մասին՝ կառավարությունը որոշել է եղած խթաններն էլ վերացնել։
Ինչպես հայտնի է, հաջորդ տարվանից կբարձրանա անշարժ գույքի գուքահարկը, ինչը բերելու է վճարունակ պահանջարկի նվազման։ Սրբագրվում է բնակարանների ձեռքբերման դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը։ Ճիշտ է, այս փուլում նախատեսվում է այն դադարեցնել միայն մայրաքաղաքի առանձին հատվածներում, բայց մոտակա հեռանկարում խոսքը ծրագրից ընդհանրապես հրաժարվելու մասին է։
Թե դա ինչպիսի ազդեցություն կունենա շինարարության ու անշարժ գույքի շուկայի վրա, դժվար չէ պատկերացնել։ Միայն այս ծրագրի գործարկումով, գրեթե 10 տարվա անկումից հետո, հաջողվեց որոշակի ակտիվություն մտցնել ոլորտում։ Հիմա, երբ տնտեսական ճգնաժամի հետևանքով կրկին մեծացել են ռիսկերը, կառավարությունը մտադիր է այն դադարեցնել։
Որոշել են խնդիրը տեղափոխել եկամուտների համատարած հայտարարագրման դաշտ։
«Այն, ինչն առաջարկվում է՝ համատարած հայտարարագրման տրամաբանության ներքո, հենց այդ տոկոսների համար արվող ծախսերը հարկման բազայից նվազեցնելու մոտեցում է առաջարկում։ Եթե ընդունվում է այս մոտեցումը, նշանակում է, որ մենք հրաժարվում ենք մյուս մոտեցումից՝ ոչ միայն առաջին և երկրորդ գոտում, այլ առհասարակ»,- այս մասին վերջերս Ազգային ժողովում հայտարարեց Ֆինանսների նախարարը։
Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի տարբերություն չկա, թե բնակարանի գնման դեպքում որտեղից կփոխհատուցվեն եկամտային հարկի գումարները։ Բայց այդպես չէ։ Այն, ինչ նախատեսում է կառավարությունը եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրմամբ, չի կարող փոխարինել գործող ծրագրին։ Եթե մարդը եկամտային հարկով հարկման շրջանառություն չունի, ինչի՞ հաշվին պիտի կատարվի նվազեցումը։ Իսկ այդպիսի քաղաքացիների թիվը հաստատ քիչ չի լինի։
Հասկանալի է, որ բնակարանի գնման դեպքում եկամտային հարկից օգտվելու ծրագիրը մեծացրել է ճնշումը բյուջեի վրա։ Անցած տարի արդեն փոխհատուցումը հասավ շուրջ 8 մլրդ դրամի։ Այս տարի հավանաբար կմոտենա 10 միլիարդի։
Սա փոքր գումար չէ բյուջեի համար՝ հատկապես, երբ կրճատվում են եկամուտները։ Մի բան, ինչը ստիպում է կառավարությանը շուտափույթ ազատվել այդ գլխացավանքից։ Բայց այդ մասին ոչ թե հիմա, այլ ժամանակին էր պետք մտածել։ Վերջին 2 տարիներին ծրագիրը չափից դուրս ծանրաբեռնվեց, ինչն էլ դրանից ընդհանրապես հրաժարվելու պատճառ է դարձել։
Այդ օրը, անշուշտ, գալու էր։ Բյուջեն, բնականաբար, չի կարող անվերջ կրել այդ բեռը։ Բայց արդյո՞ք հիմա դրա ժամանակն է։ Շինարարության ոլորտն այսօր՝ խթանների, և ոչ թե՝ խթանները վերացնելու կարիք ունի։
Զարմանալի չէ, որ կառավարության նախաձեռնությունը լուրջ մտահոգություններ առաջացրեց կառուցապատողների ու բնակարանային շինարարության ոլորտում զբաղվողների շրջանում։ Նրանք անհանգստացած են իրենց կատարած ներդրումների ճակատագրով։ Փոխվում են խաղի կանոնները, ու վաղը կարող է այնպես ստացվել, որ մարդիկ կանգնեն փաստի առաջ՝ շենքերը կառուցվեն, բայց գնորդ չլինի։
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին նորակառույց շենքերում պահանջարկի մեծ մասը ձևավորվում է հենց եկամտային հարկի վերադարձի հաշվին։ Երբ այն դադարի՝ շատերը ստիպված կլինեն հրաժարվել բնակարաններ ձեռք բերելու մտքից։ Բայց ոչ այն պատճառով, որ այլևս կվերանա այդ կարիքը։ Բնակարանի կարիք ունեցողների թիվը Հայաստանում միշտ էլ մեծ է եղել։ Խնդիրը վճարունակ պահանջարկն է։ Այն մեր երկրում միշտ էլ ցածր է եղել։ Եկամուտների տեղի ունեցող կրճատման հետևանքով առաջիկայում ավելի կցածրանա։ Մի բան, ինչը կարտահայտվի՝ ինչպես շինարարության, այնպես էլ՝ բնակարանային շուկայի վրա։
Այսօր արդեն մտահոգիչ պատկեր է թե՛ մեկում, և թե՛ մյուսում։ 2 դեպքում էլ ակտիվություն չկա։ Կտրուկ նվազել են՝ ինչպես շինարարության տեմպերը, այնպես էլ՝ բնակարանային գործարքները։ Դա ուղեկցվում է նաև գների անկմամբ, ինչը նշանակում է, որ կառուցապատողներին լավ օրեր չեն սպասվում։
Շինարարության ոլորտը կանգնած է կրկին այն վիճակին վերադառնալու շեմին, որտեղից մի կերպ կարողացել էր դուրս գալ։ Գրեթե 10 տարվա անկումից հետո առաջին անգամ այստեղ ակտիվության նշաններ երևացին 2017թ.։ Հետագա 2 տարիներին, թեև ոչ բարձր, բայց աճի միտումները պահպանվեցին։ Ու դրան մեծապես նպաստեց բնակչության կողմից իրականացվող շինարարության ակտիվությունը։
Բնակչությունը շինարարության ոլորտում ունի ամենամեծ մասնաբաժինը։ Այն հասնում է 25-ից ընդհուպ մինչև 30 տոկոսի։ Թերևս, դա է պատճառը, որ այստեղ տեղի ունեցող տեղաշարժերը միշտ էլ էական ազդեցությունն են թողնում ոլորտի զարգացման միտումների վրա։
Այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում շինարարության այդ հատվածում, մտահոգիչ է։ Տարեսկզբի 5 ամիսների տվյալներով, բնակչության կողմից գրեթե 28 տոկոսով պակաս շինարարություն է իրականացվել։
Խնդիրը, բնականաբար, կապված է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ։ Նվազել են մարդկանց եկամուտները։ Բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են՝ ինչպես ներսում, այնպես էլ՝ դրսում եկամուտներ ստանալու հնարավորությունից։
Շինարարության վրա մեծ է հատկապես արտաքին հատվածից ստացվող ֆինանսական միջոցների կտրուկ կրճատման ազդեցությունը։ Տարեսկզբի 5 ամիսներին այդ գումարները նվազել են ավելի քան 22 տոկոսով։
Նորություն չէ, որ շատերը դրսում վաստակած գումարների մի մասն էլ ուղղում են իրենց բնակարանային կարիքների բարելավմանը։ Հիմա, երբ չկա արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն, ստիպված են հրաժարվել դրանից և մտածել հացի խնդիր լուծելու մասին։
Առաջիկա առնվազն 1-1,5 տարում այս հատվածից շինարարության համար մեծ հույսեր չպետք է փայփայել։ Չնայած այնպես չէ, որ մյուս ուղղություններով իրավիճակն ավելի լավ է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ