«Հիմա ամբողջ Հայաստանում կա սահմանադրական ճգնաժամ». Վահե Գրիգորյան
«Բոլոր դիմումները, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), կոչվում են «ընդդեմ Հայաստանի», եթե գործով պատասխանող հանդիսանում է ՀՀ-ն՝ ի դեմս կառավարության: Դրանից պատմություն սարքելու կարիք չկա: Ընդամենն իրավական գրագիտության բաց է, եթե մարդկանց թվում է, թե այդ ձևակերպումը խնդիր է, որովհետև ընդդեմ բոլոր երկրների՝ կան գործեր, ցանկացած պետության, որն անդամակցում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- 168.am-ի «Ռեվյու» ծրագրի հերթական թողարկման ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանը:
Հարցին՝ հիմա շատ են խոսում այն մասին, թե արդյո՞ք Սահմանադրական դատարանի դատավորները վատ չեն զգում, որ դիմել են ՄԻԵԴ, պե՞տք է նրանք իրականում վատ զգան դրա համար, սահմանադրագետը պատասխանեց՝ ոչ մի անձ, լինի ՍԴ դատավոր թե առհասարակ որևէ այլ պաշտոնատար անձ կամ քաղաքացի, չպետք է վատ զգա նրանից, որ ինքը ձեռնամուխ է լինում սեփական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:
«Եթե խախտվել է որևէ անձի իրավունքը, և սպառվել են ներպետական պաշտպանության միջոցները, իսկ ՍԴ դատավորների դեպքում դրանք միանգամից են սպառվել իրավական ակտի ընդունմամբ, շատ նորմալ է, երբ անձը, տվյալ դեպքում՝ ՍԴ դատավորներն իրենց իրավունքների պաշտպանությամբ են զբաղված»,- ասաց սահմանադրագետը:
Ըստ Վահե Գրիգորյանի՝ այժմ ճգնաժամը ՍԴ-ում չէ, և եթե մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը հորինված էր ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամ, ապա հիմա ամբողջ Հայաստանում կա սահմանադրական ճգնաժամ:
Խոսելով արտակարգ դրության ժամանակ հավաքների սահմանափակման ընտրովի արգելքի մասին, երբ մի դեպքում՝ միայնակ ակցիա իրականացնող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին արգելեցին կանգնել ու լուռ, միայնակ իր ակցիան իրականացնել, իսկ, օրինակ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը բազմամարդ հավաք իրականացրեց նախագահական նստավայրի մոտ, և որևէ ոստիկան անգամ չմոտեցավ նրան, Վահե Գրիգորյանը նշեց, որ Ռուբեն Մելիքյանի ակցիան որևէ կերպ չի կարող համարվել հավաք, իսկ ինչ վերաբերում է մի խումբ անձանց համար հավաքների ազատությունը սահմանափակելուն, իսկ մյուսին՝ թույլ տալուն, ապա, ըստ սահմանադրագետի, բոլորը հավասար են օրենքի առջև, և դա նույնպես Սահմանադրության պահանջ է:
«Սահմանափակելով հավաքների ազատությունը՝ միաժամանակ սահմանափակվում են այլ իրավունքներ: Թող լինեն սահմանափակումներ, բայց առհասարակ չարգելվեն»,- նկատեց նա:
Անդրադարձ կատարվեց նաև դատարան դիմելու համար պետական տուրքը 4 անգամ բարձրացնելու խնդրին, թե արդյո՞ք սա չի նշանակի, որ շատ մարդիկ բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով պարզապես կզրկվեն դատական կարգով իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:
«Դատարան դիմելու հետ կապված պետական տուրքերի բարձրացումն իրականում երկկողմանի խնդիրներ առաջացնող հարց է: Այո, Հայաստանում որոշ դիմումներ ներկայացնելու համար բավական ցածր պետական տուրքի սահմանաչափ է, սակայն դա չի նշանակում, որ առհասարակ բոլոր տուրքերի սահմանաչափերը պետք է բարձրացնել: ՀՀ-ում, ցավոք սրտի, անձինք դատական կերպով իրենց իրավունքների պաշտպանությանը ձեռնամուխ են լինում ամենավերջում, երբ որևէ այլ տարբերակ չի մնացել: Դա ծախսատար խնդիր է, պետք է կազմել հայցադիմում, փաստաբանի անհրաժեշտություն կամ, որը գումար արժե: Եվ եթե դու դրա հետ միասին բարձրացնում ես պետական տուրքը, դա կարող է հանգեցնել դատարանների մատչելիության սկզբունքի խախտմանը»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ շեշտելով, որ այս կերպ դատարանների բեռնաթափումը նշանակում է հերթական անգամ գործ ունենալ աբսուրդի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում