ՆԶՊ-ի մասով բովանդակային հարցերի պատասխանները կտրվեն առարկայի՝ մշակման փուլում գտնվող ծրագրի և չափորոշչի հրապարակումից հետո. ԿԳՄՍ
168.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որում փորձել է պարզաբանումներ ստանալ հետևյալ հարցերի հետ կապված.
1. Մեկ տարի առաջ Դուք հայտարարել էիք, որ «Ռազմագիտություն» առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցների դասասենյակներից նախատեսում եք տեղափոխել զորանոցներ և ճամբարներ: Դուք նաև հավելել էիք, որ ուսումնասիրվում է այն ենթակառուցվածքը, որն առկա է, ուսումնասիրվում է նաև մի շարք դպրոցների, մասնավորապես՝ «Քվանտ» վարժարանի փորձը, որն առարկայի երկշաբաթյա ուսումնական պրոցես է իրականացնում ճամբարում՝ այդ ընթացքում ամբողջությամբ անցնելով ամբողջ կուրսը: Ըստ այդմ՝ ընտրվե՞լ է որևէ մասնավոր դպրոցի փորձ, երբ «Ռազմագիտությունը» կամ ՆԶՊ-ն, ըստ էության, ներառվել է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բովանդակային տիրույթում:
2. Արդյո՞ք նախատեսվում է կրակային պատրաստություն, զինատեսակների ծանոթացում:
3. Ինչպե՞ս է լուծվելու կադրերի հարցն այս դեպքում, երբ նախկինում ՆԶՊ առարկան դասավանդում էին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ: Եվ արդյոք եղե՞լ է քննարկում ՊՆ-ի հետ:
4. «Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները» վերտառությամբ բաժիններից մեկում խոսվում է կոնֆլիկտի խաղաղ լուծմանը ձգտելու, տարբեր ձևաչափերով համագործակցության մասին: Կխնդրեինք մանրամասնել՝ արդյո՞ք այստեղ ազգերի միջև կոնֆլիկտների մասին է, և ինչի՞ արդյունքում սրան պիտի շրջանավարտը հասնի, ի՞նչ է արվելու, դասավանդվելու:
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ-ից ստացված գրության մեջ ասվում է. «Ի պատասխան Ձեր՝ 2020 թ. հուլիսի 8-ի գրության՝ տեղեկացնում ենք, որ բարձրացված հարցերից 1-ինը և 2-րդը բովանդակային են և կկարգավորվեն տվյալ առարկայի՝ ներկայումս մշակման փուլում գտնվող ծրագրով և չափորոշչով, որոնց առաջիկա հրապարակումից հետո կտրվեն բոլոր հարցերի պատասխանները:
3-րդ հարցի առնչությամբ տեղեկացնում ենք, որ առարկայի դասավանդումն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 532 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության» կարգի 6-րդ կետի գ ենթակետի՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ուսումնական հաստատության կողմից տրված հայտարարության հիման վրա սահմանված ժամկետում պահեստազորի սպաներից ներկայացնում է բարձրագույն ռազմական կրթությամբ կամ բարձրագույն կրթությամբ թեկնածուների տվյալները: Ուսումնական հաստատության տնօրենը մրցույթում հաղթած թեկնածուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է ուսումնական հաստատության զինվորական ղեկավար` նրա հետ կնքելով համապատասխան աշխատանքային պայմանագիր», ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 9-ի N 1222-Ն և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1356-Ն «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստության կանոնադրությունը հաստատելու մասին» համատեղ հրամանով:
Ինչ վերաբերում է կոնֆլիկտների խաղաղ լուծմանը և տարբեր ձևաչափերով համագործակցությանը՝ տեղեկացնում ենք, որ դա նպատակաուղղված է բռնությունից զերծ հասարակություն ունենալուն, որը շարադրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում»: