«Չեմ կարծում, թե Արայիկ Հարությունյանը քրիստոնյայի տիպար է, որ մի հատ էլ ուրիշներին ասի, թե ինչպիսին պետք է լինի քրիստոնյան». Վահե Բեգոյան

«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանի կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցում առանձին դասավանդվի:

«Հայ եկեղեցու պատմություն առարկան չի կարող ներառվել որևէ այլ առարկայի մեջ, այդ թվում՝ Հայոց պատմություն առարկայի մեջ, առավել ևս՝ այն դասագրքերով, որ մենք ունենք, և, որն ավանդված է սովետական պատմագրությունից եկող հստակ քարոզչական ուղղվածությամբ, ինչը նաև ոչ մի առնչություն չունի մինչև 18-րդ դարը մեր ունեցած պատմագրական արժեհամակարգի հետ: Հայ եկեղեցու պատմություն առարկան տարեթվերի մասին առարկա չէ: Ես, անշուշտ, կողմ կլինեի, եթե առարկան վերանվանվեր, վերանայվեր թե՛ դասագիրքը, թե՛ առարկան դասավանդողների հիմնական կազմը: Շատ նորմալ է, որ ընդամենը 15 տարի կրթական պրոցես մտած առարկան չպետք է ունենար ո՛չ կատարյալ դասագիրք, ո՛չ էլ պատրաստված ուսուցչական կազմ: Դրանք, իհարկե, վերանայման խնդիրներ են, բայց չեն կարող պատճառ լինել, որ այդ առարկան ընդհանրապես հանվի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ` «երեխաները դպրոցում սովորելու և անցնելու են հայ եկեղեցու պատմությունը, այդ գիտելիքը ունենալու են՝ Հայոց պատմություն դասընթացի շրջանակում, որովհետև շատ տարօրինակ է, երբ ոմանք փորձում են հայ եկեղեցու պատմությունը տարանջատել հայոց պատմությունից»:

Վահե Բեգոյանի խոսքով՝ նախարարի բերած փաստարկն ընդհանրապես համոզիչ չէ. «Շատ ավելի տարօրինակ է ընդհանրապես Արայիկ Հարությունյանի՝ ԿԳՄՍ նախարար լինելը, քան այդ առարկաների առանձին լինելը: Անկախ Հայ Առաքելական եկեղեցու, քրիստոնեության նկատմամբ մարդու ունեցած վերաբերմունքից՝ Հայ եկեղեցու պատմություն առարկան տալիս է պատկերացում այն գլոբալ արժեհամակարգի, որի մեջ գոնե վերջին 1700 տարին պաշտոնապես և 2000 տարին փաստացի գտնվում է հայ ժողովուրդը: Քրիստոնեական ուսմունքը ներթափանցել է հայ ժողովրդի կյանքի բոլոր ճյուղեր, և սա առանձին համակարգ է, որը պետք է դասավանդվի առանձին առարկայով: Անկախ ամեն ինչից՝ մենք, գոնե մշակութապես, քրիստոնյա ենք՝ ընդունենք դա, թե ոչ: Ես միշտ ասում եմ՝ Հայաստանի սահմանները գծված են խաչքարերով: Հայաստանի քաղաքական քարտեզի սահմանները միշտ են փոխվել, բայց պատմական Հայաստանի քարտեզները գծված են խաչքարերով»:

Վահե Բեգոյանը նկատեց՝ իշխանությունների ամբողջ միամտությունն այն է, որ նրանք մտածում են, թե Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելով՝ եկեղեցուն մեծ վնաս են հասցնելու. «Դա երբեք չի կարող հայ եկեղեցուն վնաս հասցնել, որովհետև այդ առարկայի օգտատերը հայ ժողովուրդն է, եթե ինչ-որ մեկը վնասվելու է, ապա Հայաստանում ապրող հայն է»:

Դիտարկմանը՝ Արայիկ Հարությունյան ասել է, որ քրիստոնյա պետք է լինել ոչ թե առարկայով, այլ բարոյականությամբ, առաքինություններով, դաստիարակությամբ, նա այսպես արձագանքեց. «Արայիկ Հարությունյանը «Ինչպե՞ս պետք է լինել քրիստոնյա» թեմայով դասախոսություններ թող չկարդա, չեմ կարծում, թե ինքը քրիստոնյայի տիպար է և մի հատ էլ պետք է ուրիշներին ասի, թե ինչպիսին լինի քրիստոնյան: Դա իր ֆունկցիան չէ, այդտեղ նա արդեն խառնվում է եկեղեցու գործերին: Կարծեմ՝ մեզ մոտ պետությունն ու եկեղեցին իրարից առանձին են, և որևէ նախարար չի կարող խոսել, թե ինչպիսին պետք է լինի քրիստոնյան: Այս առարկան հանելով՝ Հայ եկեղեցին չի դադարեցնելու իր գործունեությունը. Հայ եկեղեցին ունի կրթական բազմաթիվ հաստատություններ: Այստեղ տուժողը լինելու է թե՛ պետությունը, թե՛ ժողովուրդը. Պետությունը՝ մեր ընկալմամբ, ոչ թե՝ այսօրվա իշխանությունների, որովհետև այսօր ես հստակ տեսնում եմ՝ մենք գնում ենք դեպի ապազգային, անդեմ բիոմասսայի, որը չունի ազգային գիտակցություն, որևէ ազգային արժեհամակարգի մեջ չէ»:

Նա ընդգծեց՝ հայ ժողովուրդը համաշխարհային քրիստոնեական մշակույթին և պատմությանը առնչություն ունեցել է Հայ եկեղեցու միջոցով. «Դրանք կլինեն խաչակրաց արշավանքներ, Պարսկաստանից խաչի գերությունից ազատել և շատ ու շատ համաշխարհային պրոցեսներ, որոնց շարժիչ ուժը եղել է քրիստոնեությունը, դրանց հայ ժողովուրդը հաղորդակից է եղել Հայ եկեղեցու միջոցով: Հայ եկեղեցին ձևավորել է մեր ազգային ինքնագիտակցությունը»:

Նրա դիտարկմամբ՝ քրիստոնեական արժեքները մերժել՝ նշանակում է, որ մարդը համաշխարհային մշակույթի շատ ու շատ արժեքներ չի հասկանալու. «Օրինակ՝ ի՞նչ անառակ որդու մասին է խոսում Ռեմբրանդտը, ո՞վ է Միքելանջելոյի Դավիթը, ի՞նչ է նշանակում՝ «Ռեքվիեմ», ինչի՞ մասին է այն, դա նշանակում է նաև, որ ես հաղորդակից չեմ Դանթեին, երբ կարդում եմ «Աստվածային կատակերգությունը», ես բացարձակապես պատկերացում չունեմ Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից, որովհետև կկարդամ ու չեմ հասկանա՝ ինչի մասին է խոսքը: Քրիստոնեությունը ներթափանցած է համաշխարհային և հատկապես՝ հայ ժողովրդի ամեն ինչի մեջ: Երբ ընդամենը քրիստոնեություն ընդունելուց 150 տարի հետո մեր պատմիչներն ասում էին՝ քրիստոնեությունը դարձել է հայի մաշկի գույնը, հիմար չէին: Ազգային ամեն ինչի սկիզբն այնտեղ է: Նույնիսկ զավեշտալի է՝ փորձել եկեղեցուն մեկուսացնել կրթական պրոցեսից. եկեղեցին է կրթական պրոցեսը ստեղծողը եղել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս