«Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել իրավապահ մարմիններին». իրավաբանը՝ Ֆիրդուսին հանրային գերակա շահ ճանաչելու մասին

Ֆիրդուսի պաշտպանության նախաձեռնող խումբը թաղամասի օտարման և կառուցապատման աշխատանքներում բազմաթիվ խնդիրներ է նկատել. ասուլիսի ժամանակ ասաց նախաձեռնող խմբի անդամ «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքի հեղինակ Տիգրան Ամիրյանը: Նրա խոսքով՝ կան պատմամշակութային, ճարտարապետական, քաղաքաշինական, իրավական մի շարք խնդիրներ:

«Մեկ ամսվա ընթացքում մենք հասկացանք, որ սա ոչ միայն մշակութային կամ առանձին նեղ մասնագիտական խնդիր է, այլ մի լայն խնդիր, մի մեծ հարց է՝ կապված քաղաքի կենտրոնի պատկերի հետ, թե ի՞նչ ենք մենք ստանալու մեկ տարուց, երեք տարուց, ի՞նչ է  լինելու այս վայրում, հրապարակին կից ի՞նչ է կառուցվելու»,- ասաց Ամիրյանը:

Ֆիրդուսի պաշտպանության նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին՝ Ֆիրդուսի թաղամասի հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացի առնչությամբ։ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ 2008թ.-ին Կառավարության որոշմամբ Ֆիրդուսի տարածքը գերակա հանրային շահ է հռչակվել, տարածք ձեռք բերող հայտարարվել էր «Սիթի սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրն է Էդուարդ Մելիքյանը, այնուհետև այդ գործընթացքում որպես կառուցապատող ներգրավվել է, իր խոսքով, բավականին տխուր հռչակ ունեցող «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը, բայց փաստորեն ծրագիրը չի իրականացվել, գործընթացը ձախողվել է: Ըստ փորձագետի՝ այդ ժամանակ նույնիսկ ֆինանսական երաշխիքներ ներկայացված չեն եղել, որ ծրագիրը կիրականացվի:

«Պետությունն ակնհայտորեն փորձել է օժանդակել, անհասկանալի պատճառներով, քանի որ, եթե տարածքի ներդրող է ներգրավվում, իր միջոցների հաշվին պետք է իրականացներ այդ ծրագիրը: 2014 թ.-ին Կառավարությունը  երաշխավորություն է ներկայացնում, որպեսզի այդ կազմակերպություններնարտաքին վարկային միջոցներ ներգրավեն, ներգրավելուց հետո նույնիսկ այդ պայմանագրերը որևէ ձևով չեն հրապարակվում, գաղտնի են պահվում, որևէ ձևով ծրագիրը չի իրականացվում: Քաղաքացիների բազմաթիվ դժգոհություններ են առկա, որ իրացման ընթացքում սեփականության իրավունքը խախտվել է, խոչընդոտվել են պաշտպանության մեխանիզմները: Այս ամենից հետո 2018թ.-ի մարտի վերջին դարձյալ տարածքը հռչակվում է հանրային գերակա շահ և ձեռք բերող ճանաչվում է «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է, «Գլենդել հիլզի» գործադիր մարմնի ղեկավարը»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ «Դիանար» ընկերությունը ձևական մրցակցություն ապահովելու համար 17 ընկերություն է հիմնել, որոնց մեծամասնության հիմնադիրը կրկին Էդուարդ Մելիքյանն է: Մարտիրոսյանը նշեց, որ Կառավարությունը այժմ էլ  հրաժարվում է հրապարակել այն ֆինանսական երաշխիքները, որոնք այդ ընկերությունները ներկայացրել են՝ որպես ծրագրի իրականացման երաշխիք: Ըստ իրավաբանի՝ պաշտոնատար անձինք այս գործընթացում չարաշահումներ են թույլ տվել:

Փորձագետներից փորձեցինք ստանալ դեռ հունիսի 13-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հնչեցրած հարցի պատասխանը՝ «տղերք, հիմա մենք Ֆիրդուսին կառուցելո՞ւ ենք, թե՞ ոչ»:

Արդարության համար նշեմ, որ Ֆիրդուսի թաղամասում մեր տեսախցիկը ֆիքսեց տներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ բարեկարգ վիճակում չեն, և դրանք քիչ չեն: Ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց.

«Պարոն Մեսչյանն այդ հարցն ուղղել է Կառավարության ներկայացուցչին: Այդ հարցը հռետորական չէր և ուղղած էր Սերժ Վարագ Սիսեռյանին: Այստեղ բացահայտվում է  այն ամբողջ մութ մասը այս պատմության, թե ինչո՞ւ է քաղաքապետը և Քաղաքապետարանը փորձում իր ձեռքերը լվանալ, չպատասխանել որևէ հարցի,  քանի որ Կառավարության կողմից է ծրագրի իրականացման պահանջը դրվել: Կարելի է ենթադրել, որ Քաղաքապետարանը և գլխավոր ճարտարապետը ընդդիմացել են, կամ փորձել են ընդդիմանալ, չի ստացվել: Ես փորձեմ բացել այդ տեքստը. Մեսչյանը հարցնում է՝ այսքան ժամանակ, որ քննարկում ենք, այս բոլոր վիճելի հարցերից հետո, հիմա Դուք կարո՞ղ եք պատասխանել՝ մենք անելո՞ւ ենք սա, թե՞ ոչ:  Պատասխանատվությունն ո՞վ է ստանձնում»:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հարցն ուղղում էր  նախ բոլոր  մասնակիցներին, և, բացի այդ, միայն ճարտարապետի մեջբերած հարցը չէ, որ  հնչեցնում էր։  Արթուր Մեսչյանը նաև  հարցնում էր ու փորձում էր հասկանալ ամենակարևորը. «ստրատեգիական առումով, ի վերջո, Ֆիրդուսի նախագիծը մենք պետք է առա՞ջ տանենք, թե՞ Հին Երևանի պես՝ երկրորդ շինհրապարակը պետք է ունենանք։ Այդ 6 լոտի սեփականատերերը մեզ դատի են տալու ու ջնջելու են բառի բուն իմաստով, որովհետև ահռելի ծախսեր են արել, դրան ո՞վ է պատասխան տալու։ Ո՞վ է մեղավոր, որ նախկինում արած կոնցեպտի վրա լոտեր են բաժանել, և կառուցապատողն այդ լոտերը գնել է, նախագծեր պատվիրել և արդեն ճարտարապետներին կանխավճար է տվել»:

Այսինքն՝ խնդիրն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն, նախաձեռնող խմբի անդամ  Անահիտ Սիմոնյանն էլ ասաց, որ, երբ գալիս է կառուցապատողը՝ իր բիզնես շահով, Կառավարությունը միայն այդ ժամանակ է հիշում անձի բնակարանային պայմանների մասին:

«Բնակարանային պայմանների մասին խոսակցությունը կապ չունի այս հարցի հետ, դա կապ ունի պետության պարտավորությունների իրացման հետ ոչ միայն՝ Ֆիդուսում, այլև՝ բազմաթիվ այլ վայրերում»:

Մեր ճշտող հարցին, թե, ի վերջո, մեզ պե՞տք է Ֆիդուսին կառուցել, թե՞ ոչ, Սիմոնյանը պատասխանեց.

«Մեզ պետք է Ֆիրդուսին՝ որպես Երևանի պատմական տարածք, պահպանել, Ֆիրդուսում բնակվող քաղաքացու իրավունքը պաշտպանել»:

Մինչև կառուցապատման նոր ծրագիր կլինի, եթե, իհարկե, կլինի այդպիսին, Ֆիրդուսի պաշտպանության նախաձեռնող խումբն առաջարկում է դադարեցնել ամեն տեսակի շինարարական աշխատանքները Ֆիրդուսիում:

Տեսանյութեր

Լրահոս