Բաժիններ՝

«Տղերք, հիմա մենք Ֆիրդուսին կառուցելո՞ւ ենք, թե՞ ոչ». Արթուր Մեսչյան

Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում անցկացվող քննարկումն աստիճանաբար թեժացավ, հատկապես, երբ մասնակիցները՝ ավագանու անդամներ և քաղհասարակության ներկայացուցիչներ, սկսեցին հարցեր ուղղել կառավարության ներկայացուցիչ Վ.Սիսեռյանին։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հարցրեց՝ արդյո՞ք այսօր նոր կառավարությունը շարունակում է այդ հին, արատավոր, կոռուպցիոն մեթոդներով կազմված ցանկերով առաջնորդվել, թե՞ կատարում է աշխատանք, որպեսզի մասնագետները բազմակողմանի ուսումնասիրեն ոչ միայն այն շենքերը, որոնք արդեն իսկ նախագծում են, այլև ունենք շենքեր, որոնք ունեն սեփականատերեր։ Ավագանու անդամը, սակայն,  հարցը սկսեց նախաբանով՝ ներկայացնելով, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցերով վաղուցվանից է զբաղվում, որ տարիներ առաջ իմ բլոգում տեղադրել էր այն շենք-շինությունների ցանկը, որոնք հանել էին պատմամշակութային հուշարձանների ցանկից, և այսօր, իր կարծիքով՝ շարունակում են հետևել հաստատված այդ ցանկին, որը, մեղմ ասած, կատարյալ չէ։

«Դրանց դեռ ձեռք չեն տվել, բայց բերում են անմխիթար վիճակի, որպեսզի հետո ասեն՝ կներեք, այնտեղ առնետանոց էր։ Դա հայտնի ձեռագիր է՝ շենքը հասցնում են վատ վիճակի, որ բնակիչներին ասեն՝ հիմա կբարեկարգենք։ Ես այսօր, ճիշտն ասած, չեմ տեսնում, որ Երևանի հուշարձան-շենքերը լինեն պատշաճ պաշտպանված։ Ես շատ լավ հասկանում եմ, թե որտեղ է թաղված շան գլուխը, և ուզում եմ հասկանալ՝ էլ ո՞ր շենքն ենք մենք վաղը կորցնելու, թե՞ վերջիվերջո ցուցակը վերանայվելու է, սեփականատերերը, որոնք ձեռք են բերել պատմական կամ ճարտարապետական շինություններ, որևէ կերպ նոր պատասխանատվության են ենթարկվելու՝ այդ շենքերը բարձիթողի վիճակի հասցնելու համար»,- ասաց ավագանու անդամը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն արձագանքեց․

«Առաջին հերթին կխնդրեմ՝ այդ ցանկն ինձ նույնպես փոխանցել, երկրորդ՝ լիովին համաձայն եմ, պետք է ցանկը վերանայվի։ Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի և, հավանաբար, ցանկը կլրամշակվի։ Ինչ կապված է Ֆիրդուսի թաղամասի հետ, ասեմ, որ ո’չ, նույն ձևով չենք գնում ու չենք ուզում գնալ։ Ասեմ, որ ահագին շենքեր քանդվել էին մինչև 2018թ․մայիսը։ Նույն ճանապարհով չենք գնում, որովհետև փաստացի, Ֆիրդուսի 80-ի հարցով այսօր բանակցում ենք ու 90 տոկոսով վստահ ենք, որ ծրագրից դուրս կբերվի։ Տիգրան Մեծի շենքերը ծրագրից դուրս բերվեցին։ Գերակա շահից հանվելու են, որովհետև անտրամաբանական է հուշարձան շենքը գերակա շահ ճանաչելը։ Ուզում եմ հասկանալ՝ Ֆիրդուսում նման խնդրահարույց շենքեր կա՞ն, թե՞ չէ։ Ինչքան գիտեմ՝ չկան, եթե կան, կփորձենք կրկին բանակցել և գտնել լուծումներ։ Ներդրողներից շատերը հեղափոխությունից հետո են հայտնվել այս ծրագրում, որոշել ներդրում կատարել՝ վստահելով մեզ։ Վստահեցնում եմ, որ նորմալ ներդրողներ են այս տարածքում, որոնց հետ կարելի է բանակցել, լուծումներ գտնել։ Մենք չենք գնում նախկին իշխանության ճանապարհով այս հարցում»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժ/պ Արմեն Ղուլարյանն էլ  տեղեկացրեց, որ հանդիպել են ԿԳՄՍ նախարարին, հանձնախումբ են ստեղծելու, այնպիսի փաստաթուղթ են ստեղծելու, որը զերծ կլինի կոռուպցիայից և ընդունելի բոլոր կողմերի համար։

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ հավելեց․ «Մինչև հիմա գրեթե մեկ պարզ բան չի արվել․պահպանման պարտավորագիր չի ստորագրվել սեփականատիրոջ, վարձակալի հետ՝ հուշարձան շենքերի դեպքում»։

Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի և ավագանու անդամ Նուարդ Վարդանյանին հետաքրքրեց բնակիչների հարցը։ Վարագ Սիսեռյանը պարզաբանեց, որ  Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի վերջին կամ 2024 թվականի սկզբին։ Այս պահին 9-10 ներդրող կա, այդ թվում՝ նաև օտարերկրյա ներդրող։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ձայնի իրավունք խնդրելով՝ ասաց․

«Շատ զարմանալու հարց եմ տալու․տղերք, հիմա մենք Ֆիրդուսին կառուցելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այսօր ինչ ասես լսեցի, նույնիսկ այն, որ քաղաքապետարանը մեղավոր է հուշարձանի ցանկը կազմելու հարցում։ Ի՞նչ կապ ունենք մենք դրա հետ։ Ամենակարևորը, ուզում ենք հասկանալ՝ ստրատեգիական առումով, ի վերջո, Ֆիրդուսի նախագիծը մենք պետք է առա՞ջ տանենք, թե՞ Հին Երևանի պես՝ երկրորդ շինհրապարակը պետք է ունենանք։ Խոսում եք Կոնդի մասին․ի՞նչ Կոնդ․այսպիսի վերաբերմունքով, մակարդակով մենք պատրաստ ենք մոտենալ Կոնդի՞ն, դուք ձեզ ձե՞ռ եք առել։ Կոնդը ամենաբարդ նախագծերից մեկն է։ Եթե չենք կարողանում հասկանալ, թե Ֆիրդուսին ինչ ենք անելու, Կոնդին ո՞նց ենք մոտենալու։ Այդ 6 լոտի սեփականատերերը մեզ դատի են տալու ու ջնջելու են բառի բուն իմաստով, որովհետև ահռելի ծախսեր են արել, դրան ո՞վ է պատասխան տալու։ Ո՞վ է մեղավոր, որ նախկինում արած կոնցեպտի վրա լոտեր են բաժանել, և կառուցապատողն այդ լոտերը գնել է, նախագծեր պատվիրել և արդեն ճարտարապետներին կանխավճար է տվել։ Ո՞վ է փակելու այդ գումարները։ Բիզնեսն ու քաղաքաշինությունը նույն բանն են։ Եկեք բոլորս հանգստանանք ու հասկանանք՝ ի վերջո, Ֆիրդուսին կառուցելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Եթե կառուցելու ենք, ապա ինչպե՞ս։ Այն կոնցեպտի հիման վրա, որ մշակվելու, բաժանվելու է լոտերի, և արվում են նախագծեր, թե կասեցնում ենք աշխատանքը գրեթե երկու տարով, մտնում ենք դատական այս խնդիրների մեջ, նորից փաթեթ ենք կազմում ու 3-4 տարի հետո շինարարություն սկսում։ Սա բառի բուն իմաստով սաբոտաժ եմ համարում։ 3 տարին երկարատև շինարարություն չէ՞։ Որպես գլխավոր ճարտարապետ՝ պատասխան եմ ստանալու բոլորիցդ»։

Վարագ Սիսեռյանն  արձագանքեց, որ ծրագիրն իրականացնելու են՝ խնդիրներին լուծում տալով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս