«Եթե ինքս թեստ չհանձնեի, դուրս էի գալու մարդամեջ ու, Աստված չանի, վարակեի ինչ-որ մեկի». Արմեն Վարդանյան
Հայաստանում չորս ամսվա ընթացքում իրականացրած կորոնավիրուսի 131.216 թեստավորումներից դրական է եղել 30.903-ը: Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Արմեն Վարդանյանը, որը կորոնավիրուսով վարակված 30.903 քաղաքացիներից մեկն է, երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 14-օրյա մեկուսացման շրջանի ավարտից հետո իր կամքով ու միջոցներով կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել:
«Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից փորձեցի պարզել, թե ինչ է նշանակում. Վարակաբաններն ուսումնասիրելով թեստի արդյունքները՝ հայտնեցին, որ ես դեռ վարակակիր եմ և վարակ տարածող։ Եթե ես թեստ չհանձնեի, ստացվում էր՝ դուրս էի գալու մարդամեջ ու, Աստված չանի, վարակեի ինչ-որ մեկի։
Բայց կան հարյուրավոր մարդիկ, որ տասնչորսօրյա մեկուսացումից հետո ինքնաբերաբար արդեն համարվում են վարակ չտարածող և մեկուսացումից դուրս գալիս։ Սա հստակ ցույց է տալիս, որ ԱՀԿ- ի խորհուրդներն ու կարգավորման ցուցումները ժամանակավրեպ են։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ոչ այնքան՝ ԱՀԿ ցուցումներին հետևի, այլ՝ համավարակի դեմ պայքարի հաջողված փորձերին։
Մարդկանց ինքնագիտակցության վրա հույս դնելը սխալ է, հատկապես, երբ հասարակությունը չունի պետական ինստիտուցիոնալ հիշողություն, որ կարողանա ինքնուրույն պաշտպանվել»,- գրել է Արմեն Վարդանյանը:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը 168.am–ի հետ զրույցում ասաց, թե կորոնավիրուսի վարակակիրներին 14 օր հետո կրկնակի թեստավորման կարգավորում ԱՆ-ն այժմ չունի:
«Չափորոշիչով, վերջին կարգավորումներով կրկնակի թեստավորում չի իրականացվում: 14 օր հետո հիվանդը, պացիենտը, վարակակիրը համարվում է առողջացած՝ անկախ նրանից՝ ինքը հիվանդանոցո՞ւմ է, թե՞ տանն է բուժում ստացել, և կարող է արդեն ավարտի իր ինքնամեկուսացումը կամ մեկուսացումը և դուրս գա արդեն աշխատանքի»,- ասաց Լիլիթ Բաբախանյանը:
Մեր հարցին, թե արդյո՞ք չկա մտավախություն, որ ինքնամեկուսացման շրջանի ավարտից հետո քաղաքացին, որ ենթադրում է, թե առողջ է, կարող է վարակակիր լինել և վարակել իր հետ շփման մեջ գտնվող քաղաքացիներին, ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը պատասխանեց.
«Վարակելու առումով ես չէ, որ պիտի ասեմ մտավախությունների մասին, որովհետև մասնագիտությամբ բժիշկ չեմ, կրկնում եմ ԱՀԿ-ի գիտական հիմնավորումները, այն, ինչով որ մենք առաջնորդվում ենք: Ըստ այդմ, 11 օր հետո վարակակիրը, անգամ, եթե ունի դրական արդյունք, 11 օր հետո ինքը համարվում է ոչ վարակիչ: Նոր ուսումնասիրությունն է հիմք տվել, որ 11 օր է, ու ուրեմն 14 օր հետո ինքը կարող է լիիրավ դուրս գալ իր մնացած գործերին:
Բայց եթե հիվանդությունը իր կլինիկայով շարունակում է դրսևորվել, դա էլ արդեն բուժման ընթացքից է կախված, ու քանի որ այս ամբողջ պրոցեսը գնում է բժիշկների հսկողության տակ, ըստ այդմ, անհատական մոտեցում է ցուցաբերվում: Այսինքն՝ եթե շարունակում է ջերմել հիվանդը, կամ ախտանիշներ կան, այսինքն՝ հիվանդության կլինիկա դեռ կա, բնականաբար, շարունակվում է բուժումը: Այստեղ արդեն հիմք է վերցվում անհատի կլինիկան:
Բայց եթե մարդն անախտանիշ է կամ թեթև ախտանիշներով է տարել հիվանդությունը, ու գիտական ապացույցներ կան, որ 11 օրից հետո վարակիչ չի, նպատակ չկա այդ մարդուն թեկուզ 14 օր հետո թեստավորելու, կամ, եթե դրական լինի, ևս 14 օր հետո պահելու»:
Լիլիթ Բաբախանյանի խոսքով՝ այս պահին, քանի դեռ հիվանդությունը նոր է, ու շատ բան աշխարհում հայտնի չի, ԱՀԿ-ն անդադար միջազգային հետազոտություններ է իրականացնում, դրա համար բոլոր երկրները հետևում են այդ խորհուրդներին, որովհետև այդ նորությունները կարող են պարբերաբար փոփոխվել:
«Ինչքան ծանոթանում են հիվանդությանը, հետազոտություն են անում, ինչ-որ նոր բան կարող է պարզվի, շտկվի երկրների բուժման պրոտոկոլներում»,- նշեց Լիլիթ Բաբախանյանը:
Անդրադառնալով Արմեն Վարդյանյանի գրառմանն ու նրանում նշված տեղեկությանը, թե վերջինին ՀՎԿԱԿ-ից ասել են, թե դեռ շարունակում է լինել վարակը տարածող, Լ. Բաբախանյանը ասաց.
«Մենք դա փոխանցել ենք մասնագետներին, Ուզում ենք հասկանալ, ճշտել մանրամասները, ո՞վ է եղել: Ուսումնասիրում ենք դա»:
Արմեն Վարդանյանն էլ փորձում է հասկանալ, թե ո՞րն է լուծումը, և ֆեյսբուքյան իր գրառումը հենց այդ հարցով էլ ավարտում է. «Որոնք են լուծումները, մտածում եմ ու հասկանում, որ այս համավարակի առանձնահատկությունն այն է, որ ճիշտ լուծումներ այլևս չկան»։
Հ.Գ. Քիչ առաջ ՀՎԿԱԿ-ը հենց Արմեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառման տակ գրել է, թե կարծում են, որ հարց-պատասխանի ընթացքում տեղի է ունեցել թյուրըմբռնում:
«Հնարավոր է վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում և հայտնաբերում ՊՇՌ մեթոդով, սակայն վիրուսն այլևս չի արտազատվում: Այսինքն` մարդը կարող է լինել վարակակիր, բայց ոչ վարակիչ։
ՀՀ առողջապահության նախարարությունն ունի հստակ սահմանում COVID-19 դրական պացիենտների հոսպիտալացման և դուրս գրումից հետո 14-օրյա ինքնամեկուսացման մասով։
Համաձայն Առողջապահության նախարարի 2020թ. մայիսի 21-ի No 1606-Ա հրամանի՝ հիվանդանոցային կազմակերպությունից դուրս գրվելուց հետո COVID-19 պացիենտի նկատմամբ ԱԱՊ մասնագետի կողմից սահմանվում է հետհիվանդանոցային բժշկական հսկողություն՝ 14-օրյա ժամկետով, որից հետո անձը համարվում է աշխատունակ»,-ասված է ՀՎԿԱԿ գրառման մեջ: