Ինչքան փող է այս տարի «կորցրել» Կենտրոնական բանկը
Այս տարվա առաջին կեսին Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային միջոցների «կորուստները» կազմել են ընդհանուր առմամբ 201 մլն դոլար։
Պահուստների բավական մեծ անկում արձանագրվեց հատկապես տարեսկզբի 4 ամիսներին։ Այդ ընթացքում դրանք նվազեցին 358 մլն դոլարով։
Տարադրամային պահուստների համալրման համար բարեհաջող էր մայիսը. վերականգնվեց գրեթե 213 մլն դոլար։ Հունիսին պահուստները կրկին կրճատվեցին, թեև հիմա ավելի լավ դիրքում են գտնվում, քան ապրիլին էին։
Թե ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները, ԿԲ-ն չի բացահայտում։ Բայց հայտնի է, որ դրանք սովորաբար ուղղվում են երկրի արտաքին տարադրամային պահանջարկի բավարարմանը, ինչպես նաև ներքին ֆինանսական կայունության ապահովմանը։
Ներքին ֆինանսական կայունության հետ կապված այս տարվա սկզբին խնդիրներ ունեցել ենք։ Ինչպես հայտնի է, մարտի կեսերին մի պահ արժութային շուկան բավական լուրջ ցնցում ապրեց։ Տնտեսական իրավիճակով ու համավարակով պայմանավորված՝ առաջացան բավական մեծ ռիսկեր։
Ձևավորված բացասական սպասումների հետևանքով թուլացավ ազգային արժույթը։ Ամերիկյան դոլարի փոխարժեքն այդ շրջանում հասավ ընդհուպ 507-508 դրամի։
Ի հայտ եկած ճնշումը թուլացնելու և սպասումները մեղմելու նպատակով Կենտրոնական բանկը ստիպված եղավ իրականացնել տարադրամային ներարկումներ։ Դրամի կայունությունը վերականգնելու նպատակով մարտ-ապրիլին վաճառվեց շուրջ 127 մլն դոլար։ Դա տվեց իր արդյունքը։ Դրամը ոչ միայն դադարեց արժեզրկվել, այլև աստիճանաբար հետ բերեց կորցրածը։
Վերջին 2 ամիսներին Հայաստանի արժութային շուկան հիմնականում կայուն է եղել, չնայած արդեն մի քանի օր է, ինչ դրամը դարձյալ սկսել է արժեզրկվել։ Դժվար է ասել, թե դա մինչև ո՞ւր կհասնի, բայց ռիսկերը փոխարժեքի շուկայում շարունակում են բարձր մնալ։ Դրանք կապված են հատկապես արտաքին հատվածից եկող մարտահրավերների հետ։
Հայաստան մտնող տարադրամային հոսքերը կրճատվել են գրեթե բոլոր հիմնական ուղղություններով։ Առանձին ոլորտներից ունենք հսկայական անկում։
Խոսքը վերաբերում է, առաջին հերթին՝ զբոսաշրջությանը։ 2020 թվականը կորսված տարի է զբոսաշրջության համար։ Վերջին ամիսներին հոսքերը հասել են գրեթե զրոյի։
Վերականգնվելու հույսեր առայժմ չկան։ Հայաստանը շարունակում է մնալ փակ գոտի զբոսաշրջիկների համար։ Արտաքին գործընկերները մտադրություն չունեն վերսկսելու փոխայցերը Հայաստանի հետ։ Համավարակի տարածման մակարդակը լուրջ խոչընդոտ է այդ ճանապարհին։
Արդյունքում՝ տուժում է ոչ միայն ներքին տնտեսությունը, այլև երկիրը զրկվում է հսկայական տարադրամային հոսքերից։
Անցած տարի, երբ արժութային շուկայում նկատվում էր տարադրամային ավելացուկ՝ Կենտրոնական բանկը դա պայմանավորում էր հատկապես զբոսաշրջության ակտիվացմամբ։ Մոտավոր գնահատումներով՝ այդ ոլորտից 2019թ. Հայաստան է մտել 1,5 մլրդ դոլարին հասնող տարադրամ։ Միջին ամսական մուտքը կազմում է 125 միլիոն։
Եթե ընդունենք, որ վերջին առնվազն 4 ամիսներին սահմանները փակ են եղել, ապա ստացվում է, որ միայն այդ ոլորտից արժութային շուկան չի ստացել գրեթե 500 մլն դոլար։ Մինչև տարեվերջ տարադրամային կորուստները զբոսաշրջությունից կարող են հասնել և նույնիսկ անցնել 1 միլիարդից։
Նվազել են Հայաստան եկող տարադրամային մուտքերը նաև արտահանումից։ Հայտնի է, որ սա հիմնական ուղղություններից մեկն է, որտեղից արտարժույթ է մտնում երկիր։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին արտահանումը Հայաստանից կրճատվել է ավելի քան 8 տոկոսով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանումից ստացված տարադրամային մուտքերը կազմել էին 960 միլիոն, այս տարի՝ 886 մլն դոլար։
Տարադրամային հոսքերը պակասել են նաև երրորդ՝ ամենակարևոր հատվածներից մեկում. խոսքը մասնավոր տրանսֆերտների մասին է։ Տարեսկզբի 5 ամիսներին ֆիզիկական անձանց բանկային փոխանցումները կրճատվել են 158 մլն դոլարով։ Եթե անցած տարի ստացվել էր 704 միլիոն, ապա այս տարի՝ 546 մլն դոլար։ Տրանսֆերտների կրճատումն անցնում է 22 տոկոսից։
Սրանք այն 3 հիմնական ուղղություններն են, որոնք ապահովում են երկրի տարադրամային պահանջարկը։ Բոլոր 3 ուղղություններում էլ ունենք անկում։ Առանձին դեպքերում՝ նաև կտրուկ անկում։ Եվ, որ ավելի վատ է, այդ հատվածներից առայժմ հոսքերի վերականգնման հույսեր չկան։
Զբոսաշրջության դեպքում ամեն ինչ արդեն պարզ է։ Նույնը նաև մասնավոր ֆինանսական փոխանցումների պարագայում է. Կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով՝ մուտքերի կրճատումը կարող է հասնել 25 տոկոսի։ Իսկ դա նշանակում է, որ տարադրամային կորուստները կկազմեն առնվազն 500 մլն դոլար։ Մնում է արտահանումը, որտեղ ևս իրավիճակը գոնե այս պահին բարենպաստ չէ։ Հույսերը, որ կարող ենք հասնել նախորդ տարվա մակարդակին, գրեթե զրոյական են։ Ընդհակառակը՝ սպասվում է, որ առաջիկայում արտահանման անկումը կխորանա. կանխատեսվում է, որ տարեվերջին այն կարող է հասնել ընդհուպ մինչև 15 տոկոսի։
Նշված 3 ուղղություններից բացի, անշուշտ, կան տարադրամային մուտքերի նաև այլ աղբյուրներ։
Դրանցից ամենակարևորն օտարերկրյա ներդրումներից ստացվող հոսքերն են։ Ցավոք, վերջին տարիներին այս ուղղությունն այնքան է ցամաքել, որ տարեկան ստացվում է հազիվ 250 մլն դոլարի կարգի գումար։ Դեռ չհաշված արտահոսքը։
Պարզ է, որ այս տարի անիմաստ է դրսից ներդրումներ ակնկալելը։ Առաջին եռամսյակում դրանք կազմել են հազիվ 26-27 մլն դոլար։ Ենթադրվում է, որ երկրորդում շատ ավելի քիչ կլինեն։ Սպասելիքները մեծ չեն նաև հետագայում։
Տարադրամի ապահովման մյուս ուղղությունն էլ վարկերն են։ Այստեղ միանշանակ առաջընթաց կունենանք։
Հայտնի է, որ բյուջեի թերակատարումը ծածկելու նպատակով կառավարությունը պատրաստվում է լրացուցիչ առնվազն 500 մլն դոլար վարկային միջոցներ ներգրավել։ 315 միլիոնի վերաբերյալ համաձայնագիրը վերջերս վարվերացվեց Ազգային ժողովում։ Ներգրավվող վարկային միջոցները, իհարկե, դրանով չեն սահմանափակվի։ Մինչ այդ էլ կար համաձայնություն՝ այս տարի ևս մի քանի հարյուր միլիոնի վարկ ստանալու վերաբերյալ։
Տարադրամային այս հոսքերը, թե որքանով հնարավորություն կտան հավասարակշռելու շուկան, շատ բանով կախված կլինի նաև պահանջարկից։
Այս պահին հայտնի է, որ ներմուծման նպատակով ներկայացվող պահանջարկը կրճատվել է։ Ներմուծման ֆինանսավորման համար 5 ամսում երկրից 237 մլն դոլարով պակաս գումար է դուրս եկել, քան անցած տարի։ Ենթադրվում է, որ առաջիկայում ևս այդ միտումը կպահպանվի, ինչը դրական գործոն է տարադրամային հավասարակշռության համար։
Նշենք նաև, որ վերջին տվյալներով՝ Կենտրոնական բանկի արտաքին պահուստները հասնում են 2 մլրդ 648 մլն դոլարի, որը բավական լավ դիրք է երկրի տարադրամային դիմադրողականության առումով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ