«Կառավարությունը թույլատրում է մեկ սեղանի շուրջ 4 անձ նստել, այդ դեպքում ինչո՞ւ չի թույլատրում նույն կանոնները պահպանելով միջոցառում անել». Արթուր Սարգսյան
Հայաստանում Covid 19-ով պայմանավորված մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո փակվեցին սպասարկման բոլոր ոլորտները: Այնուհետև, երբ դրանք վերաբացվեցին, որոշների մոտ, այնուամենայնիվ, խնդիրները շարունակվեցին: Մասնավորապես, ռեստորանային ոլորտում խնդիրները շատ են, ինչի մասին ոլորտի ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնում են: Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցել է միջոցառումների կազմակերպիչ Արթուր Սարգսյանի հետ:
-Այսօր ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած ռեստորանայիյն ոլորտի աշխատակիցները:
-Ռեստորանայիհն ոլորտն իրականում միայն ռեստորանները չեն, դա մեծ բանակ է, մեծ զանգված է, որն իր մեջ փոխկապակցված գնում է: Դրանք են՝ հանդիսավարներ, դիզայներներ, երաժիշտներ, երգիչներ, օպերատորներ, մատուցողներ, այսինքն՝ դա մի մեծ զանգված է, որն այսօր մնացել է առանց գործ: Արդեն 5-րդ ամիսն է, և մեր հաշվարկներով՝ այս մարդկանց թիվը կազմում է 20 հազարից ավելի, որոնք մնացել են առանց գործ:
-Ի՞նչ անի Կառավարությունը, ստացվում է կամ տնտեսությունը պահելու համար պետք է թույլ տան ռեստորանների լիարժեք աշխատանքները, սակայն, մյուս կողմից, էլ առողջապահական խնդիրներն են:
-Այո, կան խնդիրներ և այդ խնդիրը լուծելի է: Եթե կառավարությունն արգելում է կազմակերպել միջոցառում, բայց բաց են ռեստորանային սրահները, սրճարանները, որոնք ինքը չի՛ ասում փակեք: Այն սկզբնական շրջանի պես, ինչպես առաջին 1-2 ամիսն էր, որը, այսպես ասած, խորը կարանտինն էր, ամբողջը փակ էր, հասկանում էինք, որ պետք է: Սպասեցինք մեկ ամիս, երկու ամիս, հետո ասացին՝ բացեք: Հիմա ես չեմ կարողանում հասկանալ, եթե ինչ-որ ռեստորան է բացվում, Կառավարությունը թույլատրում է դա, ինչո՞ւ է արգելում է միջոցառումը: Կառավարությունը թույլատրում է մեկ սեղանի շուրջ 4 անձ նստել, այդ դեպքում ինչո՞ւ չի թույլատրում նույն կանոնները պահպանելով միջոցառում անել: Թող ոստիկան տրամադրեն, գան վերահսկեն, որ ամեն ինչ տեղը տեղին լինի»:
-Որքանո՞վ է արդյունավետ Կառավարության կողմից միջոցառումների վերահսկումը, ստացվում է ռեստորաններում արգելում են տոնախմբությունները, սակայն դրան զուգահեռ մարդիկ գաղտնի են կազմակերպում իրենց խնջույքները:
-Հետևելով համացանցին՝ հասկանում ես, որ այսպես, թե այնպես մարդիկ անում են իրենց միջոցառումները և դա վերահսկելի չէ, ոչ մեկ չի հսկում դա, իսկ այն, ինչ մենք ենք առաջարկում՝ թողեք աշխատեն, հարկ կմուծեն, բոլորը հանգիստ կլինեն, որ վերահսկվում է:
-Տեղյա՞կ եք, այս ընթացքում Կառավարության կողմից աջակցություն ստացե՞լ են ռեստորանային ոլորտի աշխատակիցները:
-Կոնկրետ այդ ոլորտի համար աջակցության հետ կապված առանձնահատուկ կետ չի եղել: Ես ոչ մի աջակցություն չեմ ստացել, ոչ մի կետով չեմ անցել ու մինչև այսօր էլ չեմ հասկանում, թե ինչո՞ւ, անգամ անչափահաս երեխաների համար դիմել եմ, բայց չեմ ստացել: Այնպիսի տպավորություն է, որ այս ոլորտը մոռացված է, չկա, գոյություն չունի: Հետագայում նաև տնտեսական խնդիրներ են լինելու, որովհետև ստույգ չեմ կարող ասել, բայց 300 միլիոնի կարգի գումար էր մտնում բյուջե:
-Քանի՞ մարդ է աշխատանքից ազատվել, կրճատվել՝ երգիչ-երգչուհիներ, հանդիսավարներ, մատուցողներ, մաքրուհիներ և այլն: Նրանք ի՞նչ են ասում այս ամենի վերաբերյալ:
-Բնականաբար այս ոլորտում շատ-շատ են կրճատումներ եղել: Հիմնական թիրախային խումբը մատուցողներն ու մաքրուհիներն են:
-Երբ այս ոլորտի աշխատակիցները՝ երգիչներ, հանդիսավարներ թեմայի վերաբերյալ բարձրաձայնում են, կարծես թե հարցը քաղաքական հարթություն է տեղափոխվում և հասարակության մոտ թշնամանք է ձրավորվում, դուք նման բան նկատե՞լ եք:
-Ճի՛շտ եք, ես ինքս իմ վրա եմ նկատում, բայց սա քաղաքական հարց չէ ու հուսով եմ, որ երբեք չի դառնա քաղաքական: Սա պարզապես ոլորտ է և անկախ նրանից, թե ով է իշխանությունը՝ նախկին, հին, նոր, ապագա, թե հետո ով կլինի, ինձ ընդամենը պետք է, որ այդ ոլորտն աշխատի, որ այդ ոլորտի մարդիկ լինեն պահանջված, քանի որ դա մշակույթ է, իսկ այսօր դա շատ-շատ է անտեսվել:
-Տեղեկացանք, որ վաղը կառավարության դիմաց ակցիա են իրականացնելու ռեստորանային ոլորտի աշխատակիցները, մի փոքր չակերտները բացեք՝ ինչ է լինելու:
-Դա ընդամենը պահանջ է, որ մեր ձայնը լսելի լինի, որ սկսեն այս ոլորտին ուշադրություն դարձնել՝ թողեք աշխատենք՝ ամեն ինչ վերահսկելով: Նայելով մյուս ոլորտներին, դրանք ոչ թե բարձիթողի են, այլ պարզապես այդ մարդիկ աշխատում են, այս ոլորտում էլ պետք է թողնեն, որ մարդիկ սկսեն շնչել: Եթե դու թույլատրում ես մի բան, ուրեմն թույլատրի մինչև վերջ: Միայն պահանջելով չէ, դու պետք է դրա դիմաց որևէ բան տաս այդ մարդուն, որ հետո պահանջես: Հասարակ օրինակ՝ եթե երեխայից դու մի բան ես պահանջում, նախ պետք է բացատրես նրան, պետք է տաս այդ հնարավորությունը, հետո նոր պահանջես: Եթե լուծումներ են տրվում, բայց կիսատ, օրինակ՝ ռեստորանների, սրճարանների բացելը, եղբա՛յր, ընդհանրապես չթույլատրեիք, չբացեիք, մենք էլ իմանայինք, որ բաց չի, բայց, երբ մի քիչ բացում ես, բայց ասում ես մինչև վերջ չի կարելի, դրա իմաստը կորչում է:
Ըստ մեր զրուցակից Արթուր Սարգսյանի՝ սննդի ու հանդիսությունների օբյեկտները պետք է աշխատեն՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող բոլոր անհրաժեշտ կանոնները, քանի որ մարդիկ, միևնույն է, որևէ կերպ իրենց առիթները նշում են. «Երեխա ծնվել, ամուսնանալ, ծնունդ անել, դեռ ոչ մեկը չի արգելել, դա բանկանոն իր հունով գնում է»:
ՆԱՐԵԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ