«Դուխով էինք, անդուխ դարձանք», «Երկրի կարգն ա պետք փոխել, ոչ թե Պողոսին հանել, Պետրոսին դնել». քաղաքացիները՝ իրենց կյանքի որակի փոփոխության մասին
2018 թվականի ապրիլ-մայիսյան դեպքերից հետո իշխանությունը ստանձնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարության հիմնական ուղենիշը պետք է լինի քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը միտված որոշումների ընդունումը: Անցել է երկու տարի իշխանությունների փոփոխությունից հետո, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները փոփոխություն զգում են իրենց կյանքում: 168.am-ը Արմավիր քաղաքում իրականացրած հարցման ընթացքում պարզեց, որ հարցման ենթարկված քաղաքացիների զգալի մասի կյանքում ոչինչ չի փոխվել։
«Ամփոփ պատասխանեմ՝ դուխով էինք, անդուխ դարձանք»,- ասաց մեր հարցին պատասխանած քաղաքացիներից մեկը:
«Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվել: Չի էլ փոխվելու, որովհետև ինչքան կառավարություն գալիս ա, սաղ իրանց գրպանի համար են մտածում: Ժողովրդի մասին մտածող չկա: Իսկ 2 տարում դժվար թե բան փոխվի: Առնվազն 30-50 տարի ա պետք, որ ինչ-որ քաղաքը փոխվի, մարդու առօրյան փոխվի, կարողանան վերապատրաստեն և պայմաններ ստեղծեն, որ մարդիկ աշխատանք ունենան:
Աշխատած երկիրը քանդեցին առանց մտածելու, որ նրանք ստեղծել էին 50-60 տարում: 70 տարում էին ստեղծել էդ պայմանները, որ մարդիկ բարեկեցիկ կարողանում էին ապրել: Էսօր նրանց ասածը քանդեցին՝ լավը պատրաստելու, բայց տենց քանդած էլ թողեցին: Էսօր ուզում են, որ 1 տարում, 2 տարում ինչ-որ մեկը՝ ես ըլնեմ, Պողոսը ըլնի, Պետրոսը ըլնի, Մարտիրոսն ըլնի, չեն կարող ինչ-որ բան փոխել 2 տարվա մեջ: Առնվազն 50 տարի ա պետք: Երկրի կարգն ա պետք փոխել, ոչ թե Պողոսին հանել, Պետրոսին դնել:
Էսօր ստիպված ամեն մի քայլի ժողովուրդը դիմում ա, ինչով կարելի ա կոպեկ աշխատել, որ իրենց առօրյա հոգսերը հոգան, տան երեխային պահեն:
Առաջինը երիտասարդին պիտի ուժ տան, պայմաններ տան, աշխատանք տան, իսկ նրանք հակառակը՝ երիտասարդին աշխատանք չեն տալիս: 3 հատ տղա ունեմ՝ 35, 34, 33 տարեկան, ոչ մեկն էլ ամուսնացած չի: Չեն ամուսնանում էն պատճառով, որ չեն կարող տուն պահել, երեխա պահել, որովհետև ամենօրյա աշխատանք չունեն՝ էսօր ստե են աշխատում, վաղը ընդե են աշխատում: Տենց աշխատանքով տուն չես պահի, երեխա չես պահի, մեծացնի: Երեխային մեծացնելու համար պայմաններ ա պետք, իսկ էդ պայմանները մեր պետությունը չի ապահովում»,- ասաց մեկ այլ քաղաքացի՝ հավելելով, թե սա ոչ թե ապրել է, այլ գոյատևել:
«Հիմա ավելի հաջողակ ենք, քանց թե 2 տարի առաջ: Առողջական խնդիրներս ա հիմա լավ, էն վախտ վատ էր: Ընտանեկան պայմաններս: Երեխաներս դրսում են, բայց մարդ ու կին ստեղ էլի ապահով ապրում ենք, հասցնում ենք, ծերը ծերին հասցնում ենք»,- ասաց Արմավիր քաղաքի մեկ այլ բնակիչ:
«Առաջին հերթին ազատություն նախկին կառավարություններից, որ չէինք կարում շնչեինք, չէինք կարում մարդավարի քայլեինք, իսկ հիմա ազատ ապրում ենք, ոչ մի բանից չենք վախենում»,- նշեց մեկ այլ քաղաքացի:
Մեր հարցերին պատասխանած քաղաքացիներից մեկն էլ ասաց, թե վերջին երկու տարվա ընթացքում եղած միակ փոփոխությունն իր տղայի նշանվելն է: Մեկ ուրիշն էլ նշեց, թե փոփոխությունը տղայի բանակն գնալն է:
«Եթե դուք նկատի ունեք ինչ-որ պետության, կառավարության փոխվելու հետ, ես երբեք հույսս չեմ դրել կառավարության վրա: Ես իմ վրա եմ հույսս դրել: Երբ որ ստեղ աշխատանք չի եղել, գնացել եմ արտագնա աշխատանքի: Երբ որ աշխատանք ստեղ եղել ա, աշխատել եմ»,- ասաց բնակիչներից մեկը:
«Ոչ մի բան չի փոխվել: Նախկինի պես ա մնացել, մի քիչ էլ դեպի վատն ենք գնացել: Ի՞նչն էիք ուզում փոխվեր»,- ասաց մեկ ուրիշը:
«Ոնց կանք, այդպես էլ մնացել ենք: Ոչինչ չի եղել, ավելի վատացել է ավելի ճիշտ: Աշխատանք չունենք՝ մեկ, նույն թոշակառուն էլ ավելի վատ վիճակում է, նպաստառուն էլ»,- հարցին՝ ի՞նչ է փոխվել ձեր կյանքում վերջին երկու տարվա ընթացքում, վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը:
«Լավ, եթե դուք էդ հարցին ինքներդ պատասխանեք, ես էլ բան չունեմ ասելու: Դուք գիտեք պատասխանը»,- հարցին հարցով հակադարձեց մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում