«Եթե Ադրբեջանի նախագահն այդ հայտարարությամբ պարզ բլեֆի չի գնում, ապա բանակցությունների դադարեցումը հղի է անկանխատեսելի հետևանքներով». Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք լրատվականներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է «պասիվության» համար՝ ասելով․
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանն առ այն, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Այդ հայտարարությունը տապալում է բանակցությունները և դրանք անիմաստ դարձնում: Այսօր կարգավորման բանակցություններ փաստացիորեն չկան, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից էլ ոչ մի օգուտ չկա: Դա զուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե բանակցությունները առարկայական չլինեն, մենք չենք մասնակցի դրանց»։
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։
– Պարոն Աբրահամյան, հունիսի 30-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների տեսակոնֆերանսից օրեր անց, Ադրբեջանի նախագահը Մինսկի խմբին մեղադրել է «պասիվության» համար։ Ձեր կարծիքով՝ սա ինչի՞ հետևանք է, ի՞նչ «պասիվության» մասին է խոսքը։
– Ադրբեջանի նախագահը շտապողականություն է դրսևորում, որովհետև տարիներ շարունակ իր հասարակությանը խոստանում էր Արցախի հարցում արագ լուծման հասնել, ինչը, բնականաբար, չի հաջողվում: Իսկ Ադրբեջանում աճող լարվածության պայմաններում Իլհամ Ալիևը ստիպված է սուր հայտարարություններ հնչեցնել նույնիսկ համանախագահների աշխատանքի վերաբերյալ: Այստեղ խնդիրը միջնորդները չեն, խնդիրը Ադրբեջանի կոշտ դիրքորոշումն է, որի պայմաններում անհնար է առաջ շարժվել: Սակայն մյուս կողմից էլ՝ կա հանրային պահանջ՝ լուծելու խոստացած խնդիրը, ինչը կարճ ժամկետում հնարավոր չէ:
– Ալիևն ասել է, որ տեսակոնֆերանսներից օգուտ չկա, դրանք զուտ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա են, և եթե բանակցություններն առարկայական չլինեն, Ադրբեջանը դրանց չի մասնակցի։ Ի՞նչ եք կարծում, համավարակի պայմաններում հնարավո՞ր է՝ առհասարակ դադարեցվեն տեսակոնֆերանսները, և առհասարակ նման հայտարարությամբ ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիևը։
– Ադրբեջանի նախագահը, ըստ էության, խոսում է բանացային գործընթացի փակուղային վիճակի կամ գոնե դրա շեմին լինելու մասին: Դադարեցումը, իհարկե, անցանկալի է, որովհետև այն նոր լարվածություն կհաղորդի տարածաշրջանին՝ իր հետ բերելով նոր սպառնալիքներ:
Որևէ մեկը չի կարող բացառել, որ Ադրբեջանը հետ կկանգնի բանակցություններից, որովհետև նրա ղեկավարների վարքը երբեք էլ կանխատեսելի չի եղել:
– Առարկայական ի՞նչ բանակցություններ է ակնարկում Ալիևը, եթե նշվում է, որ բանակցություններ չկան, և այս պահին որևէ փաստաթղթի շուրջ կողմերը չեն բանակցում։
– Կարծում եմ, որ այս պարագայում Ալիևը նկատի ունի միջազգային բոլոր կառույցներում բարձրաձայնված Ադրբեջանի դիրքորոշման մասին՝ լուծման իրենց տրամաբանության և սկզբունքների շուրջ, ինչն անընդունելի է և որևէ հեռանկար չունի:
– Եթե Ադրբեջանը չմասնակցի բանակցություններին, արդյո՞ք սա չի ենթադրում պատերազմի վերսկսում։
– Եթե Ադրբեջանի նախագահն այդ հայտարարությամբ պարզ բլեֆի չի գնում, ապա, ինչպես արդեն նշեցի՝ բանակցությունների դադարեցումը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
– Մինսկի խմբի համանախագահների արձագանքն այս հայտարարությանն ինչպիսի՞ն պետք է լինի։
– Համանախագահներն Ադրբեջանին ռացիոնալ դաշտ բերելու խնդիր ունեն, հակառակ դեպքում տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից նոր սպառալիքներ են ի հայտ գալու:



