«Ասում են՝ եղունգ ունես, գլուխդ քորի». ֆերմեր Արմենակ Ասատրյան

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկած ու բիզնես սկսած 65-ամյա Արմենակ Ասատրյանը երկու տարի առաջ չէր էլ մտածի, թե բիզնեսն առաջ գնալու փոխարեն՝ ժամանակ առ ժամանակ հարվածներ է ստանալու: Հուլիսի 4-ին Արարատի մարզում տեղի ունեցած ուժեղ քամու ու պտտահողմի հետևանքով կորուստներ է կրել նաև Մասիսի ջայլամաբուծական ֆերման: Ֆերմայի սեփականատեր Արմենակ Ասատրյանը պատմում է, որ մի քանի րոպե տևած ուժեղ քամու ժամանակ ինքն ինկուբատորում է եղել, չի զգացել ուժեղ քամին ու միայն դուրս գալուց հետո է  տեսել, որ քամու արդյունքում ջայլամների համար նոր կառուցված գոմերի թիթեղյա հսկայական տանիքը քամին վերցրել ու շուռ է տվել ջայլամների վրա:

«Վնասվածք ստացել էր ընդհանուր 5 ջայլամ, որից 3-ը ծանր էին, իսկ 2-ը՝ թեթև: Մեկի ոտը կտրվել էր, մորթեցինք: Երկուսին մյուս օրը մորթեցինք, որովհետև մեկը նարկոզից դուրս չեկավ, էն մեկն էլ՝ մեջքը լրիվ բացվել էր, հնարավոր չէր իրանց բուժել»,- ասաց Արմենակ Ասատրյանը:

Ուժեղ քամու հետևանքով ջայլամաբուծական ֆերմայի սեփականատերը կրել է ավելի քան 10 մլն դրամի վնաս:

«Ջայլամները դոլարով էի առել՝ Պարսկաստանից: Էս ընտանիքի որձը 2.500 դոլար էր, իսկ էգերը՝ 3.000 դոլար՝ ամեն մեկը: Ընդհանուր 8.500 դոլարի վնաս էր: Երկուսը 10 տարեկան էին, իսկ որձը՝ 6 տարեկան: 6 մլն դրամ՝ տանիքը»,- ասաց Արմենակ Ասատյանը:

Սեփականատերը ֆերման ու ջայլամներին ապահովագրել դեռ չէր հասցրել: Ֆերման մեկ տարի է, ինչ ստեղծել է:

7 ամիս առաջ էլ  էր արտակարգ դեպք  տեղի ունեցել այս ֆերմայում: Կասկածելի հանգամանքներում հոշոտվել էին ֆերմայի 25 ջայլամ, 8 ջայլամ վնասվածք էր ստացել: Արմենակ Ասատրյանը դիմել էր Արարատի մարզպետարան, սակայն որևէ աջակցություն չէր ստացել: Այսօր մարզպետարան դիմելն արդեն անօգուտ է համարում:

«Դեկտեմբերին նույն բանը եղավ, 5 միլիոն դրամի կորուստ ես տարա: Ոչ մեկը չօգնեց, մենակ ասին՝ «ցավակցում  ենք»: Իսկ հիմի էլ էլի նույն բանը պետք ա լինի, ես դաժե ամաչում եմ, որ դիմեմ կամ ասեմ: Ես գիտեմ, որ только нет: Իզուր իմ ժամանակը պետք ա կորցնեմ, ու վսյո: Գիտեմ, որ չեն օգնի: Ես արդեն էդ բանը կաշվիս վրա զգացել եմ: Ասում են՝ եղունգ ունես, գլուխդ քորի»,- ասաց Արմենակ Ասատրյանը:

Հենց այս ժողովրդական խոսքն էլ հիշելով՝ ֆերմայի սեփականատերը շարունակում է աշխատել՝ ջայլամներին բուժելով, նոր ծնված ջայլամներին խնամելով ու նորածին  ջայլամներին  օգնելով ձվից դուրս գալ:

«Ես էդ մարդկանցից չեմ, որ հիասթափվեմ: Ես չեմ հիասթափվում: Չեմ հուսախաբվել, անում եմ, էլի, աշխատում եմ»,- վստահեցնում է Արմենակ Ասատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս