Տեսչական մարմինը Գեղարքունիքում դիտարկել է տրանսպորտն ու տաքսիները. կան արձանագրություններ
Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հուլիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում:
Տեսչական մարմնից հաղորդում են, որ մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Մարտունի, Վարդենիս քաղաքներում, մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ: Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային, ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների, մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ իրականացված խիստ վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ և թերություններ: Մի քանի մարդատար-տաքսիներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում բացակայել է ախտահանիչ հեղուկը։ Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են թերություններ, որոնց վերաբերյալ տեղում տրվել են անհապաղ շտկելու ցուցումներ։ Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոների պահպանման նպատակով, վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ, նրանց տրվել են իրազեկող թերթիկներ, իրականացվել բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով:
Վերահսկողական աշխատանքները շարունակվում են մայրաքաղաքում և բոլոր մարզերում: