2 բնակարան, 31 միլիոն դրամի ավանդ, 9 միլիոն դրամ աշխատավարձ. ինչ է հայտարարագրել դատավոր Աննա Դանիբեկյանը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։
Եվ այսպես, 2020 թվականի մայիսի 30-ին Աննա Դանիբեկյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, որոնցից մեկը բաժնային սեփականությամբ՝ (1/3) մյուսը՝ միանձնյա։
Որպես բնակարանների հասցե նշված է Շենգավիթ վարչական շրջանը. բնակարանների արժեքը՝ պաշտպանված է (հրապարակված չէ):
Հայտարարատու Դանիբեկյանը հաշվետու տարում հայտարարագրել է հանձնած և վերադարձված ավանդներ՝ 31 միլիոն դրամի չափով։
Դատավորի բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմել են 1,118,342.00 ՀՀ դրամ և 1.00 եվրո:
Որպես կանխիկ գումար՝ Դանիբեկյանը հայտարարագրել է 200,000.00 ՀՀ դրամ, 500.00 ԱՄՆ դոլար, 2,500.00 եվրո։
Դատավորը որպես աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ՝ հայտարարագրել է 9,813,337.00 ՀՀ դրամ, իսկ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումները կազմել են 1,593,799.00 ՀՀ դրամ, 335,372.00 ՀՀ դրամ և 897,534.00 ՀՀ դրամ։
2019 թվականի ընթացքում ձեռք բերված և օտարված անշարժ գույք, տրանսպորտի միջոց, բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, պարտքային և այլ արժեթղթեր, ինչպես նաև ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքը (թանկարժեք գույք) Աննա Դանիբեկյանը չի հայտարարագրել։
2019 թվականին ներկայացրած հայտարարագրում Աննա Դանիբեկյանը դարձյալ նույն պաշտոնում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, հայտարարագրել է տարվա սկզբում՝ 10,833.00 ԱՄՆ դոլար արժեքով մեկ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը, սակայն, հարկային տարվա վերջում արդեն առկա չի եղել։
Հարկային տարվա վերջում նրա փոխառության գումարները կազմել են դարձյալ 31 միլիոն ՀՀ դրամ՝ ինչպես 2020-ին ներկայացված հայտարարագրում է։
Դրամական միջոցները կազմել են 1,500,000.00 ՀՀ դրամ, 1,000.00 եվրո, 3,000.00 ԱՄՆ դոլար։
2019 թվականին ներկայացրած հայտարարագրում որպես աշխատանքի վարձատրության, դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 6,865,738.00 ՀՀ դրամ։
Տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմել է 1,843,061.00 ՀՀ դրամ, 1,082,996.00 ՀՀ դրամ և 328,263.00 ՀՀ դրամ։
2019 թվականին Աննա Դանիբեկյանը դարձյալ չի հայտարարագրել ձեռք բերված և օտարված անշարժ գույք, տրանսպորտային միջոց, բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, պարտքային և այլ արժեթղթեր, ինչպես նաև ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք (թանկարժեք գույք)։
Աննա Դանիբեկյանին փոխկապակցված անձի վերաբերյալ տվյալներ հանձնաժողովի կայքում չկան։