Եկամտահարկով բնակարան գնելու ծրագիրը կարող է դադարեցվել
Հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը դադարեցնելու կամ դրանում առնվազն փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին իշխանության տարբեր հարթակներից սկսել են ավելի ու ավելի հաճախ խոսել։ 2018թ․-ին ծրագիրն արդեն իսկ մեկ անգամ ենթարկվել էր կտրուկ փոփոխության, երբ սկսեց գործել ձեռք բերվող գույքի արժեքի 55 միլիոն դրամի սահմանաչափը և դրանից բարձր արժողությամբ տան կամ բնակարանի համար եկամտահարկի փոխհատուցման ծրագիրը պարզապես դադարեց կիրառվել, իսկ յուրաքանչյուր անձին թույլատրվեց ծրագրից օգտվել ընդամենը մեկ անգամ։
Ստացվում է, որ հերթական անգամ, ականատեսն ենք դառնալու այն երևույթի, երբ նորօրյա իշխանություններն արդեն իսկ հաջողած ու իրապես քաղաքացուն միտված ծրագիրը դեֆորմացիայի են ենթարկելու կամ իսպառ չեղարկելու՝ փոխարենը չտալով որևէ այլընտրանք, որը գոնե ինչ-որ չափով կհամեմատվի նախորդի հետ՝ թե՛ ծավալով, և թե՛ արդյունավետությամբ։
Երբ 2015 թվականին մեկնարկեց եկամտահարկով հիպոթեքային վարկ ստանալու ծրագիրը, այն դրական արձագանք ստացավ՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ կառուցապատողների շրջանակում։ Ծրագրի գործունեության ավելի քան 5 տարվա արդյունքում նորակառույց շենքերում բնակարանների վաճառքի ծավալներն էապես աճեցին, բազմաթիվ մարդիկ դարձան նոր բնակարանի սեփականատեր, կառուցապատողներն ակտիվացրին իրենց աշխատանքը, բացվեցին նոր աշխատատեղեր, իսկ պետությանն էլ, բնականաբար, վճարվեցին ավելի շատ հարկեր։ Իսկ ի՞նչ կլինի, եթե իշխանություններն անակնկալ կերպով որոշեն դադարեցնել ծրագիրը։
Ժամանակից առաջ ընկնելով՝ անգամ կարելի է գուշակել, թե ինչպիսի ոչ հիմնավոր պատճառաբանություններ են բերվելու տվյալ որոշման նպատակահարմարությունն արդարացնելու համար․ առաջինը՝ այն, որ ծրագրից փաստացի չեն օգտվում բնակարանային կարիք ունեցողները, փոխարենը՝ վճարունակ անձինք, ովքեր, այսպես թե այնպես, կարող էին թույլ տալ իրենց հիպոթեքային վարկ ձևակերպել, երկրորդը՝ պետության բյուջեն այս ծրագրի պատճառով լուրջ վնասներ է կրում։ Ընդ որում, այս երկու թեզերն արդեն իսկ առաջ են բերել և՛ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, և՛ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ այս ծրագրում կատարվելիք փոփոխությունների մասին խոսելիս։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ եկամտահարկով ձևակերպված հիպոթեքային վարկի մարումն առավել շահավետ է գրանցված աշխատանք ունեցող միջին խավի քաղաքացիների համար, ովքեր իրենց իսկ աշխատանքի արդյունքում պետությանը վճարված հարկերից կարողանում են այս ծրագրի շրջանակում թույլ տալ բնակարան ձեռք բերել։ Այս ծրագրի շահառուները հիմնականում միջին եկամուտ ունեցողներն են, որոնց զգալի մասը նոր բնակարանի ձեռքբերման որոշումը կայացնում է ընտանիք կազմելու որոշմանը զուգահեռ։
Կարևոր է արձանագրել, սակայն, որ իշխանության նման որոշման պարագայում տուժելու են ոչ միայն՝ ծրագրի ապագա շահառուները, այլ նաև՝ այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ տվյալ ծրագրով ձեռք են բերել բնակարան և շարունակում են եկամտահարկով մարել հիպոթեքային վարկը։ Բանն այն է, որ չկա որևէ երաշխիք, որ ծրագրի դադարեցումը չի անդրադառնալու նաև այն անձանց վրա, ովքեր արդեն իսկ օգտվում են ծրագրից՝ ապագայի համար դադարեցնելով նրանց տրված եկամահարկից ազատումների մասով արտոնությունը։ Բուն ծրագրի և դրա շահառուների ճակատագիրն ամբողջությամբ կախված է պետության որոշումից, առկա չէ պետություն-վարկառու-բանկ եռակողմ պայմանագիր, հետևաբար՝ չկա որևէ զսպող հանգամանք, որով ներկայումս ծրագրից օգտվողներն ապահովագրված կլինեն ապագայում ջարդած տաշտակի առաջ մնալուց։
Պատկերացնենք, որ, օրինակ, անձը 2018 թվականին դարձել է ծրագրի շահառու, բնակարանի հիպոթեքային վարկը մարում է իր կողմից պետությանը վճարվող եկամտահարկից, տվյալ քաղաքացին չունի որևէ այլ հավելյալ եկամուտ կամ ազատ գումար, վարկի մարման ժամկետը 15 տարի է, եթե ոչ՝ ավելի։ Հիմա հարց՝ եթե ծրագրի դադարեցումն ունենա հետադարձ ուժ, ապա ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով է մնացած 13 տարիների ընթացքում փակելու այդ վարկը, եթե իրեն թույլ է տվել նման գնում կատարել՝ վստահ լինելով, որ տարիների ընթացքում իր արդար աշխատանքով կկարողանա իր տված հարկից վճարել այդ գումարը։ Որտեղի՞ց է հայթայթելու այդ գումարը՝ հավելյալ վարկ վերցնելո՞վ, թե՞ պարտք անելով, թե՞, ընդհանրապես, ի վիճակի չի լինի վճարել ու զրկվելու է բնակարանից էլ, մինչ այդ վճարված գումարն էլ ջուրն է գցելու։ Սա էլ իր հերթին՝ խնդրի առաջ կկանգնեցնի ողջ բանկային համակարգը, քանի որ հանգեցնելու է հիպոթեքային վարկերի մարումների ուշացման։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասում է, որ ծրագիրն այնքան է ծանրացնում բյուջեի բեռը, որ այլևս նպատակահարմար չէ ծրագիրն այս թափով գործարկելու համար։ Ծրագրում միայն 2019 թվականին ներգրավված է եղել 7152 շահառու: Այսինքն՝ 7152 քաղաքացի ձեռք է բերել 7152 բնակարան, որի արժեքը չի գերազանցել 55 միլիոն դրամը։ 2019 թվականին այս ծրագրով հիպոթեք վճարող քաղաքացիներին է վերադարձվել 7.9 միլիարդ դրամի եկամտային հարկ։ Համեմատության համար, օդում կախված լուրերի համաձայն, նույն 2019 թվականին բարձրաստիճան պաշտոնյաներին տրված պարգևավճարների հանրագումարը կազմել է մոտ 25 միլիարդ դրամ։
Խոսք է գնում նաև, որ նոր սահմանափակումներով այլևս թույլ չի տրվելու ձեռք բերել բնակարան այն նորակառույց շենքում, որը գտնվում է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Պարզ չէ, թե ինչու շահառուների շրջանակը նեղացնելու փոխարեն, պարզապես ընտրության տարբերակներն են սահմանափակում։ Այսպես թե այնպես, գործող 55 միլիոն դրամ սահմանաչափի պարագայում գրեթե անհնար է բնակարան գնել նորակառույց շենքից Կենտրոն վարչական շրջանում։ Իսկ եթե դրանով իբր թե փորձ է կատարվում լուծել Երևանի կենտրոնի գերբնակեցման հարցը, ապա միայն մնում է հերթական անգամ արձանագրել գործողությունների անտրամաբանության աննախադեպ մակարդակը։ Ինչու Երևանի կենտրոնի գերբնակեցման հարցը լուծելու միակ միջոցը դա՞ էր, այլ գործիքակազմ չկա՞ր։
Կարող ենք արդեն իսկ արձանագրել, որ կառավարության դժկամ վերաբերմունքն առ այս ծրագիր՝ ապացույցն է այն բանի, որ իշխանությունները չեն գնահատում և չեն ցանկանում աջակցել քաղաքացուն՝ տարատեսակ ոլորտներում օրինական աշխատանք իրականացնելու արդյունքում արդար քրտինքով վաստակած գումարով սեփական կենցաղը բարելավելու խնդիրը լուծելու հարցում՝ համարելով, որ այդ գումարը կարելի է ծախսել մեկ այլ՝ ավելի նպատակահարմար ուղղությամբ։