Մակրոնը Ժան Կաստեկսին նշանակել է վարչապետի պաշտոնում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է Ժան Կաստեկսին:
Այդ մասին հաղորդել է Ելիսեյան պալատը:ֆ
Պետության ղեկավարը նաեւ Կաստեկսին հանձնարարել է ձեւավորել կառավարություն: Կաստեկսն զբաղեցնում էր Պրադ քաղաքի (Ֆրանսիայի հարավի Արեւելյան Պիրենեյների դեպարտամենտ) քաղաքագլխի պաշտոնը:
Ապրիլին նրան հանձնարարել էին ղեկավարել կարանտինի ռեժիմից Ֆրանսիան դուրս բերելու գործընթացը, որը սահմանվել էր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Վարչապետի պաշտոնում նա կփոխարինի Էդուար Ֆիլիպին, որը պաշտոնաթող է եղել:
Harris Interactive ընկերության հարցման համաձայն, որը հունիսի 28-ին առցանց անցկացվել է 18-ից բարձր տարիքի 2 հազար 133 քաղաքացիների շրջանում, ֆրանսիացիների 55 տոկոսը ցանկացել է, որպեսզի Ֆիլիպը մնա վարչապետ, 44 տոկոսը դրան դեմ է, հարցման մյուս մասնակիցները ձեռնպահ են մնացել պատասխանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: