Կառավարությունը մնաց մենակ
Հասարակության շրջանում համատարած դժգոհություն կա գույքահարկի սպասվող բարձրացումից։ Չնայած դրան՝ «ժողովրդի իշխանությունը» մտադիր չէ լսել սեփական ժողովրդի ձայնը։ Արտակարգ դրության պայմաններում, առանց հանրային քննարկումների, հապշտապ բերեցին ու խորհրդարանում, հայտնի մեթոդներով, ընդունել տվեցին օրենքը։
Ընդունել տվեցին ու կրակը գցեցին ժողովրդին։ Բացի իշխանությունից՝ բոլորը դեմ են գույքահարկի փոփոխությանը։ Դեմ են անգամ նրանք, ովքեր խաղում են իշխանության դաշտում։ Ու դրա պատճառը միայն գույքահարկի փոփոխության առաջարկվող տարբերակը չէ. այսօր պարզապես գույքահարկը բարձրացնելու ժամանակը չէ։
Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ ճգնաժամի պայմաններում, երբ նվազում են մարդկանց ու տնտեսության եկամուտները, չի կարելի գնալ հարկային բեռի ծանրացման։ Կապ չունի, թե խոսքն ինչպիսի բարձրացման մասին է։ Ճգնաժամի պայմաններում անթույլատրելի է նույնիսկ 1000 դրամի հարկային ճնշման ավելացումը։ Ճգնաժամի պայմաններում հարկային բեռը ոչ թե բարձրացնում են, այլ ընդհակառակը՝ նվազեցնում են։
Որ գույքահարկի բազան պիտի վերանայվեր և փոխվեր՝ կասկածից դուրս է։ Բայց ինչպե՞ս կարելի էր նման լավ գաղափարն այդպես արժեզրկել։
Գույքահարկի վերանայման նախաձեռնությունը գալիս է ավելի հնից։ Ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, այս անգամ էլ կառավարությունը վերցրեց նախկինների «նետած ձեռնոցը» ու առանց հաշվարկելու դրա հետևանքները, առանց հաշվի առնելու, թե ներկա տնտեսական ու սոցիալական իրողությունների պայմաններում որքանով է նպատակահարմար գույքահարկի բեռի ավելացումը, որոշեց, որ հաջորդ տարվանից այն պետք է բարձրանա։ Եթե դա արվեր համավարակից առաջ, գուցե ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ։
Բայց ինչպե՞ս կարելի է նման քայլի գնալ այն պայմաններում, երբ համավարակը դարձել է երկրի ու ժողովրդի համար ազգային անվտանգության խնդիր, երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ է, երբ մարդիկ կորցնում են իրենց եկամուտները, երբ սոցիալական վիճակը երկրում օր օրի վատանում է։ Այսպիսի իրավիճակում մարդկանց հոգսերը թեթևացնելու փոխարեն՝ կառավարությունը գնում է գույքահարկի համատարած բարձրացման։
Սա բացահայտ արհամարհանք է ժողովրդի նկատմամբ, այն էլ՝ «ժողովրդի իշխանության» կողմից։
Իշխանություն, որը եկել էր ժողովրդի մատից փուշ հանելու համար։ Փուշը հանելու փոխարեն՝ ուզում է այն ավելի խորը մտցնել։ Կարծես այս ընթացքում այնքան են բարելավել ժողովրդի վիճակը, որ հիմա եկել է գոտիները ձգելու ժամանակը։
Արժե, իհարկե, գոտիները ձգել, բայց ոչ թե ժողովրդի, այլ իշխանության, որը նույնիսկ ճգնաժամի պայմաններում իրեն չի զրկում բարձր պարգևավճարներից։ Ոչինչ, որ այդ ընթացքում ժողովրդի մեջ գնալով ավելանում է օրվա հացի կարիք ունեցողների քանակը, աճում է գործազրկությունը, խորանում է աղքատությունը։ Այս ամենը քիչ է, կառավարությունը որոշել է ժողովրդի վրա մեծացնել ֆինանսական բեռը։
Այսօր ոչ մեկը չի կարողանում ասել, թե դեռ ինչքան պիտի շարունակվի համավարակի տարածումը, տնտեսական ու սոցիալական ճգնաժամը։ Թվում է, թե Հայաստանը փոքր երկիր է, և կարելի էր հնարավորինս քիչ կորուստներով հաղթահարել հումանիտար աղետը։ Բայց կառավարությունն ամեն ինչ այնպես խառնեց, որ հիմա անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից։ Գոնե այս փուլում ելքերը տեսանելի չեն։ Իշխանություններն իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում կամ ինչ են ուզում։ Մեկը մի բան է ասում, մյուս՝ մեկ այլ։
Իշխանություններն իրենց անկարողությամբ երկիրը հասցրեցին աղետի եզրին ու հիմա, փոխարենը մտածեն մարդկանց ինչ-որ կերպ օգնելու, սոցիալական դժվարությունները մեղմելու մասին, միայն հարկային բեռը բարձրացնելուց են խոսում։ Իսկ ո՞վ ասաց, որ հաջորդ տարի Հայաստանի տնտեսության վիճակն ավելի լավ է լինելու, իսկ մարդկանց եկամուտներն էլ ավելանալու են, որ այժմվանից օրենք ենք ընդունում՝ գույքային հարկի բեռը բարձրացնելու վերաբերյալ։ Տնտեսության մեջ դրական փոփոխությունների հեռանկարներ չեն երևում։ Տնտեսական անկումն առաջիկայում շարունակելու է խորանալ։ Իսկ դա նշանակում է, որ մարդիկ շարունակելու են կորցնել իրենց եկամուտները։
Եթե ընդամենը 2 ամիս առաջ կառավարությունը հույս ուներ տարին փակել 2 տոկոս տնտեսական անկումով, ապա այսօր արդեն կախատեսումներն ավելի հոռետեսական են։ Նման իրավիճակում ինչքան նաիվ պետք է լինել՝ մտածելու գույքահարկի բեռը բարձրացնելու մասին։
Հասկանալի է, որ կառավարությանը փող է պետք, ճգնաժամը խառնել է բոլոր ծրագրերը, դրանց իրականացումը հարցականի տակ է։ Բայց դա չի նշանակում, թե կարելի է գնալ այդպիսի չմտածված ու չկշռադատված քայլերի։
Զավեշտ է, երբ մի բան էլ արդարացնում են, թե իբր գույքահարկի փոփոխությամբ թեթևացրել են նախորդ տարի ընդունված հարակից օրենքներից մեկով ամրագրված բեռը։ Կարծես նախորդ օրենքն իրենք չեն ընդունել։
Նույն տրամաբանությամբ կարելի է օր ու մեջ հարկային բեռը բարձրացնել, հետո իջեցնել և ասել, թե ինչ մեծ լավություն են արել ժողովրդին։ Սա ճանապարհ չէ, որն ընտրել է օրվա իշխանությունը։ Ու դա նրան լավ տեղ չի տանելու։
Ի վերջո, գույքահարկի բարձրացումը սկզբից միտված էր դղյակների հարկմանը, բայց չգիտես ինչու՝ կառավարության ախորժակը հետո այնքան բացվեց, որ որոշեցին բոլորին բուռը հավաքել։ Նույնիսկ սոցիալական նշանակության շեմը վերացրեցին։ Ու կրկին պարզվում է՝ «ի օգուտ» ժողովրդի։ Ժողովրդին պետք է սովորեցնել հարկ վճարել, որպեսզի պատասխանատվություն զգա պետության ու պետական բյուջեի նկատմամբ։
Այս տրամաբանությամբ էլ իշխանությունները մտադիր են առաջիկայում շարունակել։ Սպասվում են հարկային նոր ու հետաքրքիր փոփոխություններ՝ կրկին «ժողովրդի օգտին»։
Հիմա արդեն ժողովուրդը լավ էլ հարկման օբյեկտ է։ Ու թող ոչ մեկը չմտածի, թե «ժողովրդի իշխանությունը» եկել է, որպեսզի այլևս թույլ չտա ժողովրդին տուգանվելու մատերիալ դարձնել։ Հիմա ոչ միայն կտուգանեն, ինչն այսօր կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, այլև տեղը տեղին կհարկեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ